ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐԸ՝ «ՍՈՒՏ ՆԻԿՈԼ». ԻՆՉՊԻՍԻՆ Է ՍՏԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ 1 ՔԱՌԱԿՈՒՍԻ «ՔՊ»-ՈՒՄ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ՔՊ-ի կառավարման առաջին տարիներին ընդդիմադիր ակտիվիստներն իրականացրեցին «սուտ նիկոլ» արշավը՝ բացահայտելով նոր իշխանության ներկայացուցիչների արդեն այն ժամանակ, կարելի է ասել, հայեցակարգային-ռազմավարական բնույթ ստացող ստի ծավալները։ Ներկա իրողությունների տեսանկյունից Նիկոլի և ընկերախմբի 4-5 տարվա վաղեմության ստերը գրեթե անվնաս թոթովանք են թվում, թեև հասկանալի է, որ ապագա աղետի հիմքերը դրվում էին հենց այն ժամանակ։ Այսօր Փաշինյանն ու իր թիմակիցները ստում են արդեն հախուռն կերպով, զուգահեռաբար, իներցիայով, հերքելով իրենց իսկ ասածը մեկ կամ երկու ժամ, մեկ օր, մեկ շաբաթ անց

Նրանք ստում են ամենակարեվոր, պետության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ՝ մրցակցելով միմյանց հետ և բոլորովին չմտածելով հետևանքների մասին։ Սուտը դարձել է քաղաքական հավատամք, բարոյազրկության և ցինիզմի չափորոշիչ, քաղաքացիների հետագա հիմարացման գլխավոր միջոց և այսօր, այս պահին սեփական իշխանությունն ու անձնական բարեկեցությունը պահպանելու գրավական։

Սուտը, որ դարձավ պատերազմում պարտության և Արցախի հանձնման ամենասահմռկեցուցիչ պատճառներից մեկը, շարունակում է մնալ շահարկումների և պետության կառավարման գլխավոր գործիքը. ասենք, «պետության կառավարում» բառակապակցությունն արդեն պետք է գրել միայն չակերտում։

Ուղիղ մեկ շաբաթ տևեց իշխող կուսակցության հերթական նողկալի արշավը. այս անգամ Տավուշի մարզի 4 գյուղերի շուրջ։ Եվ բոլոր այդ 7 օրերի ընթացքում դրա ներկայացուցիչները ցուցաբերում էին բարոյազրկության պարզապես ապշեցուցիչ հմտություններ. նրանք ստում էին սառնասրտորեն, հրապարակավ, ամբարտավան և ամպագոռգոռ, գերազանց գիտակցելով, թե ինչ են անում։

Նախարարներ Սանոսյանն ու Միրզոյանը, պատգամավոր Մելքոնյանը և, իհարկե, ինքը՝ Փաշինյանը, ժողովրդի առջև խաղացին նախապես բեմադրված ներկայացում, որի սկզբում հայտարարեցին, թե իբր՝ խոսք անգամ լինել չի կարող Ադրբեջանի պահանջած գյուղերը հանձնելու մասին, իսկ մի քանի օր անց հանգիստ ու վստահ հայտարարեցին, որ հանձնում են այդ գյուղերը։

Մեկշաբաթյա այդ նողկալի էպոպեայի համառոտ ժամանակագրությունը հետևյալն է։

Մարտի 12-ի ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Եվ ընդգծեց. «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»:

Մարտի 13-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողներին հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ 4 գյուղեր չեն պատկանում Հայաստանին ըստ վարչատարածքային բաժանման: Պատասխանելով ճշտող հարցերին՝ նա հայտարարեց, թե խոսքը «Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին չէ»։ Բառացիորեն նույն այդ ժամանակ ՔՊ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ի պատասխան այն հարցին, թե Երևանը փոխանցելո՞ւ է արդյոք Բաքվին այդ 4 գյուղերը, պատասխանեց. «Ոչ։ Նա (Փաշինյանը - Մ.Գ.) ասել է. այն, ինչ մեր տարածքում է՝ մերն է, իսկ այն, ինչը մեր տարածքում չէ, մերը չէ»։

Նույն օրը՝ մարտի 13-ին, բարեհաճեց խորհրդարան գալ դիվանագիտական գլխավոր զբոսաշրջիկը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Օ՜, դա անսանձ ստախոսության ու երեսպաշտության իսկական բենեֆիս էր, որը կարող էր մրցակցել հենց իր՝ «ոհմակի պարագլխի» հետ: Աթոռին անփույթ փռված՝ Միրզոյանը պաթոսով խրատ էր կարդում ընդդիմադիր պատգամավորների գլխին, երբեմն իրեն թույլ տալով նույնիսկ ծաղրել նրանց տրամաբանական հարցերը։ Իսկ Օմեգարաբաթի պարզունակ մանիպուլյացիաների գագաթնակետը նրա հայտարարությունն էր Տավուշի գյուղերի վերաբերյալ։

