ՎՃԱՐԵ՛Ք ՀԱՐԿԵՐԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. «ՓՆԹԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ» ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՎՈՅԱԺՆ ՈՒ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐԵԿՆԵՐԸ»

Դե ահա, կմտածի ընթերցողը, դուք նորից սկսեցիք քննարկել այդ ընտանիքի անդամներին, մինչդեռ երկրում կարևորագույն ու շատ ավելի հրատապ այնքա՜ն խնդիրներ կան։ Եվ ինչ-որ չափով իրավացի կլինի, քանզի հարցեր տալը, թե ինչ նպատակով և ինչ փողերով է Փաշինյանը հետը Մյունխեն տարել իր հավանոցի մի մասին՝ կնոջն ու երկու կրտսեր դուստրերին, մոդայիկ ու կենսաթրթիռ թեմա էր մոտ 5 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր մեզ վարժեցրել են, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, և ընդհանրապես Փաշինյանն ազատ է տնօրինելու բյուջեի փողերին ինչպես կամենա, այնպես որ պետք չէ ավելորդ ու երրորդական կարևորության հարցեր տալ։

Եվ այդուհանդերձ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում, օրինակ, Նիկոլի մամուլի խոսնակին՝ «չոլկա Նազո» մականունով, թե ինչ նպատակով է նա Մյունխենի անվտանգության համաժողովին՝ Եվրոպայում և աշխարհում ամենակարևոր ու լուրջ ամենամյա գագաթնաժողովներից մեկին մասնակցելու մեկնելիս հետը տարել կնոջը և երկու դուստրերին։ Ի՞նչ էին նրանք անում այնտեղ, մի՞թե Բլինկենի և Շոլցի հետ մեկտեղ մասնակցում էին աշխատանքին։ Թե՞ հանդես էին գալիս հայրիկի խորհրդատուների դերում։

Կամ մի քանի ամիս առաջ՝ 2023-ի հոկտեմբերին, երբ ամբողջ Հայաստանը սահմռկած էր Արցախում տեղի ունեցածից, ի՞նչ նպատակով նա երեք դուստրերի ուղեկցությամբ մեկնեց Ստրասբուրգ։ Դրանով իսկ շոկի մեջ գցելով Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլլային, որը ստիպված էր ողջունել պաշտոնական տեսանկյունից բոլորովին անտեղի օրիորդներին, ջանադրաբար ձևացնելով, թե ոչ մի տարօրինակ բան դրանում չի տեսնում։ Թեև նույնիսկ ոչ թե եվրոպական, այլև, ասենք, աֆրիկյան երկրի ոչ մի ղեկավարի մտքով չի անցնի պաշտոնական ուղևորությունների մեկնելիս իր հետ տանել սեփական ընտանիքը։

Այո, այն հարցը, թե ով է վճարում այդ շրջագայությունների համար, ամենևին էլ պարապ չէ։ Պատասխանելով դրան՝ ստրասբուրգյան այցի հետ կապված, Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ազնվորեն ասաց, որ տեղյակ չէ, բայց համոզմունք հայտնեց, թե «ժողովրդական վարչապետի» կինն ու երեխաները ճամփորդում են ոչ բյուջեի հաշվին։ Թե որտեղից այդպիսի վստահություն, անհասկանալի է. ըստ երևույթին՝ շեֆի անբասիրության և ազնվության հանդեպ պաշտոնյայի անսասան հավատից։ Ինչը, ի դեպ, նա հերթական անգամ ապացուցեց մեկ ամիս առաջ՝ կառավարության նիստում պաթետիկ ճամարտակելով հարկեր վճարելու քաղաքացիների պարտավորության մասին։

«Ես ավելի շատ դա կանվանեմ գիտակցության մատակարարում, որ մարդը հասկանա՝ ինչ է հարկը, ինչի համար է հարկը: Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն՝ դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ՝ չկա պետություն»,- ահա այսպիսի խորիմաստ բառակույտ հրամցրեց սույն սուբյեկտը։ Այն հարցը, թե պարտավո՞ր է արդյոք քաղաքացին հարկ վճարել, որպեսզի հոգա իր կնոջ ու երեխաների արտասահմանյան զվարճանքների ծախսերը, Փաշինյանը, բնականաբար, շրջանցեց:

Մինչդեռ, ինչպես սոցցանցերում բնորոշել են Փաշինյաններին՝ «փնթիների ընտանիքի» մյունխենյան վոյաժի հետ կապված առանձնակի աղմուկ այս անգամ չբարձրացավ։ Երկիրը հասցվել է այնպիսի վիճակի, որ մարդիկ արդեն խորապես թքած ունեն այն բանի վրա, որ նա ամենուր հետը քարշ է տալիս իր ժառանգներին։ Պետական գանձարանը թալանվում է այնպիսի մասշտաբներով, որ մի քանի հազար դոլար դես կամ դեն՝ այլևս առանձնապես կարևոր չէ։ Օրինակ, որևէ մեկը գիտի՞, թե ուր են գնացել կամ գնալու արցախցիներին օգնելու համար տարբեր երկրների ու կազմակերպությունների հատկացրած տասնյակ միլիոնավոր դոլարներն ու եվրոները։

Վերադառնանք, սակայն, մեր գլխավոր հարցին. ինչի՞ համար է Նիկոլն իր հետ տանում ընտանիքի անդամներին, անելով դա ակնհայտ ցուցադրաբար, ի տես ամենքի, ասես միտումնավոր բացասական հույզեր բորբոքելով մարդկանց մեջ։ Կեղծ բարեպաշտ խոսակցություններն այն մասին, թե երեխաներն, իբր, չպետք է դառնան քննադատության թիրախ, այստեղ բացարձակ անտեղի են։ Խնդիրն ամենևին էլ երեխաները չեն, քանզի նրանց հայրիկն ինքն է հրահրում այդ խոսակցություններն ու քննադատությունը, սեփական շահի համար օգտագործելով նաև կրտսեր դստերը՝ դեռ երեխային։

Շատերի կարծիքով՝ դա արվում է արդեն սովորական դարձած նույն նպատակով. սադրել բուռն ասեկոսեներ, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի գերկարևոր հարցերից։ Մյունխենյան վոյաժի համատեքստում՝ այն հարցերից, թե ինչ խոստումներ են տրվել և ինչ պայմանավորվածություններ են կնքվել Արևմուտքի ու Ալիևի հետ, և էլ ինչ է համաձայնել զիջել Փաշինյանը՝ «խաղաղության» և սեփական իշխանության երկարաձգման դիմաց։

Կարծում եմ, սակայն, որ այստեղ կա նաև մեկ այլ մտադրություն։ Լիակատար տպավորություն է, որ Նիկոլը ստեղծում է, ավելի ճիշտ՝ շարունակում է աշխարհում ուրվագծել Հայաստանի նոր նկարագիր։ Վերջերս հայտնված անհեթեթ կեպին, որը նա հաճախ չի հանում նույնիսկ փակ տարածքում, այդ քարոզարշավի մասն է: Ընդ որում անհասկանալի է. ոչ այն է՝ սա նորահայտ «Լենինն է կեպիով», ոչ այն է՝ ակնարկ ադրբեջանցիների սիրելի գդակի մասին։

Մեկ բան պարզ է. չոբանի, այլ կերպ չես ասի, գլխարկը փոխարինելու է եկել տխրահռչակ ուսապարկին և որպես իր տիրոջ, ասենք այսպես՝ ընդհանուր տհաճ կերպարանքի տարր կրում է իմիջային որոշակի բեռ։ Ստեղծվում է, կներեք, չլողացած, ոչ քաղաքակիրթ, հետամնաց երկրի կերպար, որի առաջնորդ կարող է լինել միայն այնպիսի խղճուկ ու ողորմելի արարածը, ինչպիսին ներկայանում է Փաշինյանը՝ առանձնակի արհեստականորեն ընդգծելով դա ինքնագոհությունից փայլատակող Ալիևի խորապատկերին։

«Փնթիների ընտանիքի» զավակներն այդ արշավի ևս մեկ ատրիբուտն են, կոչված ամրապնդելու Հայաստանին պարտադրված խավարամիտ-գավառական երկրի իմիջը, որտեղ առաջին ընտանիքը «չտես» վայրենու հրճվանքով օգտվում է աշխարհ տեսնելու ցանկացած հնարավորությունից։ Քանզի, կրկնեմ, պետության ոչ մի այլ ղեկավարի մտքով անգամ չի անցնի հետը քարշ տալ իր մանկահասակ երեխաներին միջազգային կարևոր միջոցառումների ու հանդիպումների։

Դժվար թե այսօրվա Փաշինյանը փող չունենա՝ դուստրերին աշխարհով մեկ շքեղ զբոսանքի ուղարկելու համար, և կարելի է չկասկածել, որ նրանք դա անում են։ Բայց լուսանկարները, որտեղ նրանք անշնորհք բարձրանում են հայոց պետության թիվ 1 օդանավ, ինչպես նաև համացանցում զետեղված տեսագրությունը ինքնաթիռում թռիչքի ժամանակ, այդ ամենը կարելի է հասկանալ միայն մեկ համատեքստում. նպատակաուղղված քարոզարշավ, որը հետապնդում է միանգամից մի քանի անբարեմիտ և, կարելի է չկասկածել, հակահայկական նպատակներ։

Ի դեպ, Մյունխենում տեղի ունեցավ ևս մեկ հետաքրքիր իրադարձություն. խոսքը միջոցառման մասին է, որն իշխանական քարոզիչների կողմից մատուցվեց իբրև «հանդիպում հայ համայնքի հետ»։

«Դաստին հավաքել տարել է Գերմանիա ու ներկայացնում է որպես մյունխենահայերի հետ հանդիպում... Եթե ոսկեվանցի Ստյոպիկը, ստեփանավանցի Սուրիկը կամ էլ լենինականցի Նազելին մյունխենահայեր են, ապա ուր է՞ ՓՌԳԻՃԻ երկրպագուհիների կանացիության մարմնավորում ախուրյանցի Անոն կամ էլ գելխեղդ նիկոլիստկա «տիգրովկով ծյոծը»...: Նիկոլի խայտառակվելը հասկանալու համար նշեմ, որ Մյունխենում և հարակից շրջաններում մոտ 3-4 հազար հայ է ապրում, բայց իր հետ հանդիպմանը հազիվ այս երկու տասնյակ մարդկանց էին բերել...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Իսկապես, բավական է նայել լուսանկարին, և անմիջապես աչքի են զարնվում առաջին շարքում նստած Բաղդասարյանը, Պապիկյանը, իսկ քիչ այն կողմ՝ տխրահռչակ Ստյոպա Սաֆարյանը։ Եթե պահակներին ու դեսպանատան աշխատակիցներին չհաշվենք, ապա ստացվում է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը եկել են, կամ հաջողվել է հավաքել ընդամենը մոտ 10-15 մարդ։ Դե, գոնե ընտանիքն էլ բերեին... Ի վերջո, նույնիսկ երեք հոգին այդչափ ողորմելի քանակի պարագայում պատկառելի «ռեսուրս» են. հաստատ պետք կգային խորապատկեր ստեղծելու համար: