ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴԺՎԱՐ ԹԵ ԳՈՀԱՑՆԵՆ ԻՇԽՈՂ ԹԻՄԻՆ
Չնայած իշխող կուսակցության հակառուսական քարոզչությանը, վերջին սոցիոլոգիական հարցման տվյալները վկայում են, որ հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը: Հայաստանում Gallup International Association-ը ներկայացնող Արամ Նավասարդյանը տեղեկացրել է, որ փետրվարի 26-28-ին անցկացված հարցման համաձայն՝ հարցվողների 58%-ը համարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում հայոց պետության շահերին:
Ավելին, հակառակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կտրական պնդումների, թե հանրապետության հասարակայնությունը «մշտապես իշխանություններից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից», հարցվողների մեկ երրորդը դեմ է արտահայտվել այդ կառույցից երկրի դուրս գալուն:
Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ ՀԱՊԿ-ի վարկաբեկման քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է 2018 թվականից՝ Հայաստանում ներկայիս քաղաքական թիմի իշխանության գալու գրեթե առաջին իսկ պահից։ ՀԱՊԿ-ի վարկաբեկման այդ քաղաքականության մեկնարկը, հիշեցնենք, տրվեց այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցմամբ։ Գործ, որը հետո բարեհաջող կերպով թսկեց։ Ինչպես որ թսկեցին «մարտի 1-ի գործը» բացահայտելու Փաշինյանի խոստումները։ Ինչպես որ հետևողականորեն թսկում է Նիկոլ Փաշինյանի պրոժեկտների գերակշիռ մասը…
Իհարկե, հանրապետության իշխանություններին քաջ հայտնի են և՛ սոցիոլոգիական հարցումների արդյունքները, և՛ մարդկանց իրական տրամադրությունները։ Հիմար չլինելով՝ իշխանությունները հասկանում են նաև, որ Հայաստանում մասնավորապես ՀԱՊԿ-ի և ընդհանրապես Ռուսաստանի դեմ քարոզչության գլխավոր շահառուները Թուրքիան ու Ադրբեջանն են։ Բայց հակառուսական քարոզչությանն այլընտրանք ներկայիս իշխանությունները չունեն։ Որովհետև ուրիշ ոչ ոք չկա՝ վրան բարդելու Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանավարման ընթացքում Հայաստանի կրած բազմաթիվ վերքերի մեղքը։
Ընդունել, որ Հայաստանի բոլոր ձախողումների սկզբնապատճառը իշխող թիմի քաղաքականությունն է՝ կառավարող կուսակցության համար կնշանակի կորցնել իշխանությունը, բարեկեցությունը, անվտանգությունը: Կորցնել ամեն ինչ: Դրա համար էլ ասում են, թե 44-օրյա պատերազմը ռուսների արածն էր։ Պատերազմում պարտությունը ռուսների արածն էր։ Արցախում էթնիկ զտումները ռուսների արածն էին։ Այսինքն, սրանց տրամաբանությամբ, ռուսներն այն աստիճան ապիկար են, որ հենց իրենք են ամեն ինչ անում տարածաշրջանում սեփական դիրքերը կորցնելու համար…
Կարելի՞ է արդյոք շրջել իրավիճակը Հայաստանում՝ նկատի առնելով քաղաքացիների տրամադրությունները, որոնց մեծամասնությունը հավանություն չի տալիս իշխող թիմի հակառուսական ուղեգծին, իսկ հարցվածների ավելի քան 1/3-ը, չնայած իշխանությունների քարոզչական ակտիվ աշխատանքին, Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավոր է համարում բացառապես իշխող թիմին: Դատելով ամենից, մարդկանց տրամադրությունները ակտիվ բողոքի փոխարկելը չափազանց բարդ խնդիր է այսօրվա ընդդիմության համար։
Իշխանությունների կողմից տարբեր ուղղություններով գործադրված հետևողական ջանքերի արդյունքում ընդդիմությունը պառակտված է, փոխարենը չափազանց շատ են տարիներ շարունակ, կամ նույնիսկ տասնամյակներ շարունակ կերակրված գործիչները, որոնք պատրաստ են ամեն քայլի, միայն թե իրենց չհեռացնեն արևմտյան կերամանից։ Պատրաստ են ցանկացած ցինիզմի, ցանկացած ստի։
Եվ իշխող թիմը սիրով եթեր է տրամադրում այդպիսի մարդկանց, այդ թվում նաև 1-ին ալիքի ամբիոնը։ Ինչպես արդեն ոչ երիտասարդ մի պոպուլիստի, որն օրերս հենց այդ ամբիոնից հայտարարեց, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում այդ երկրի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների ժամանակ վերջինիս համոզում էր համոզել Ադրբեջանին պատերազմ սկսել Հայաստանի դեմ... Այն ինչպե՞ս էր ուսուցանում գերմանացի ֆյուրերներից մեկը. «Որքան ավելի հրեշավոր է սուտը, այնքան ավելի հեշտությամբ կհավատան դրան»: