ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՉԷ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ծայրահեղ անկայունության ներկայիս պայմաններում Հայաստանի համար ամենևին էլ պատեհ չէ վերջնական ընտրություն կատարել, հրաժարվել Ռուսաստանից և խզել նրա հետ հարաբերությունները՝ այդ երկրի հնարավորություններն ի նպաստ իր շահերի օգտագործելու փոխարեն»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար Հիլդա ՉՈԲՈՅԱՆԸ:

-Փետրվարի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով Հայաստանին առաջարկվում է դիտարկել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի համար դիմելու հնարավորությունը, բազմաթիվ արձագանքներ և մեկնաբանություններ հարուցեց, ամենահրճվալից և ավելորդ լավատեսականներից մինչև իրատեսական և առողջ հոռետեսության երանգով գնահատականներ: Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով հայտնի մասնագետի ձեր գնահատմամբ, որո՞նք են հենց ներկա պահին այդօրինակ բանաձևի ընդունման հիմնական պատճառները:

-Նախևառաջ պետք է նկատի առնել, որ դա օրենսդիր մարմնի ընդունած փաստաթուղթ է, իսկ ԵՄ գործադիր կառույցները, որոնք իրական քաղաքականության վրա ազդելու շատ ավելի մեծ լծակներ ունեն, ոչ մի պարտավորություն իրենց վրա չեն վերցնում: Այսինքն մենք գործ ունենք պարզապես ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու Հայաստանին եվրապատգամավորների հղած կոչի հետ։ Մեծ նշանակություն, այդ թվում՝ Հայաստանի պետական քաղաքականության համար, բանաձևը չունի. դա լոկ նախնական հայտ է, շատ երկար ու բարդ գործընթացի սկիզբ, աննշան քայլ, որը չարժե գերագնահատել:

Մյուս կողմից, կարելի է հասկանալ, թե ինչու Եվրախորհրդարանն այդպիսի բանաձև ընդունեց հենց ներկա պահին։ Կան մի քանի գործոններ։

Նախ՝ 2020 թվականի պատերազմից, Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից, այդ երկրի կողմից Մարդու իրավունքների և մարդասիրության սկզբունքների զանգվածային խախտումներից հետո ԵԽ-ում ընդլայնվել է պատգամավորների այն ավանդական շրջանակը, որը մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն ու զորակցություն Հայաստանի և Հայկական հարցի։ Դա շատ լավ նշան է:

Երկրորդ գործոնը Եվրամիության ընդգծված հակառուսական ուղեգիծն է, որը սկսեց սրընթաց աճել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Այդ քաղաքականությունը մեծապես ազդեց նաև 44-օրյա պատերազմից հետո բարդ իրավիճակում հայտնված Հայաստանին աջակցելու միտման վրա։

Ներկայումս Եվրոպան, թեկուզ ոչ ուղղակիորեն, բայց պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Եվ ակնհայտ է ԵԽ պատգամավորների ցանկությունը՝ դուրս բերելու Հայաստանը Մոսկվայի ազդեցությունից և փորձելու ընդգրկել իրենց արժեքները ուղեծրում, հնարավորություն տալու ապագայում օգտվել ԵՄ անդամակցության առավելություններից:

-Հայաստանի համար անվտանգության խնդիրներն այսօր առավել քան առանցքային են, գոյաբանական։ Կարո՞ղ է արդյոք բանաձևի ընդունումը գոնե ինչ-որ կերպ նպաստել դրանց լուծմանը։

-Անուղղակիորեն ինչ-որ չափով հնարավոր է, բայց ակնհայտ պատճառներով այդ ազդեցությունը արագ և օպերատիվ չի լինի:

Այո, Ֆրանսիան փորձում է ներգրավել Եվրամիության երկրներին Հայաստանին ակտիվ աջակցություն ցուցաբերելու գործընթացներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Սակայն այդ խնդիրն այժմ դժվար թե իրագործելի լինի, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների դիրքորոշումները սաստիկ տարբերվում են։ Մի շարք պետություններ որոշակի չափով կախված են Ադրբեջանի և Թուրքիայի էներգառեսուրսներից, իսկ ԵՄ-ում այդ կարգի որոշումները կայացվում են կոնսենսուսով։

-Սակայն բանաձևում կան հստակ կետեր, որոնք դատապարտում են պաշտոնական Բաքվին։ Այդուհանդերձ նման հայտարարություններ հնչել են նաև նախկինում, սակայն Եվրոպան խոսքերից անդին դեռևս չի գնում՝ պահպանելով գործընկերային հարաբերություններն ու փոխգործակցությունը Ադրբեջանի հետ։

-ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, երբ այդ երկրի պատվիրակությանը մեկ տարով զրկեցին լիազորություններից, բավական ցուցանշական են: Այդ քայլը ցույց է տալիս, որ Ալիևի գործողությունների սանձարձակությունն ու անթույլատրելիությունը Եվրոպայում տեսնում են և պատշաճ գնահատականի արժանացնում։ Եվ ես չէի ասի, թե Բրյուսելի հետ Բաքվի հարաբերությունները զարգանում ու խորանում են։

Միաժամանակ պետք է հաշվի առնել մի բավական լուրջ հանգամանք։ Եվրամիությունն ինքն էլ հայտնվել է ծայրաստիճան անկայուն, երերուն վիճակում։ Խաղաղ զարգացման հայեցակարգը, որը դրված է ԵՄ ստեղծման հիմքում, այսօր կարող է փոխարինվել ռազմականացմամբ և ռազմական միավորման ստեղծմամբ։

Բանն այն է, որ դաշինքի անդամ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիան, վտանգ են զգում ԱՄՆ-ում կայանալիք առաջիկա ընտրությունների առնչությամբ, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ Բրյուսելի արտաքին քաղաքականության վրա: Թրամփի հաղթանակի դեպքում Եվրամիությունում ստիպված կլինեն ՆԱՏՕ-ի շրջանցումով ստեղծել նոր, ԱՄՆ-ից անկախ ռազմական դաշինք: Հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելիությունը՝ օվկիանոսից այնկողմ կայանալիք ընտրությունների ելքից, կրկնեմ, շատ բան է կախված։

Ուստի վստահորեն խոսել հեռանկարային ինչ-որ զարգացումների մասին այսօր անհնար է, իրավիճակն իսկապես չափազանց փոփոխական է՝ բազմաթիվ հակասական միտումներով։ Եվ ես վստահ եմ, որ նման պայմաններում Հայաստանի համար ամենևին էլ պատեհ չէ վերջնական ընտրություն կատարել, հրաժարվել Ռուսաստանից և խզել նրա հետ հարաբերությունները՝ այդ երկրի հնարավորություններն ի նպաստ իր շահերի օգտագործելու փոխարեն։ Աշխարհում և տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակն ամենևին նպաստավոր չէ այդպիսի կտրուկ շրջադարձերի համար։

-Իսկ ժողովրդավարական նորմերի տեսանկյունից այսօրվա Հայաստանը, ըստ ձեզ, համապատասխանո՞ւմ է ԵՄ չափանիշներին: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները խոսում են, հակառակը, հետընթացի մասին…

-Լավ ճանաչելով Եվրոպան՝ կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ԵՄ պաշտոնյաների համար միանգամայն ընդունելի է։ Օրինակ, Ուկրաինայում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը բնավ ավելի լավ չէ, քան Հայաստանում, գուցե նույնիսկ ավելի վատ է։ Սակայն Արևմուտքի ռազմաքաղաքական շահերը թույլ տվեցին աչք փակել դրա վրա և թեկնածուի կարգավիճակ տալ այդ երկրին։

Այնպես որ պետք չէ իդեալականացնել ԵՄ պահանջները։ Խնդիրն ամենևին էլ այս կամ այն երկրի համապատասխանության կամ անհամապատասխանության աստիճանը չէ նրանց չափանիշներին, խնդիրը հրատապ աշխարհաքաղաքական նպատակներն են, որոնք թույլ են տալիս անտեսել ժողովրդավարության և Մարդու իրավունքների ոլորտում առկա թերությունները։ Բուն պահանջներն, ի դեպ, այնքան էլ խիստ չեն և միանգամայն իրագործելի են։

Բացի այդ, հնարավոր անդամակցման բազմամյա ուղին ենթադրում է շատ լուրջ փոփոխություններ ոչ միայն ժողովրդավարական բարեփոխումների առումով, այլև տնտեսության, արդարադատության համակարգի և մնացած բոլոր ոլորտներում՝ ընդհուպ մինչև այնպիսի մանրուք, ինչպիսին, ասենք, մայթերի բարձրությունն է փողոցներում։ Բայց այդ մասին, կրկնեմ, դեռ վաղ է խոսել։

Այնպես որ, ԵՄ անդամակցության հեռանկարը դեռևս չափազանց մշուշոտ է, մինչդեռ արդի իրավիճակը Հայաստանի դիվանագիտությունից պահանջում է շատ ավելի մեծ ճկունություն և պրոֆեսիոնալիզմ: