ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՉԻ ԱՍԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական Thе Telegraph-ին։ Առհասարակ նա երբեք խոսքի տակ չի մնացել, բայց իշխանավարման տարիներին ավելի է հմտացել նրբաբնույթ հարցերից խույս տալու գործում։
Հարցազրույցի թերևս ամենացուցանշական պահն այն է, երբ Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բախման մեջ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»։ Դուր է գալիս մեզ, թե ոչ, բայց Փաշինյանն է ներկայացնում պաշտոնական Երևանը, և այդպիսին է նրա դիրքորոշումը։
ԲԱՅՑ ՆՐԱ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱ ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ, որին կանդրադառնանք, նախապես նշելով Մարիա Զախարովայի հայտարարությունը փետրվարի 8-ի ճեպազրույցում։ ՌԴ ԱԳՆ խոսնակը, շոշափելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, հիշեցրեց, որ «Հայաստանը և Ռուսաստանը միմյանց հանդեպ պարտավորություններ ունեն, ներառյալ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ապահովումը»։ Նաև ընդգծեց, որ «Հնարավոր ագրեսիայի դեպքում Երևանը գտնվում է նաև անվտանգության հավաքական երաշխիքների ներքո՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»։
Վերադառնանք Փաշինյանի հայտարարությանը։ Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի առջև, «ներառյալ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ապահովում»։ Այլև Հայաստանն էլ նման պարտավորություններ ունի Ռուսաստանի նկատմամբ. դրանք երկկողմ պարտավորություններ են։ Իսկ մյուս հետաքրքիր պահն այն է, որ ոչ միայն Ռուսաստանն է ՀԱՊԿ-ի անդամ և դրա հետ կապված որոշակի պարտավորություններ ունի գործընկերների հանդեպ, այլև Հայաստանն է ՀԱՊԿ-ի անդամ… Դուր է գալիս դա որևէ մեկին, թե ոչ, ճիշտ է դա, թե ոչ, բայց Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ինչպես երկկողմ պարտավորությունների առումով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում։
Անցնենք առաջ։ Դուր է գալիս ոմանց, թե ոչ, բայց Մոսկվան համարում է, որ Ուկրաինայի (ավելի լայն առումով՝ Արևմուտքի) հետ բախման մեջ մարտական գործողություններն ընթանում են Ռուսաստանի տարածքում, քանզի Դոնբասը, Լուգանսկը, Զապորոժյեն և Խերսոնը Ռուսաստանի մասն են դարձել հայտնի իրադարձություններից հետո։ Դուր է գալիս, թե դուր չի գալիս, բայց Մոսկվան համարում է, որ ագրեսորը Ուկրաինան է, իսկ Ռուսաստանը ստիպված էր պաշտպան կանգնել Դոնբասի և Լուգանսկի բնակիչներին։
Բայց, ինչպես տեսնում ենք, պարտավորություններ ունենալով Ռուսաստանի առջև, Երևանը, ասենք՝ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրները ևս, ոչ միայն չեն մասնակցում Դոնբասի ազատագրման համար Ռուսաստանի մղած պատերազմին, որն ընթանում է ոչ երկու օր, այլ արդեն երկու տարի, այլև հանդես չեն գալիս Ուկրաինային դատապարտող հայտարարություններով։ Իսկ Երևանը, լինելով Ռուսաստանի դաշնակիցը ինչպես երկկողմ պարտավորությունների առումով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում, Փաշինյանի շուրթերով ուղղակիորեն ասում է, թե այդ հարցում «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»։
Շատ ավելի ցուցանշական է այն, որ Մոսկվան հիմար հայտարարություններ չի անում, որ Երևանը դավաճանել է Մոսկվային, որ անվտանգության հին համակարգը չի գործում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Ռուսաստանից…
Ինչո՞ւ Մոսկվան դա չի անում։ Որովհետև միջազգային պայմանագրերը, պարտավորությունները կարևոր են, բայց գոյություն ունի նաև այնպիսի հասկացություն, ինչպիսին իրական քաղաքականությունն է։ Եվ, ներող կլինեք նույնաբանության համար, բայց իրական քաղաքականությունը պետք է կառուցվի միայն առկա իրողությունների հաշվառումով։
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՐՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ, թե Հայաստանի համար որքան շատ բան է կախված դրանից, ուստի Երևանից չեն պահանջում կանխահայտ անհնարին մասնակցություն Ուկրաինայի հետ հակամարտությանը։
Իսկ այ Փաշինյանը անդադար շարունակում է արտահայտել իր վիրավորանքը, որ ՀԱՊԿ-ի երկրները չդատապարտեցին Ադրբեջանին և օգնություն չցուցաբերեցին Երևանին, չնայած նրան, որ այդ երկրներից մի քանիսի հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ ավելի արդյունավետ են, քան Հայաստանի հետ։ Փաշինյանը նեղանում է, որ Ալիևի ընկեր Լուկաշենկոն չդատապարտեց իր ընկերոջ գործողությունները…
Բայց ՀԱՊԿ-ի անդամ երկրները գոնե պատրաստ են Երևանին օգնել ռազմատեխնիկական առումով, պատրաստ են դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման և Փաշինյանի պես հայտարարություններ չեն անում, թե Հայաստանի դաշնակիցը չեն Ադրբեջանի հետ հակամարտության մեջ… Ավելին, մի շարք երկրների ղեկավարներ, ինչպես վերջերս խոստովանեց Ալիևը, դրդում են իրեն հետ քաշել զորքերը Հայաստանի տարածքում զբաղեցրած դիրքերից։
Ավելին, ՀԱՊԿ-ի առաջատար երկիր Ռուսաստանը ՌԴ ԱԳՆ խոսնակի շուրթերով ընդգծում է Մոսկվայի պարտավորությունները Երևանի հանդեպ՝ ինչպես երկկողմ պարտավորությունների, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի անվտանգության ապահովման առումով։ Սթափ դատող մարդիկ հասկանում են, որ հայկական քաղաքական շրջանակներում այնքան հաճախ քննադատվող Զախարովայի այդօրինակ հայտարարությունը Հայաստանի անվտանգության իրական ապահովման տեսանկյունից շատ ավելի նշանակալի է, քան բրյուսելյան բազմապիսի ճամարտակություններն ու ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումը։ Ճիշտ է, Փաշինյանն այդ մասին չի ասի, նա նեղացած է…
Որպես ամփոփում. սա ասում ենք նրա համար, որ նախքան ինչ-որ մեկին մեղադրելը, չէր խանգարի գնահատել իրավիճակը գործընկեր երկրի աչքերով։ Բավական օգտակար զբաղմունք է։