ՀԿ․ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ ՀԻՄՔ ԿՍՏԵՂԾԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Միջպետական հայցերից հրաժարումը կհանգեցնի անպատժելիության մարդկության դեմ հանցագործությունների առումով, դա կստեղծի հիմք Ադրբեջանի կողմից նոր հանցագործությունների համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը մարտի 13-ին ասել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։

Նա մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը կարող է հրաժարվել միջպետական հայցերից Ադրբեջանի դեմ, եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի։

Մելքոնյանը նշել է, որ մարդու իրավունքների խախտման պատասխանատվությունը չի կարող դառնալ քաղաքական շահարկումների առարկա՝ հիշեցնելով, որ Հայաստանը հինգ նման հայց է ներկայացրել՝ չորսը Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մեկը Միջազգային դատարան, դրանք բոլորն ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը, նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել կատարված հանցագործությունների համար։ «Միջազգային դատարանում ներկայացվել է հայց Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով։ Հայցերը վերաբերում են նաև հայերի գերեվարմանը և կեղծ դատավարություններին Բաքվում, Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի վրա, հայ զինծառայողների սպանությանը և կտտանքներին, Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և էթնիկ զտմանը, ինչպես նաև Ադրբեջանի հանցագործություններին 44-օրյա պատերազմի ընթացքում»,- նշել է փորձագետը։

Նա տրամաբանական չի համարել Փաշինյանի ձևակերպումը «իրավական պատերազմների» մասին։ «Հայատյացության քաղաքականությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանում թափ է հավաքում։ Մենք որևէ գործողություն չենք տեսել Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Այդ խախտումներից են կտտանքները, գլխատումները, սպանությունները, էթփնիկ զտումները։ Եվ այս ֆոնին մենք խոսում ենք հայցերից հրաժարվելու մասի՞ն։ Դա խիստ վտանգավոր է, հատկապես Ադրբեջանի նախագահի սպառնալիքների ֆոնին Հայաստանի հանդեպ»,- նշել է Մելքոնյանը։

ՀԿ նախագահը վստահ է, որ հայցերից հրաժարումը խաղաղության չի հանգեցնի։ Չէ՞ որ իսկական խաղաղության հասնելու համար շատ բան պետք է անել, միայն փաստաթուղթ ստորագրելով դրան անհնար է հասնել։ «Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը թույլ չի տալիս ձևավորել համապատասխան միջավայր։ Հայաստանը ՄԻԵԴ-ում և Միջազգային դատարանում դատավճիռների հասնելու լավ շանսեր ունի, որոնք կհաստատեն, որ Ալիևը վարում է հայատյաց քաղաքականություն։ Հայցերից հրաժարումը ազդանշան կլինի այն մասին, որ Հայաստանը չի պաշտպանելու հայերի իրավունքները»,- ընդգծել է իրավաբանը։

Նա նշել է, որ եթե Հայաստանը, որպես պետություն, հրաժարվի հայցերից, ապա դա կդառնա խոչընդոտ մասնավոր հայցերի համար։

Մելքոնյանը հիշեցրել է, որ մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո չի կարող համարվել միջամտություն պետության ներքին գործերին։ Նրա գնահատմամբ՝ Ալիևը ուժի կիրառման սպառնալիքով փորձում է զիջումների հասնել իրավական պահանջներից, որոնք ապագայում կարող են Ադրբեջանի համար լուրջ հետևանքներ ունենալ, հրաժարվելու միջոցով։

Արաքս Մելքոնյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում պահվում են 23 հայ գերիներ, այդ թվում տարեց մարդիկ, որոնք «մեղադրվում են ծանր հանցագործություններում»։

«Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցը միջազգային իրավունքի խախտում է։ Անազատության մեջ գտնվող անձը չի կարող օբյեկտիվ պատասխաններ տալ հարցերին։ Հայցերից հրաժարումը նշանակում է նաև հրաժարում Ադրբեջանում պահվող հայերի պաշտպանությունից»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է, որ եթե Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնության գան և հասնեն ստորագրման փուլին, ապա, տրամաբանորեն, երկու կողմերը կորոշեն հրաժարվել միջազգային ատյաններում ունեցած բողոքներից՝ ավելացնելով, որ այդ հարցը քննարկվում է։

News.am