ՉՈՐՍ ՍՊԱՆՎԱԾՆԵՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայկական կողմից կրակոց է եղել և վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խոնարհաբար ընդունեց ի գիտություն, խոստանալով պարզել, և եթե ամեն ինչ այդպես է, պատժել մեղավորին։ Ադրբեջանի ՊՆ-ն չսպասեց, անցկացրեց «Հատուցում» գործողությունը։ Սպանված են չորս հայ զինծառայողներ, կա նաև վիրավոր։ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունեց, որ գործողություն է անցկացրել և նախազգուշացրեց, որ եթե մեր կողմից մեկնումեկը կրակի, ապա հաջորդ անգամ ավելի վատ կլինի…

ՀԻՇՈՒՄ ԵՄ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԵԾ ԲԱՐԵՓՈԻՉ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ պարծենում էր սահմանում տիրող հանգստությամբ։ Հիշում եմ, Տիգրան Ավինյանը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ պարծենում էր հայկական բանակի նոր հայրենական սպառազինությամբ։ Հիշում եմ, Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե հայ-ադրբեջանական սահմանը պետք է պաշտպանեն սահմանապահները, և ընդհանրապես մենք արդեն անցել ենք պրոֆեսիոնալ բանակի։ Հիշում եմ, իշխող թիմի քարոզչամեքենան սիրում է պատմել հայկական հատուկ նշանակության ջոկատների մարզավարժանքների մասին։

Սա ասում ենք նրա համար, որ, ինչպես պարզվեց, ադրբեջանական բանակի հարվածի տակ ընկած դիրքում ծառայություն են իրականացնում «Երկրապահ» հասարակական կազմակերպության կամավորները։ Այն դիրքը, ինչպես հաղորդեց ՀՀ ՊՆ-ն, գտնվում է Ներքին Հանդ բնակավայրի մոտ, իսկ գնդակոծվել է ադրբեջանական այն դիրքերից, որ ավելի վաղ նրանք զբաղեցրել են մեր տարածքում։

Եվ ահա որոշ անգիտակից լրագրողներ հարց են տալիս. «Սահմանին մերձակա դիրքում, այն էլ բնակավայրի մոտ, այդ ինչո՞ւ են ծառայություն իրականացնում հասարակական կազմակերպության կամավորները։ Ո՞ւր էին կորել սահմանապահները։ Որտե՞ղ են Պապիկյանի բարեփոխած հատուկ ջոկատայինները։ Ո՞ւր է չքացել, վերջապես, «4-5-րդ սերնդի» զենքը, որի մասին վերջերս շեփորում էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Կարծում ենք, որ սրանք շատ անլուրջ հարցեր են, սադրիչ հարցեր, որոնք միտված են միայն նրան, որ վարկաբեկեն Փաշինյան-Պապիկյանի իշխանությունը, նրանց դարակազմիկ բարեփոխումները։ Քազի բոլորը գիտեն, թե չորս երկրապահների սպանության պահին որտեղ էր 4-5-րդ սերնդի զենքով, հնդկական ծանր հրանոթներով և ֆրանսիական զրահամեքենաներով զինված հայկական պրոֆեսիոնալ բանակը։ Անցնում էր Պապիկյանի անվան ատեստավորումը…

Եվ առավելևս բոլորովին տեղին չեն խոսակցություններն այն մասին, որ հայկական կողմը ոչ մի կերպ չարձագանքեց։ Հատուկ հանձնարարություններով Փաշինյանի դեսպան Էդմոն Մարուքյանը Х-ի իր միկրոբլոգում արդեն ահարկու գրառում է արել, աշխարհով մեկ հայտարարելով, որ Ադրբեջանը շարունակում է իր ապօրինի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Գրառումը շատ խիստ է։ Մարուքյանն Ադրբեջանի գործողություններն անվանել է զազրելի և չսադրված, հենց այդպես էլ ասել է, և մենք պարզապես վստահ ենք, որ ԵՄ-ի դիտորդական առաքելության լրտեսները անպայման կկարդան դա։ Կեցցե՛ս, Էդմոն Մարուքյան։