ԿԽՄԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎՏԱՐՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՎՐՁՆԱՀԱՐՎԱԾԸ
Բաքվի ԶԼՄ-ները համերաշխ ծանուցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի փակման մասին, իսկ ավտորիտար ռեժիմի ձեռնասուն գաղափարախոսները ոչ պակաս համախմբված ու ակտիվորեն սկսեցին ցեխ շպրտել միջազգային այդ կազմակերպության վրա, որն իր մարդասիրական առաքելությունն իրականացնում է ողջ աշխարհում ՝ հավատարիմ մնալով չեզոքության և անկողմնակալության սկզբունքներին։
ԻՆՉՈ՞Վ ՉԻ ԳՈՀԱՑՐԵԼ ԿԽՄԿ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ։ Միանգամից նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը Բաքվի ռեժիմի համար միշտ աչքի փուշ է եղել։ Բացի այն, որ գործել է ինքնուրույն և անկախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացնելով տարբեր, հաճախ կենսական անհրաժեշտության մարդասիրական ծրագրեր, ուղղված Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի մշտական ագրեսիվ պատերազմների կործանարար հետևանքների չեզոքացմանն ու մեղմացմանը, ԿԽՄԿ-ն փաստացի միակ միջազգային կազմակերպությունն էր դե ֆակտո հանրապետությունում, որ խանգարում էր ադրբեջանական իշխանությունների ձգտմանը՝ աշխարհից իսպառ մեկուսացնելու այդ երկրամասը և վերածելու այն գորշ գոտու, իսկ ավելի ճիշտ, ինչպես ժամանակին արտահայտվել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ «սև խոռոչի, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները»: Եվ պատահական չէ, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի առաքելությունը մշտապես գտնվել է Բաքվի քարոզչամեքենայի թիրախում։
Միջազգային այս կազմակերպության վարկաբեկման փորձերն առանձնակի ակտիվացան 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Բաքվի կեղծ բնապահպանների կողմից «կյանքի ճանապարհի»՝ Լաչինի (Բերձորի) միջանցքի արգելափակումից հետո։ Խոչընդոտելով Կարմիր Խաչի բնականոն գործունեությանը՝ Արցախի բազմամսյա շրջափակումը կազմակերպած Բաքվի ռեժիմը պարբերաբար ձեռնարկում էր նաև բացահայտ սադրանքներ ԿԽՄԿ աշխատակիցների նկատմամբ, որոնք փորձում էին անաչառ կերպով իրականացնել իրենց առաքելությունը: Այդօրինակ ամենացինիկ ակցիան 2023 թվականի հուլիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումն էր Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետում։ Սրտի հիվանդությամբ տառապող ԼՂՀ քաղաքացուն ԿԽՄԿ-ի մեքենայով դստեր ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստանի բուժհաստատություններից մեկը։
Ներկայացնելով միջազգային հումանիտար իրավունքի այս կոպտագույն խախտման մանրամասները՝ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշեց հետևյալը. «Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից»։
Ահա այսպես՝ ադրբեջանական (իմա ՝ բարբարոսական) լավագույն ավանդույթներով։ Ոչ միայն դուրս հրեցին միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցչին մեքենայից, այլև, ըստ էության, թքեցին միջազգային հանրության երեսին։
Իսկ արդեն անցած տարվա օգոստոսի վերջին Բաքվի ռեժիմը բացահայտ փորձ ձեռնարկեց դուրս մղելու կազմակերպությանը Լեռնային Ղարաբաղից և փոխարինելու Կարմիր մահիկով ՝ վերջինիս մեքենաներով չհամաձայնեցված «մարդասիրական բեռ» ուղարկելով Աղդամ (Ակնա) – Ստեփանակերտ երթուղով։ Ասենք, տվյալ սադրանքը որքան որ ցինիկ ու լկտի էր, նույնքան էլ պարզունակ ու անխոհեմ։
Նախ՝ իր այդ քայլով պաշտոնական Բաքուն հաստատեց Արցախի պաշարման փաստը, որի նպատակը 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելն ու ընկճելն էր՝ հասնելով կա՛մ լիակատար բռնի հնազանդեցման հանցավոր բռնապետական վարչակարգին, կա՛մ իր բազմադարյա Հայրենիքից մարդկանց վտարման։
Երկրորդ՝ ի՞նչ «մարդասիրական օգնություն» կարող է գալ բացահայտ թշնամուց։ Այն թշնամուց, որը «օգնությանը» զուգահեռ շարունակում է վիրավորել, սպառնալ, առևանգել, սպանել (այդ թվում՝ արհեստականորեն ստեղծած սովի միջոցով) խաղաղ մարդկանց. ..
Երրորդ՝ այդ ինչո՞ւ հանկարծ «մարդասիրական» մղումով տոգորվեց թշնամին, որն արդեն 9 ամիս շարունակ միջնադարյան շրջափակման մեջ էր պահում Արցախը, տանջելով ու սովամահ անելով մի ամբողջ ժողովրդի, այդ թվում՝ ավելի քան 30 հազար երեխաների…
Ավելին, ինչպես նշեցինք վերը, «մարդասիրական բեռը» ուղարկվել էր Կարմիր մահիկի բեռնատարներով, ինչն ինքնին արդեն բացառում էր Արցախի քրիստոնյա ժողովրդին «օգնելու» արժանահավատությունը և բացահայտում դրա իրական նպատակները:
Կարմիր խաչը Կարմիր մահիկով փոխարինելու բուն փորձը, անկասկած, մտնում էր երկրամասի հայաթափման և ապաքրիստոնեացման ընդհանուր ծրագրի մեջ, ինչն էլ ապացուցվեց այդ սադրանքից մեկ ամիս էլ չանցած...
Այսօր, սեպտեմբերյան լայնածավալ զինված հարձակումից և էթնիկ զտումներից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում մնացել են ընդամենը մի քանի հայեր (հիմնականում իրենց տներից դուրս չեկող հիվանդներ, միայնակ մարդիկ), Կարմիր խաչի աշխատակիցները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի նրանք չմահանան սովից ու հիվանդություններից, շարունակում են փնտրել թշնամիներով շրջապատված, ամայի քաղաքներում ու գյուղերում սնունդ որոնող կատաղած շների մեջ հայտնված անօգնական դժբախտ մարդկանց և փրկել նրանց: Եվ վերին աստիճանի մարդասիրական այդ աշխատանքը Բաքվի գաղափարախոսները ներկայացնում են իբրև «երկրի ինքնիշխանության խախտում» և «գաղտնի համագործակցություն Ղարաբաղում անջատողականների հետ»։
Մինչդեռ ակնհայտ է, որ խնդիրը բոլորովին այլ է։ Այն խորապատկերին, երբ Արցախի ժամանակավորապես բռնազավթված տարածքներում համատարած ջնջվում է հայկական բազմադարյա հետքը, ոչնչացվում և պղծվում են պատմական հուշարձանները, քանդվում են տաճարների գմբեթների խաչերը, սև խոռոչի վերածված տարածաշրջանում ԿԽՄԿ-ի՝ միակ միջազգային կազմակերպության և, հետևաբար, անթիվ հանցագործությունների ակամա վկայի ներկայությունը խիստ անցանկալի է ալիևյան ռեժիմի համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վտարումը ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքից, Բաքվի իշխանավորների մտահղացմամբ, կդառնա Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերջին վրձնահարվածը և կօգնի սպանել իր Հայրենիք արժանապատիվ ու երաշխավորված վերադարձի բնիկ արցախահայության վերջին հույսը: