Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Նոր Սահմանադրություն ընդունելու հիմնական պատճառն արտաքին քաղաքական է, ներկայիս սահմանադրական ամբողջ գործընթացը շատ վտանգավոր է, Armenia Today-ին մեկնաբանել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների մտադրությանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում, որպես կանոն, սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են եղել ներքաղաքական պատճառներով, բայց այս անգամ ակնհայտորեն արտաքին քաղաքական դրդապատճառներ կան։

«Մենք Ալիևի կողմից լսում ենք հայտարարություններ, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի իր Անկախության հռչակագրից, ամբողջությամբ փոխի նորմատիվային բազան, այդ թվում՝ անտանգության ռազմավարությունը։ Ալիևն ասում է՝ «եթե Հայաստանը Սահմանադրությունը չփոխեց, խաղաղություն չի լինելու»՝ հաստատելով, որ Հայաստանին պատերազմով է սպառնում։ Հաջորդիվ Փաշինյանից լսում ենք նույն ձևի և նույնաբովանդակ հայտարարություններ։ Նա ասում է, որ եթե Հայաստանը Սահմանադրությունը չփոխի, խաղաղություն չի լինելու։ Այսինքն՝ Սահմանադրության փոփոխությունը պայմանավորում է արտաքին քաղաքական պատճառներով՝ ամբողջությամբ ընդունելով Ալիևի տրամաբանությունը, այն քարոզելով հայ հասարակությանը»,- ընդգծել է քաղաքագետը։

Միքայելյանի դիտարկմամբ՝ նոր Սահմանադրության դեպքում ներքաղաքական ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք իշխանության ամրապնդում են ենթադրելու, նորից արտաքին քաղաքական դրդապատճառներ են ունենալու։

«Վերջնանպատակը կապիտուլյացիայի հաստատումն է, կապիտուլյացիայի հասցրած իշխանության ամրապնդումը»,- հավելել է նա։

Հարցին՝ որքանո՞վ լեգիտիմ կլինի արտաքին պահանջով ընդունված Հայաստանի նոր Սահմանադրությունը, քաղաքագետը նշել է, որ մայր օրենքի լեգիտիմության խնդիր միշտ է եղել Հայաստանում։

«1995 թվականից սկսած Հայաստանի բոլոր Սահմանադրություններն այս կամ այն ձևով արտացոլել են արտաքին պահանջները, մյուս կողմից՝ ինչ-որ առումով այլ երկրների Սահմանադրությունների պատճենն են հանդիսացել։ 1995-ին, օրինակ, եղել է Ֆրանսիայի Սահմանադրությունը, 2015-ին՝ Գերմանիայինը։ Ավելին՝ միշտ եղել է լեգիտիմության խնդիր, որովհետև սահմանադրական բոլոր հանրաքվեները կեղծվել են։ Այժմ, սակայն, խնդիրը շատ ավելի մեծ է լինելու այս անգամ Սահմանադրությունը գրվում է ոչ միայն արտաքին պահանջով, այլ զգալիորեն գրվում է դրսում։ Բաքվի պահանջներն անմիջապես ուղարկվում են Հայաստան, ու Բաքուն պահանջում է այդ դրույթները դնել Հայաստանի նորմատիվային բազայի հիմքում։ Ընդ որում՝ նոր Սահմանադրություն ընդունելը ոչ թե Բաքվի պահանջով, այլ պարտադրանքով է»,- նշել է քաղաքագետը։

Միքայելյանի խոսքով՝ այս անգամ ոչ թե Սահմանադրության լեգիտիմության, փաստաթղթի տեքստի կամ բովանդակության, այլ ամբողջ պետական համակարգի խնդիր է դրված։

«Այսինքն, Հայաստանի Հանրապետության լեգիտիմության հարցն է դրվելու։ Սա գիտակցում են իշխանություններն ու հաստատում, որ ուզում են «Հայաստանի 3-րդ Հանրապետության էջը փակել ու 4-րդ Հանրապետության մասին խոսել»։ Հիմա խոսքը պետականության լեգիտիմության մասն է»,- հավելել է նա։

Թե արտաքին ճնշման տակ Սահմանադրության ընդունումն ի՞նչ հետևանքների կհանգեցնի ՀՀ ինքնիշխանության տեսանկյունից, քաղաքագետը նշել է, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն խնդիրներ ունենք։

«Եթե, ամեն դեպքում, Ադրբեջանի պարտադրանքով նման փաստաթուղթ ընդունվի, ապա Հայաստանը, միանշանակ, Ադրբեջանի և Թուրքիայի կլիենտ պետության կվերածվի։ Այսինքն՝ Թուրքիան այս պարագայում լինում է ինքնիշխան պետություն, Ադրբեջանը՝ Թուրքիայի կլիենտ, բայց դաշնակից պետություն, իսկ Հայաստանը՝ թշնամի կլիենտ պետություն։ Մեծ հաշվով՝ Ադրբեջանը, Հայաստանի պետական համակարգի ձեռքերով, հակահայկական քաղաքականություն է իրականացնելու, ինչի նշույլներն արդեն տեսնում ենք՝ հաշվի առնելով եկեղեցու նկատմամբ քաղաքականությունը, դասագրքերի փոփոխությունը»,- ասում նա՝ ընդգծելով նաև անվտագության ուղղության մասին։

Ըստ Միքայելյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման դեպքում ՌԴ-ի, Իրանի հետ հարաբերությունները կվատթարանան, Ֆրանսիայի հետ՝ կխզվեն։ Այդ դեպքում, ըստ նրա, Հայաստանը բոլորից մեկուսացած վիճակում է լինելու ու ամբողջությամբ կախված է լինելու Թուրքիայից և Ադրբեջանից։ Քաղաքագետի կարծիքով՝ հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունել չի հաջողվելու, եթե, իհարկե, այն կեղծելու փորձ չլինի։

«Նոր Սահմանադրություն ընդունելու միակ տարբերակը հանրաքվեն է։ Հանրաքվեին 25 տոկոսից ոչ պակաս ընտրող պետք է մասնակցի, որից առնվազն կեսը պետք է քվեարկի, բայց անգամ սա բավարարել հնարավոր չէ՝ հաշվի առնելով իշխանության վարկանիշը, սոցոլոգիական տոկոսները։ Անգամ լայնածավալ քարոզչությունը, Ադրբեջանի ճնշումը չեն կարող ցանկալի արդյունք ապահովել»,- կարծում է քաղաքագետը։

Այս անգամ, ըստ նրա, կեղծիքների ռիսկ կա, բայց երկրորդ ու ավելի մեծ ռիսկ կա։

«Եթե Փաշինյանի և Ալիևի ցանկությունները չիրականանան ու Սահմանադրությունը չփոխվի, ապա, հնարավոր է, այս գործընթացը պատերազմով վերջանա։ Երբ Փաշինյանը հայտարում է, որ այսօրվա սահմանադրական կարգով Հայաստանը դատապարտված է պատերազմի, Ադրբեջանը դա որպես առիթ կարող է օգտագործել և ասել, որ հայ ժողովուրդը խաղաղություն չի ուզում, պետք է պատերազմ սկսել։ Այն մարդիկ, ովքեր կապիտուլյացիայի կողմնակից են, հայտարարելու են, որ, այո՛, պետք է Սահմանադրություն փոխել, քանի որ հակառակ պարագայում՝ պատերազմ է լինելու։ Առհասարակ, սահմանադրական այս ամբողջ գործընթացը շատ վտանգավոր ֆոն է, այն ինքնին պատերազմի վտանգ է ստեղծում»,- եզրափակել է քաղաքագետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։

Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։ Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։

Աննա Բադալյան, Armenia Today