Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ, ԵՎ ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ ԵՐԿԻՐԸ
Անցած հանգստյան օրերին համացանցում սկսեցին լայնորեն տարածել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեսպիսկոպոս Աջապահյանի ելույթը Գյումրիում «Ակունք» կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ։ Միայն Youtube-ում տեսանյութը 3 օրվա ընթացքում հավաքել է 105 000 դիտում։ Ապատիայով համակված հայ հասարակության շրջանում վաղուց չէր եղել նման հետաքրքրություն քաղաքական քննարկման նկատմամբ։
«ԱԽՏՈՐՈՇՄԱՆ» ՈՂՋ ԿՈՇՏՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՎԻՃԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՐՁ , որով Աջապահյանը բնորոշեց հայ ժողովրդի ներկայիս վիճակը, նրա ելույթը քննարկում սադրեց (բառի դրական իմաստով) ամենացավոտ, հրատապ և խորքային հարցերի վերաբերյալ, առանց որոնք հասկանալու անհնար է ելք գտնել ներկայիս իրավիճակից։ Արդեն հաջորդ օրը հայտնվեցին քաղաքական, հասարակական մի շարք գործիչների և փորձագետների մեկնաբանությունները, որոնցում նույնպես դրվում էին սուր և սկզբունքային հարցեր, արտահայտվում անհամաձայնություն, հնչում երբեմն չափազանց սուր քննադատություն կամ էլ, հակառակը, զարգացվում հոգևորականի արտահայտած մտքերը։
Մի խոսքով, սկսեց ծավալվել ակտիվ և լուրջ հասարակական քննարկում, որն այնքան անհրաժեշտ է, այսօրվա, արքեսպիսկոպոսի խոսքերով, «հիվանդ» ժողովրդին, որը գտնվում է երկրի ոչնչացման շեմին։ Բայց դա շատ կարճ տևեց։ Արդեն հաջորդ օրը մեդիադաշտը և սոցցանցերը հեղեղվեցին Ալեն Սիմոնյանի իբր առաջիկա հրաժարականի, ընտանեկան և կուսակցական խնդիրների, ՔՊ-ի ներկուսակցական գզվռտոցների,առանձին վերցրած նախարարությունում «կոռուպցիայի դեմ պայքարի», Սիմոնյանի ձերբակալված հարսի օգտին ստորագրահավաքի վերաբերյալ քննարկումներով, Երևանում տրանսպորտի գների թանկացման մասին տեղեկատվությամբ և այլն…
Իսկ որպես «բոնուս»՝ Սահմանադրության թեմայով, որն, ի դեպ, նույնպես վարպետությամբ օգտագործվում է իշխանության կողմից սեփական օրակարգն առաջ մղելու համար։
Դիտեք ամենահայտնի կայքերի վերջին 2-3 օրերի լրահոսը։ Քանի՞ անդրադարձ կգտնեք կորսված Արցախ-Հայրենիքին, ՀՀ տարածքի էական մասի գրեթե 3 տարի ձգվող բռնազավթմանը, Հայաստանի թուրքացման ու «արևմտյան ադրբեջանի» վերածման սողացող գործընթացին։ Բաքվում ապօրինի պահվող արցախյան առաջնորդներին, ինչն ինքնին այնպիսի աղաղակող փաստ է, որ լիովին գիտակցել դա անհնար է, պարզապես խելագարվել կարելի է։ Կա՞ անդրադարձ նրան, թե ինչպես են բարբարոսները ոչնչացնում Արցախի սրբությունները, ինչպես են բացեիբաց ոտնձգում Տաթևի, Հաղարծնի, Դիլիջանի, Էջմիածնի,Սևանի, Երևանի նկատմամբ, վերջապես։
Եվ այն ամենակարևորին, ինչի մասին խոսեց արքեպիսկոպոսը. ինչպես դուրս գալ այս վիճակից, ինչպես փրկել պետությունը, ազգը, հողերը, սրբությունները, արժեքները, ինքնությունը…
ԱՅԴ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿԵՆՏ ՄԱՐԴԻԿ։ ԻՍԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ, ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՆՐԱ ԱԶԳԱԿԱՆՈՒՀՈՒ , Քերոբյանի, Արշակյանի, Ավինյանի, ՔՊ-ում կարծեցյալ պառակտման, «կոռուպցիայի բացահայտման», Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի և այլ, տվյալ իրավիճակում բացարձակ անէական թեմաները քննարկում են հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ։ Հերթական, անհաշվելի անգամ հաստատելով, թե որքան հեշտ է Հայաստանում մանիպուլյացիայի ենթարկել զանգվածային գիտակցությունը, ճարպկորեն դեմ տալ մարդկանց փայլուն թղթով «ծամոնը»՝ քողարկելու, խլացնելու, աղճատելու համար այն ամենը, ինչն ունի խորքային իմաստ և կարևորագույն նշանակություն։ Եվ դրա հերթական հաստատումը տեղի ունեցավ հենց նույն օրը։
Միանգամից մի քանի ընդդիմադիր պատգամավորներ հաղորդեցին երկրի սահմանամերձ շրջաններում առկա տագնապալի երևույթների մասին, որոնք հայտնի են դարձել բացառապես տեղաբնակների ահազանգերի շնորհիվ։
Մեղրիում օպտիմալացման պատրվակով փակում են պետական հաստատությունները, առաջին ատյանի դատարանը, Կադաստրային կոմիտեի մասնաճյուղը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, փակվել է նաև արխիվը։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «"Է՞լ ինչ եք փակելու առաջիկայում. Մանկապարտեզներն ու դպրոցնե՞րը։ Ո՞րն է այս ամենի իրական նպատակը»,- հարց տվեց նա և ինքն էլ պատասխանեց. «Մեղրիում տարրական պայմանների և հիմնական ծառայությունների բացակայության պատճառով շատ ընտանիքներ տեղափոխվում են այլ քաղաքներ»։
Ինչպես պարզվում է, նույն կերպ պետական հաստատություններ են փակվում նաև այլ սահմանամերձ համայնքներում։ Թագուհի Թովմասյանը հայտնել է Ճամբարակի և Վարդենիսի բնակիչների ահազանգերի մասին, որոնց զայրացրել է անձնագրային սեղանների փակումը. «Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են։ Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»,- գրել է նա։
Նույնը խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ղազարյանը. «Չհիմնավորված օպտիմալացման պատրվակով փաստորեն մարդկանց խնդիրներն ու հոգսերը թեթևացնելու փոխարեն գործող իշխանությունները լրացուցիչ դժվարություններ են ստեղծում սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցների համար»։
ԹԵ ՈՐՔԱՆՈՎ Է ՏԱԳՆԱՊԱԼԻ ՆՇՎԱԾ ՄԻՏՈՒՄԸ, խոսելն ավելորդ է, ինչպեսև այն, թե ինչով է սպառնում սահմանամերձ գյուղերի և քաղաքների ամայացումը։ Ընդ որում այդ գործընթացը կատարվում է առավելագույն գաղտնիությամբ, առանց որևէ պաշտոնական հաղորդումների, ինչը լոկ հաստատում է տեղի ունեցողը ամենի ծայրահեղ վտանգավորության վերաբերյալ առանց այդ էլ հիմնավորված կասկածները։ Պատահական չէ, որ սոցցանցերում այդ թեմայով հազվադեպ քննարկումներում մարդիկ մեկնաբանում են հակիրճ ու արտահայտիչ. «Տալի՛ս է»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն օրերս նկատեց. «Մեր հասարակայնությանը կարծես թե նույնիսկ չի էլ հետաքրքրում, թե ինչ է հիմա տեղի ունենում օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում»։ Հավելենք. մեր մայրաքաղաքային հասարակայնությանը չի հետաքրքրում նույնիսկ, թե ինչ է կատարվում Երևանի սահմաններից դուրս, այդ թվում նաև սահմանամերձ գոտում։ Ինչից շատ ճարպկորեն օգտվում են իշխանությունները. ինչ-ինչ, բայց հասարակական գիտակցությունը պարզունակ մանիպուլյացիայի ենթարկելու հնարքներին դավաճանների ոհմակն արդեն տիրապետում է կատարելապես։
Ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ տեխնոլոգիաներ չես անվանի. անհրաժեշտ պահին հասարակական քննարկման են արտանետվում միանգամից մի քանի աշխարհիկ բամբասանքներ՝ համեմված նրբին մանրամասներով, և արդյունքում իրոք նշանակալի, գոյաբանական թեմաները վայրկենապես հետ են մղվում երկրորդ, երրորդ պլան, կամ էլ առհասարակ անհետանում հասարակական ուշադրության և հետաքրքրության դաշտից։ Ամենացավալին այն է, որ դա ձգվում է 6 տարի և, դատելով ըստ ամենայնի, շարունակվելու է նաև այսուհետ, թեև մասնագետները բազմիցս գրել և նախազգուշացրել են այդօրինակ մանիպուլյացիաների վտանգավորության մասին։
Արդյոք սա՞ չէ այն հիվանդության ախտանշանը կամ գլխավոր ախտանիշներից մեկը, որն այդչափ անխնա հաստագրեց արքեպիսկոպոս Աջապահյանը։