ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԻ ԵՐԿՐԻ ԻՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԹԵ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ԽԱՂԵՐԻ» ՎՐԱ
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից պետք է հենվի երկրի իրական կարիքների և ոչ թե Արևմուտքի «խաղերի» վրա, և այս որոշումը չի վերաբերում երկրի իսկական ազգային շահերին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայիի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե ինչ միավորումների հետ է ցանկանում հարաբերություններ զարգացնել՝ կախված կոնկրետ պատճառներից և գործոններից։
«Դա պետք է անել իրականության, երկրի իրական կարիքների վրա հենվելով և ոչ թե «խաղարկել» դա, չտրվել որևէ գայթակղության, գիտեք, արևմտյան սցենարով հերթական բեմականացմանը։ Եվ գիտեք, չխաղարկել դա, դա շատ վտանգավոր է, որովհետև դրանք անվտանգության հարցեր են»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ իրեն հայտնի չէ, թե ինչու են քաղաքական գործիչները Երևանում «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում կարծիք ՀԱՊԿ բացասական դերի մասին»։
«Ինձ թվում է, դա չի վերաբերում Հայաստանի իսկական և ազգային շահերին։ Ես կարծում եմ և վստահ եմ, ես ունեմ նման տեղեկություն։ Դա այն է, ինչը նախապատրաստվել է ինչ-որ տեղ Բրյուսելում, այ հենց այդ տեղեկատվական կերը, որով այժմ փորձում են առատորեն Հայաստանի քաղաքացիներին կերակրել՝ ինչ-որ չեղած բաներ հորինելով ՀԱՊԿ-ի մասին։ Հաստատ ոչ մի վատ բան ՀԱՊԿ-ից ոչ մեկին չի լինի»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ արդյունքում որոշելու է Երևանը, բայց չարժե անել դա «գոյություն չունեցող« փաստերի հիման վրա։
Զախարովան ավելացրել է, որ ՀԱՊԿ-ում մնալը կամ դուրս գալը որոշելու է ինքը՝ Հայաստանը, սակայն «պետք չէ թաքնվել ՀԱՊԿ-ի հետևում՝ փորձելով հեռանալ պատասխանատվությունից կամ գտնել նրան, ով, իբր, իրականում մեղավոր է»։
Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է Երևանին հակառուսական շրջանակում ներքաշելու հարցը
Մոսկվան շփումների ընթացքում Հայաստանի հետ քննարկում է «արևմտյան երկրների կողմից Երևանին իրենց հակառուսական շրջանակում ներքաշելու» հարցը, որպեսզի նախազգուշացնի ռիսկերի մասին, հայկական կողմը որոշ փաստարկներ ընդունել է, - հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Ցավոք, մենք տեսնում ենք այդ միտումը բավական վաղուց, և մենք դրա մասին խոսում ենք։ Մենք խոսում ենք, այդ թվում վստահալից, մեր հայ գործընկերների հետ միայն մեկ նպատակով՝ նախազգուշացման»,- ասել է Զախարովան գործակալության հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «Մոսկվայի որոշ փաստարկներ ընկալվել են հայկական կողմից», «անգամ ընդունվել են որոշ միջոցներ»։
«Մենք հիանալի հասկանում ենք, որ Նահանգները և ընդհանուր առմամբ հավաքական Արևմուտքը ոչ թե տասնամյակներ, այլ հարյուրամյակներ օգտագործում է երկրների և ժողովուրդների հանդեպ վերաբերմունքի մարտավարությունը որպես գործիք։ Միաժամանակ՝ բարի մտադրություններով քողարկվելով։ Եթե մեր տարածաշրջանում նման օրինակներ չլինեին, հավանաբար, կարելի կլիներ մտածել, որ հենց հետխորհրդային տարածքի հանդեպ Միացյալ Նահանգները և Արևմուտքը չեն կիրառի այդ մարտավարությունը»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան «անկեղծորեն ցանկանում է, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը, կառուցի քաղաքականություն՝ ելնելով ազգային շահերից»։
«Ի՞նչ է ազգային շահը։ Ոչ այն շահերը, որոնք գրել է ինչ-որ մեկն այնտեղ՝ Բրյուսելում կամ էլի մի ինչ-որ մայրաքաղաքում, այլ նրանք, որոնք արտացոլում են ժողովրդի մշակութային ինքնությունը, որոնք շաղկապված են այն մարդկանց շահերի հետ, որոնք ամեն օր իրենց աշխատանքով ստեղծում են ահա այս ամենահանրային բարիքը, որոնք դաստիարակելու են, ցանկանում են և դաստիարակելու են իրենց երեխաներին իրենց հողում, որոնք Հայաստանին չեն վերաբերվում տրանզիտային գիտակցության տեսակետով, այլ ցանկանում են ապրել այնտեղ, ցանկանում են ստեղծել այնտեղ թե՛ ազգային արտադրանք, թե՛ իրենց ընտանիքներին, իրենց տները»,- ասել է Զախարովան։
ՌԴ մտադրությունների անկեղծության վերաբերյալ Հայաստանի կասկածները պատմական պատասխան ունեն
Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ կասկածները պատմական պատասխան ունեն։ Ռուսաստանը բազմաթիվ անգամ եկել է օգնության, պաշտպանել նրան, ջանքեր գործադրել, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը, - ասել է Մարիա Զախարովան։
«Եթե որևէ մեկը Հայաստանում հարցեր ունի մեր մտադրությունների անկեղծության մասին, ես կարծում եմ, որ կա դրա պատմական պատասխանը։ Մեր տղաների այն թվաքանակը, որոնք պաշտպանել են Հայաստանը։ Եվ Ռուսաստանի ղեկավարության ու անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն ջանքերը, որոնք նա ներդրել է այն բանի համար, որպեսզի քանիցս դադարեցնի արյունահեղությունն այդ տարածաշրջանում»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ դա էլ հենց «ամրության ստուգումն է», որն անցել է Մոսկվան Երևանի հետ հարաբերություններում։
«Այն թանկ արժե։ Եվ դրանք անվերջ բլա-բլա-բլաներ չեն, դատարկ խոսքեր, խոստումներ, որոնք տալիս են, ինչպես միշտ տվել են արևմտյան շատ երկրներ Հայստանին, Երևանին այն մասին, որ կպաշտպանեն, կօգնեն և այլն։ Ընդ որում՝ չգիտես ինչու կպաշտպանեն Ռուսաստանից, որն իսկապես կանգնեցրել է արյունահեղությունը, որն իսկապես ֆինանսական և տնտեսական օգնություն է տվել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով և ստրկական պայմաններ չդնելով, որը տուն է դարձել հսկայական թվով ընտանիքների, քաղաքացիների, մարդկանց, պրոֆեսիոնալ շահերի համար»,- ասել է Զախարովան։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ուշադրություն է դարձրել փախստականների հսկայական թվի վրա, որոնց ընդունել է Ռուսաստանը։ «Եվ չենք խոսել այն մասին, թե ում փախստականներն են ավելի լավ կամ վատ, նրանք, ովքեր գալիս են Ուկրաինայի տարածքից, թե նրանք, ովքեր գալիս են Կովկասից, երբեք կյանքում դա չի եղել։ Միշտ գրկաբացություն, հյուրընկալություն, օգնության ձեռք, ընդ որում՝ իսկական օգնության ձեռք, այն հնարավորությամբ, որը միշտ տվել է Ռուսաստանը, այլ ոչ թե թևատակից, և ոչ էլ բռունցք թիկունքից»,- ասել է Զախարովան։
«Եվ բնավ չենք ցանկանում, որպեսզի այ հիմա ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրեսիվ հռետորաբանության, Հայաստանի ժողովրդին պարտադրեին մի ինչ-որ հակառուսական օրակարգ։ Մենք միշտ կողքին ենք լինելու, մենք միշտ օգնելու ենք, մենք միշտ Հայաստանին, այդ երկրի ժողովրդին վերաբերվելու ենք բաց սրտով ու մաքուր հոգով»,- ամփոփել է նա։
News.am-ի նյութերով