ԼՈՒԾԱՐՈՒՄ ԱԼԻԵՎՅԱՆ ՁԵՎՈՎ
Ինչպես որ առհասարակ միշտ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ Մյունխենում, Ալիևը նստած է քամահրալից ժպիտով։ Իսկ ինչո՞ւ ոչ, եթե գիտի, որ ամեն ինչ ընթանում է իր սցենարով։
ԻՆՉԻ՞ ՀԱՍԱՎ ԱԼԻԵՎՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ։ Համաձայնության, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն այսուհետ կարգավորվում են առանց միջնորդների։ Այդ մասին նա ասաց ԵԱՀԿ գործող նախագահին, առաջարկելով վերջինիս պաշտոնապես լուծարել Մինսկի խումբը և կրճատել ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Այն պայմանով, որ բովանդակալից քննարկումներն իր ու Փաշինյանի միջև ընթանան երկկողմ ձևաչափով՝ Ալիևը համաձայնեց նաև մասնակցել այն հանդիպմանը, որը բացեց Օլաֆ Շոլցը, բայց այնուհետ հեռացավ, խեղճ Փաշինյանին մենակ թողնելով Ալիևի հետ։
Ալիևի ինչի՞ն են պետք միջնորդները։ Այդ հարցում Ալիևն ինչ ուզում՝ անում է։ Գործ ունենք բանակցային հարթակների դասական լուծարման հետ՝ ալիևյան ձևով։
Սկզբում Ալիևը Փաշինյանի վզին փաթաթեց արևմտյան հարթակը։ Քանզի 44-օրյա պատերազմից հետո մոսկովյան հարթակում առաջարկում էին հետագային թողնել Արցախի կարգավիճակի հարցը։ Իսկ այ, արմտյան հարթակը՝ ի դեմս Միշելի և Մակրոնի, առաջարկում էր Փաշինյանին ընդհանրապես հրաժարվել կարգավիճակի վերաբերյալ որևէ հարցերից, ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, որպեսզի ռուսները չկարողանան միջնորդի դեր խաղալ։ Փաշինյանը համաձայնեց։ Մոսկվան որոշեց, որ նման պայմաններում հիմարություն կլինի, որ Հայաստանի փոխարեն ինքը պահանջներ ներկայացնի Ադրբեջանին և…կատարվեց այն, ինչ կատարվեց։
Բայց հիմա արդեն արևմտյան հարթակը Ալիևին պետք չէ։ Նա չգնաց Գրանադա, որտեղ ունեցած հանդիպումների արդյունքներով այնքա՜ն հպարտանում էին Փաշինյանն ու իր աշխատակազմի ղեկավարը։ Իսկ ի՞նչ կար հպարտանալու։ Մակրոնի, Միշելի, Շոլցի և Փաշինյանի ընդունած գրանադյան փաստաթուղթը որևէ էական նշանակություն չունի և հետաքրքրություն կարող է ներկայացնել միայն նրանց համար, ովքեր ապագայում կուսումնասիրեն Հայաստանի շահերը Ադրբեջանին ու Թուրքիային հանձնելու բանակցային գործընթացը։
Մոսկովյան բանակցային հարթակով էլ Ալիևը առանձնապես ոգևորված չէ, որովհետև Մոսկվան ժամանակ առ ժամանակ բարձրացնում է արցախցիներին հայրենիք վերադարձնելու հարցը՝ նրանց իրավունքների ու անվտանգության պահպանումով։
Իսկ այ, Փաշինյանի հետ երկկողմ բանակցությունների հարթակը լիովին ձեռնտու է Ալիևին, քանզի Փաշինյանը ոչ մի հարց չի բարձրացնում։ Ո՛չ արցախցիների վերադարձի, ո՛չ նրանց իրավունքների ու անվտանգության, ո՛չ պատանդների ազատման, ո՛չ էլ զորքերի դուրսբերման առնչությամբ։ Այդ մասին կարելի է դատել թեկուզ մամուլի պաշտոնական հաղորդագրություններից։ Ահավասիկ Բլինկենի հետ Փաշինյանը քննարկեց վերջին միջադեպը, որի արդյունքում սպանվել են 4 հայ զինծառայողներ։ Իսկ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ինչպես տեղեկանում ենք մամլո հաղորդագրությունից, խոսքը վերաբերել է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը շարունակելուն և նրան, թե ի՜նչ լավ է, որ կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնֆերանսն անցկացվելու է Ադրբեջանում…
ՀԱ, ԲԱՑԻ ԱՅԴ, ԱԼԻԵՎԸ ՇՈԼՑԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է, ՈՐ ԱՅՍՈՒՀԵՏ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ ԵՆ ԱՌԱՆՑ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ։ Ավելի ճիշտ, ասվում է, թե այդ մասին պայմանավորվել են Փաշինյանն ու Ալիևը։ Բայց բոլորն էլ հասկանում են, թե ինչ է նշանակում դա իրականում։ Փաշինյանն առանց այդ էլ մտադիր չէր որևէ բռնություն գործադրել։ Փաստորեն հենց Ալիևն է ողորմածաբար խոստացել Շոլցին, որ բռնություն այլևս չի լինի, որ բոլոր հարցերը կկարգավորվեն խաղաղ ճանապարհով։
Թե ինչ արժեն հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու Ալիևի խոստումները, հայտնի է։ Գրոշ անգամ չարժեն։ Բայց Փաշինյանը «կհավատա», և շուտով մեր սահմանը կհսկեն արդեն ոչ թե հասարակական մեկ կազմակերպության վետերան-կամավորականները, այլ դպրոցական ավագ տարիքի սկաուտները… Թեև, գուցե այս անգամ Ալիևը խոսքի տերը լինի։ Ինչո՞ւ բռնության դիմել, եթե պատրաստակամություն կա հոժարաբար զիջումներ անել, թերևս միայն ժամանակ ձգելով։
Ինչևէ, փաստ է, որ Ալիևը մտադիր է այսուհետ խոսել Փաշինյանի հետ միայն «երկկողմ հարթակում», քանի որ միջնորդներն իրենից՝ Ալիևից, միշտ ինչ-որ բան ուզում են։ Փաշինյանի հետ ավելի հեշտ է։ Բայց փաստ չէ, թե այդ «երկկողմանի հարթակը» վերջինն է լինելու։ Բացառված չէ, իսկ ավելի շուտ՝ միանգամայն հավանական է, որ մի որոշակի ժամանակ անց Ադրբեջանին Հայաստանի զիջումների վերաբերյալ բանակցությունները նորից ընթանան եռակողմ ձևաչափով։ Միայն թե այս անգամ Անկարա-Երևան-Բաքու եռյակի միջև։
Փոխարենը որպես մխիթարանք Ալիևի արհամարհական ժպիտների դիմաց՝ Փաշինյանի հետ հանդիպել է Ռիչարդ Մուրը։ Խոսել են դեսից-դենից, ոչ մի բանից։ Երևի Փաշինյանը խնդրել է բարևել Արմեն Սարգսյանին. մո՜ւռռ-մո՜ւռ…