«Հայաստանում ոչ մի պաշտոնյա իրավունք չունի բանակցել Տավուշի մարզում և Հայաստանի այլ մարզերում գտնվող գյուղերի, տարածքների, հողամասերի հանձնման շուրջ։ Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ մեկին։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կան երաշխիքներ, որոնց շրջանակներում գործում են իրավական մեխանիզմները։ Հետևաբար, մենք Տավուշի գյուղերի հանձնման շուրջ բանակցություններ չենք վարում»,- անկրկնելի ինքնավստահությամբ հայտարարեց փաշինյանական ԱԳՆ ղեկավարը։

Եվ վերջապես, երեկ՝ մարտի 18-ին, էպոպեան հանգուցալուծում ստացավ. Փաշինյանը հայտնեց Տավուշի գյուղերը հանձնելու մտադրության մասին: «Մենք որոշել ենք, որ պետք է գնանք այս հատվածներում Հայաստանի սահմանի ճշգրտման։ Դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որ ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- հայտարարեց նա տավուշցիների հետ հանդիպման ժամանակ։

Այժմ՝ տանք մի շարք հարցեր, ինչպես միշտ՝ հռետորական։

Ո՞ւր չքացան Միրզոյանի հիշատակած «աքսիոմատիկ ճշմարտության իրավական երաշխիքները», եթե կառավարության ղեկավարն ինքն է հայտնում գյուղերը հանձնելու որոշման մասին։ Եթե պաշտոնյան իրավունք չունի բանակցել Հայաստանի տարածքները հանձնելու մասին, ապա ի՞նչ կարգավիճակով է, ըստ արտգործնախարարի, հանդես գալիս տվյալ դեպքում իր անմիջական պետ Նիկոլը։ Չէ՞ որ եթե նա անում է դա որպես պետության ղեկավար, ուրեմն խախտում է նախարարի նշած իրավական նորմը, այսինքն հանցագործություն է կատարում։

Երկուսից մեկն է. կա՛մ Միրզոյանը գիտակցաբար ստում էր ԱԺ պատգամավորներին, իսկ տեսախցիկների առջև՝ նաև ողջ ժողովրդին, կա՛մ Փաշինյանը հարկ չի համարում իր կարևորագույն որոշումների մասին տեղյակ պահել իր թիմակցին ու առանցքային նախարարներից մեկին: Եթե ճիշտ է երկրորդը, ուրեմն Միրզոյանը պարտավոր է նույնքան հրապարակավ ընդունել, որ իր շեֆը հենց այն պաշտոնյան է, որն իրեն իրավունք է վերապահել միանձնյա բանակցել հայկական տարածքները «որևէ մեկին» հանձնելու շուրջ։ Բայց արժե՞ արդյոք կասկածել, որ Արաբաթը դա ոչ մի դեպքում չի անի։

Հայ ժողովրդի եվ հայոց պետության արյամբ և պատմական աղետով թանձրորեն շաղախված ստերի ցուցադրական ատրակցիոնի 6 տարի: Ամենօրյա ստախոսության և պատերազմի ու խաղաղության գոյաբանական կատեգորիաների միտումնավոր շահարկման, հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին օտար, թշնամական նպատակների սպասարկման վրա խարսխված իշխանության 6 տարի: Եվ ամոթի նշույլի, զղջման նշույլի, սեփական իրավացիության նկատմամբ կասկածի նշույլի իսպառ բացակայություն

Թեպետ, ուրիշ ի՞նչ կարելի է առհասարակ ակնկալել այն սուբյեկտից, որի լեզուն պտտվում է հայտարարելու հետևյալը. «Մեկ էլ հոպ, երկու օրում գնացին ու լուծարեցին իրանց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եթե դուք հարցեր ու մեղադրանքներ ունեք, գնացեք, ուրիշ մարդկանց տվեք, ես ասեցի, որ մենք չենք դրա մեղավորը»։

Եվ եթե ստի խտությունը 1 քառակուսի ՔՊ-ում դեռ կարելի է չափել հանցավոր կերպով հանձնված հայկական տարածքներով ու հայի կորսված կյանքերով, ապա գնահատել տվյալ սուբյեկտի դեգրադացիայի և նման հայտարարության զազրելիության աստիճանը, որ հնչեցվեց Հայրենիքի կորստի, հազարավոր հայրենակիցների մահվան, դժբախտացած բազում ընտանիքների ահավոր վշտի, չմարող տառապանքի և չամոքվող ցավի խորապատկերին

Պարզապես անհնար է: