ԱՎԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՔԱՆԴԵ՞Լ «ՆԵՄԵՍԻՍ»-Ի ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Մի հարցնող լինի. ինչո՞ւ է քաղաքապետարանը, ավերված թողնելով ԵրՄՄԳՀԻ-ի շենքի դիմացի նախկին պուրակի տարածքը, որոշում կայացրել 32 հեկտար տարածք զբաղեցնող Օղակաձև զբոսայգու վերակառուցման մասին: Որոշել են սկսել Սայաթ-Նովա փողոցի հատվածից մինչև Նալբանդյան փողոց, կառավարությունում արդեն պատրաստում են համապատասխան նախագիծը։

32 հեկտար տարածքը հատկացված է 6 զբոսայգիների։ Դրանցից մեկում անցած տարվա աշնանը՝ նախընտրական քարոզչության թեժ պահին տեղի ունեցավ «Նեմեսիս» գործողության (Նեմեսիսը հին հունական դիցարանում վրեժի աստվածուհին է) հերոսների հուշարձանի բացումը, որը սաստիկ զայրացրեց Էրդողանին։ Ավինյանն անձամբ բացեց այդ հուշարձանը, երբ Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում էր ՔՊ-ի ցուցակը, հիմա ինքն էլ ուզում է քանդել (կամ տեղափոխել), ինչը լիովին տեղավորվում է Անկարայի և Բաքվի հաճկատար խամաճիկային ռեժիմի քաղաքական գործելակերպում։

Քաղաքապետարանը չի ասում երևանցիներին, թե ինչ է կառուցվելու Օղակաձև զբոսայգու տեղում, չի բացատրում, թե ինչու պետք է ավերել տասնամյակներով կարգավորված ենթակառուցվածքը, երբ առջևում մի ամբողջ տաք սեզոն է։ Երևանցիները, ինչպես հայտնի է, հանգիստն անցկացնում են զբոսայգում, որտեղ գալիս են ընտանիքներով՝ սրճարաններում ժամանցը վայելելու, ճեմուղիներում զբոսնելու, կարուսել նստելու:

Պատճառը միանգամից կռահեցին շատերը. 6 հատվածներից բաղկացած Օղակաձև զբոսայգին ծրագրում են վերակառուցել, որպեսզի բուլդոզերով անցնեն «Նեմեսիս»-ի հերոսների հուշարձանի վրայով: Լավագույն դեպքում՝ որոշված է տեղափոխել դա մեկ այլ, պակաս մարդաշատ տեղ։ Օղակաձև զբոսայգու տարածքում տեղադրված են Իսահակյանի, Նալբանդյանի արձանները, Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա ստեղծված կոմպոզիցիան, Արմեն Տիգրանյանի հուշարձանը, իսկ եզրափակում է զբոսայգին Գրիբոյեդովի հուշարձանը, որը գտնվում է նախկին «Ռոսիա» կինոթատրոնի տարածքի հարևանությամբ: Չեմ զարմանա, եթե այդ հուշարձանները նույնպես չեն տեղավորվում քաղաքապետարանի «վիթխարի» ծրագրերի մեջ։

Ավինյանը քաղաքապետի պաշտոնում ընտրվել է միայն սեպտեմբերին։ Այդ ե՞րբ է մայրաքաղաքի այս նոր ավագանին հասցրել ուսումնասիրել իրավիճակը, նախանշել անելիքները, համաձայնեցնել երևանցիների սիրելի Օղակաձև զբոսայգու նորացման նախագծերը: Հանգստի գոտու ենթակառուցվածքը ոչնչացնելու որոշումն ընդունվել է առանց երևանցիներին տեղեկացնելու, թե ինչ է նախատեսվում կառուցել նախկին սրճարանների, ճեմուղիների, հուշարձանների, լողավազանների և խաղահրապարակների տեղում: Երևանցիների կարծիքը Ավինյանին չի հետաքրքրում. ո՞ւր կորավ «Ասեք՝ անենք» կարգախոսը։ Երևանցիները քաղաքապետին չեն ասել, որ ավերի քաղաքի կենտրոնում գտնվող Օղակաձև զբոսայգին։ Այսօր քաղաքացիներն ամեն կողմից գոչում են նրան, որ դադարեցնի ոտնձգությունը մայրաքաղաքի բնակիչների սիրելի հանգստի գոտու դեմ՝ հանուն անձնական հարստացման։

Հատուկ ուշադրության է արժանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը՝ թենիսի կորտերով, որոնք երբեք դատարկ չեն, միշտ բազմաթիվ այցելուներ կան։ Այնտեղ մարզումներ են անցկացնում «Արարատ» ակումբի անդամները։ Ո՞վ է վճռել, թե նպատակահարմար է քանդել թենիսի կորտերը։ Ըստ այդ նախաձեռնության հեղինակների՝ ի՞նչ է նպատակահարմար կառուցել դրանց տեղում: Հետաքրքիր հանգամանք. Դալմայի նախկին այգիների տեղում զբոսայգու կառուցման և կահավորման համար քաղաքապետարանը մասնագետներ է հրավիրել ԱՄԷ-ից, ինչը շատ տարօրինակ է, քանի որ Հայաստանն այն երկիրը չէ, որը հրավիրյալ ճարտարապետների կարիք ունի: Պատճառը պարզ է և ակնհայտ. հրավիրված մասնագետները կարող են «ատկատներ» ապահովել։ Հիշեցնեմ, որ Դալմայի այգիները մինչև 21-րդ դար պահպանված ուրարտական մշակույթի եզակի նմուշ են, որը վերացնողին կպատի ուրարտական թագավորներից մեկի անեծքը։ Սակայն վերադառնանք կորտերին, որտեղ ժամանակին թենիս է խաղացել հենց քաղաքապետը։ Դրանք գոյություն ունեն արդեն ավելի քան 66 տարի։

Ավինյանը ծրագրել է քանդել դրանք՝ վստահեցնելով, թե «Արարատ» ակումբը կտեղափոխեն այլ վայր։ Այդ «այլ» վայրում թենիսի կորտերի կառուցման համար ամիսներ, գուցեև տարիներ կպահանջվեն, ուստի ողջ այդ ընթացքում ակումբը զրկված կլինի մարզումներ անցկացնելու հնարավորությունից։ «Վիթխարի» ծրագրերի խորապատկերին առանձնակի զայրացնում է քաղաքապետարանի այն կարգախոսը, թե վերադարձնում է տարածքները երևանցիներին։ Իրականում քաղաքապետարանը նախատեսում է ոչնչացնել երևանցիների սիրելի հանգստի գոտին, որպեսզի էքսկավատորի տակ գցի ոչ միայն կորտերը, այլև «Նեմեսիս»-ի հերոսների հուշարձանը:

Ստորգետնյա անցումներով բաժանված Օղակաձև զբուսայգին մայրաքաղաքի նույնպիսի անքակտելի մասն է, ինչպիսիք են ԵրՄՄԳՀԻ մոտ գտնվող պուրակը, Կասկադը, Կարապի լիճը և այլն։ «Մերգելյանի այգին» վերածեցին ամայավայրի, ամիսներ շարունակ ոչինչ չեն կառուցում, իսկ հիմա հայտնի է դառնում, որ քաղաքապետարանը քանդելու է Օղակաձև զբոսայգին։ Ինչո՞ւ է Ավինյանը որոշել միանձնյա գործել, ինչո՞ւ ավագանու անդամները չեն փորձում համաձայնեցնել մայրաքաղաքի ենթակառուցվածքի քանդման ծրագրերը քաղաքի բնակիչների հետ, չէ՞ որ սա մեր քաղաքն է, այլ ոչ թե ավինյանների հոր տունը:

Մինչ Փաշինյանը փլուզում է բանակը, արդարադատության համակարգը, գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, Ավինյանը մայրաքաղաքի փլուզման ուղեգիծ է իրականացնում։ Սկզբում վերացրեցին Կասկադի կանաչ տարածքները, կտրեցին թթվածինը, հիմա էլ որոշել են վերացնել ոչ միայն կանաչ գոտին, այլև «Նեմեսիս»-ի հերոսների հուշարձանը։ Սա արդեն երկրորդ ոտնձգությունն է հուշարձանի դեմ. առաջինը, հիշեցնեմ, ձախողվեց հանրային կարծիքի ճնշման ներքո, հասարակական գործիչները նույնիսկ հերթապահում էին հուշարձանի մոտ, որպեսզի քաղաքային իշխանությունները գիշերային ժամերին չապամոնտաժեին այն:

Մասնագետները հավաստում են, որ ըստ գլխավոր հատակագծի՝ Օղակաձև զբոսայգին նախատեսված է սպորտով զբաղվելու և մարզական միջոցառումներ անցկացնելու համար: Հողահատվածների նշանակությունը քաղաքապետը չի կարող փոխել սեփական քմահաճույքով, հարկավոր են նախագծեր, ծրագիր, համայնքի ավագանու, այնուհետ նաև կառավարության համաձայնությունը: Դե, կառավարությունը չի խոչընդոտի. Փաշինյանն արագացված տեմպերով կազմաքանդում է պետությունը, բանն արդեն հասել է Մատենադարանին, որտեղ ռեժիմի պարագլխի դրածոն լուծարել է հին ձեռագրերի պատճենահանման բաժինը։ Այժմ հերթը հասել է «Նեմեսիս»-ի հերոսների հուշարձանին, այդ նպատակով «վերակառուցում» են ամբողջ Օղակաձև զբոսայգին։ Այլ կերպ ասած, մայրաքաղաքի կենտրոնում կլինեն նույնպիսի ավերակներ, ինչպիսիք այսօր ԵրՄՄԳՀԻ-ի մոտ գտնվող նախկին այգու տարածքում են։

Ուզում եմ մատնանշել գործողությունների սինքրոնությունը. բռնազավթված Արցախում ադրբեջանցիները ոչնչացնում են այն ամենը, ինչը կարող է մեկնաբանվել որպես «հայկական հետք»։ Երևանում տեղի է ունենում նույնը՝ Մատենադարանից մինչև երևանցիների սիրելի հանգստի գոտիներ և հերոսների հուշարձան, որոնք վրեժ են լուծել թուրք դահիճներից Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության համար: