ԻՆՉ ԱՍԱՑ ԼԵԿՈՐՆՅՈՒՆ. ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՕԳՆԻ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼ ... ՄԱՅՐԱՔԱՂԱ՞ՔԸ

Երեկվա ողջ լրահոսը բառացիորեն հեղեղված էր Ֆրանսիայից ստացված հաղորդագրություններով և Հայաստանին մշտապես սատարելու այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներով՝ նախագահ Մակրոնի գլխավորությամբ: Այդ ամենի պսակը, անշուշտ՝ գեղեցիկ ու տպավորիչ, Փարիզի պանթեոնում Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների վերահուղարկավորման հիասքանչ արարողությունն էր, որը ստիպեց հայերին հիշել սեփական ժողովրդի և նրա ռազմական փառքի համար վաղուց մոռացված հպարտության զգացումը:

Սակայն դաժան իրականությունը մեզ շատ արագ ուշքի բերեց, մանավանդ որ պաշտոնական հանդիպումներից ու հայտարարություններից մի քանի ժամ էլ չանցած Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության օդանավը վայրէջք կատարեց Երևանում: Ասես հաստատելով այս երկու օրերի ընթացքում բազմիցս հնչած խոսքերը Հայաստանի հետ Ֆրանսիայի «առանձնահատուկ, բացառիկ հարաբերությունների» և մեզ օգնելու Եվրամիության խոշորագույն երկրի պատրաստակամության մասին, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության առումով։

Դրանում, իհարկե, ոչ մի վատ բան չկա. այն իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը Փաշինյանի ու իր հանցախմբի ջանքերով, ՀՀ քաղաքացիներն ուրախ են ցանկացած աջակցության և օգնության համար, հատկապես այն աջակցության, որն առաջարկում են ոչ միայն խոսքով, այլև շոշափելի ու իրապես։ Առավելևս այնպիսի երկրի կողմից, ինչպիսին Ֆրանսիան է, որի նկատմամբ հայերի մեծամասնությունն իսկապես առանձնահատուկ վերաբերմունք ունի բազմաթիվ և ամենատարբեր պատճառներով։

Մինչդեռ ֆրանսիական շեշտադրմամբ տեղեկատվական այն աղմուկը, որը բառացիորեն տեղաց մեր գլխին վերջին օրերին և, անկասկած, կշարունակվի նախարար Լեկորնյուի երկօրյա այցի կապակցությամբ, հետին պլան մղեց գլխավոր հարցը, որի պատասխանն այդպես էլ չտրվեց. հարցը Մյունխենում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ի՞նչ խոստումներ է աջուձախ տվել այնտեղ արևմտյան առաջնորդներին Նիկոլը, ինչի՞ մասին է խոսել Ալիևի հետ, է՞լ ինչ է համաձայնել հանձնել։

Չնայած ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կողմնակցության մասին Եվրամիության առաջնորդների բոլոր հավաստիացումներին, չի լքում արտաքին դերակատարների կողմից իրադարձությունների արագացման տագնապալի զգացումը, որոնցում Հայաստանին կրկին, Արցախից հետո, հատկացված է զոհաբերվող գառան դերը։ Նկատի առնելով ոչ միայն Արցախում տեղի ունեցածը, այլև, օրինակ, այն փաստը, որ երկրի ինքնիշխան տարածքների գրեթե եռամյա բռնազավթման խորապատկերին դրա մասին գրեթե ոչ մեկի կողմից և ոչ մի տեղ չի հիշատակվում։ Թեպետ, ինչո՞ւ խոսել եվրոպացիների կամ ամերիկացիների մասին, եթե դա համառորեն լռութծյան է մատնում նաև ՀՀ իշխանություն կոչեցյալը։

Վերադառնանք, սակայն, Սեբաստիան Լեկորնյուին։ Երևան մեկնելուց բառացիորեն մի քանի ժամ առաջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հարցազրույց տվեց RTL ռադիոկայանին, որում, ըստ էության, հայտնեց առաջիկա այցի մասին։ Այդ հարցազրույցը բավական լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում, հատկապես ռուսական լրատվամիջոցներում՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված նրա մի շարք հայտարարությունների պատճառով։ Այդ մասին հաղորդեց նաև հայկական «Արմենպրես» պետական գործակալությունը։

Նշելով, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարն առաջին անգամ կայցելի Հայաստան, Լեկորնյուն, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանին ռազմական տեխնիկա է տրամադրում բացառապես պաշտպանական նպատակներով: «Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, որը կանգնած է անվտանգության լուրջ խնդրի առջև։ Մեր պարտականությունն է՝ օգնել Հայաստանին պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է նա։

Սակայն, բացի այդ, հարցազրույցում կար շատ ավելի հետաքրքիր մի բան, որի մասին գործակալությունը հարկ չհամարեց հայտնել։

Լեկորնյուի խոսքերով՝ Հայաստանը բախվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների։ Եվ ֆրանսիական օգնության համատեքստում նախարարը նշեց երկու խնդիր. առաջինը՝ «օգնել Երևանին պաշտպանվել մայրաքաղաքի վրա ցամաքային և օդային հարձակման դեպքում», երկրորդը՝ «առաքել զրահամեքենաներ, որպեսզի զինվորները չվտանգվեն»։

Ուշադրություն է գրավում հատկապես առաջին կետը. խոսքը հենց և բացառապես Երևանի մասին է։ Սկզբում կարող է թվալ, թե Երևան ասելով՝ նախարարը, ինչպես դա լայնորեն ընդունված է, նկատի ունի ամբողջ երկիրը։ Բայց հետո նա շատ հստակ ասում է. «մայրաքաղաքի վրա ցամաքային և օդային հարձակման դեպքում»:

Համարել, թե Լեկորնյուի լեզուն պարզապես սայթաքել է, միամտություն կլինի. նման մակարդակի պաշտոնյաները, որպես կանոն, կշռադատում են հրապարակավ ասվող յուրաքանչյուր բառը, և խոսում է նա կոնկրետ «մայրաքաղաքի վրա հարձակման» մասին, ոչ թե ամբողջ երկրի։ Ի՞նչ է դա նշանակում. սա ամենևին էլ հռետորական հարց չէ և ենթադրում է բավական միանշանակ պատասխաններ, որոնք, սակայն, կարելի է հնչեցնել միայն վարկածների տեսքով։ Եվ առաջին հերթին՝ այն համատեքստում, թե ինչ պայմանավորվածություններ են այնուամենայնիվ ձեռք բերվել Մյունխենում։

Պայմանավորվածություններ, որոնց մասին հայ հասարակությունը չգիտի, բայց որոնք հաստատ հայտնի են Ֆրանսիայի պաշտպանության նախարարին։

Պատասխանները, անշուշտ, կարող են ներառել նաև այն բազմաթիվ նախազգուշացումները Հայաստանի շրջաններին և նրա մայրաքաղաքին սպառնացող գոյաբանական վտանգի վերաբերյալ, որի մասին բազմիցս խոսել են և շարունակում են խոսել փորձագետները:

Իսկ դրանք, այդ պատասխանները, պայմանավորված են նրանով, թե ինչ է կատարվում սահմանամերձ գոտում՝ սկսած 2021 թվականի մայիսի 12-ի հենց այն օրվանից, երբ թշնամին, Արցախի հանձնումից և բռնազավթումից ընդամենը կես տարի անց ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եվ այդ ժամանակից ի վեր ամրապնդում, հզորացնում ու ընդլայնում է իր ռազմական ներկայությունը հայոց հողում։ Փոխարենը չստանալով ո՛չ Հայաստանի իշխանությունների համարժեք արձագանքը, ո՛չ էլ, որպես օրինաչափ հետևանք, արտաքին ուժերի պատշաճ գնահատականը։

Այդ դեպքում ընդհանրապես ի՞նչ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին կարելի է խոսել։ Եվ այս խորապատկերին պատահակա՞ն է արդյոք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսում է կոնկրետ Երևանի պաշտպանության մասին՝ «մայրաքաղաքի վրա ցամաքային և օդային հարձակման» դեպքում։

Վերջապես, այդ պատասխանները, իհարկե, պետք է հաշվի առնեն նաև այն ապշեցուցիչ, պարզապես աննախադեպ փաստը, որ Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Հայաստանի իշխանությունները բացահայտ մեղադրեցին ռուսներին «միջադեպը կանխելու անկարողության» մեջ, իսկ հասարակության մի մասը դրանում տեսավ Եվրամիության քաղաքացիական (!) առաքելության մեղքը:

Եվ հասարակության միայն ողջամիտ, սակավաթիվ մասն է տալիս ամենաբնական ու ինքնին հասկանալի հարցը. ո՞ւր էր Հայոց բանակը և ինչո՞ւ պիտի Հայաստանի սահմանները պաշտպանեն ռուսները կամ եվրոպացիները: