ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Նիկոլ Փաշինյանը Տավուշում համոզում էր սահմանամերձ շրջանի բնակիչներին աջակցել իրեն «ինքնիշխանության համար պայքարում», հանուն որի էլ հոժարակամ և ժպիտով համաձայնեց հանձնել Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը։ Օգտագործեց մտրակի ու քաղցրաբլիթի մեթոդը։ Նրանց, ովքեր տներ կամ հողեր են կորցնելու, բնակարաններ խոստացավ Իջևանում։ Իբր՝ հանգիստ ապրեք ձեզ համար։ Դա քաղցրաբլիթն էր։ Մտրակը սպառնալիքների տեսքով էր, թե Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ կսկսեն։

Բնակիչները, և ոչ միայն Տավուշի, արդեն վաղուց են հասկացել, որ Փաշինյանի դեմն առնել չի լինի։ Որովհետև միայն նոր զիջումներով կարելի է ստիպել մարդկանց, որ մոռանան ավելի վաղ կորցրածը։ Այսօր Փաշինյանի ու իր քարոզչական թիմի մատուցմամբ մենք խոսում ենք «ընդամենը» 4 գյուղերի մասին։

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ Ե՞ՐԲ ԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԼՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու իր պարտավորությունները խախտելու առնչությամբ։ Ե՞րբ ենք վերջին անգամ Բաքվին ուղղված պահանջ լսել՝ հետ քաշելու իր զորքերը մինչև շփման գիծ, որը եղել է 9.11.2020-ի Եռակողմ հայտարարության ստորագրման պահի դրությամբ։ Կամ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջ։ Կամ էլ զորքերը Արցախի բնակավայրերից հանելու պահանջ։ Վերադարձնելու պահվող բոլոր անձանց՝ համաձայն ստանձնած պարտավորությունների։ Վերջին անգամ ե՞րբ ենք կառավարությունից լսել իրենց հարազատ տներ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգ վերադարձն ապահովելու պահանջը։

Վերջ, թեման փակված է։ Չենք լսել և չենք լսելու այդպիսի պահանջներ այս կառավարությունից։ Քանզի նման հայտարարություններ անել՝ կնշանակի ընդունել սեփական մեղքը կորուստների համար։ Այդպիսի ցանկություն չկա, չափազանց մեծ է վախը։ Ուստի ավելի լավ է քննարկել «ընդամենը» 4 գյուղերի հանձնումը։ Հանուն «խաղաղության»։ Որպեսզի սկսվի սահմանազատման գործընթացը

Իսկ ինչ է, չի՞ կարելի սահմանազատման գործընթացը սկսել զուգահեռաբար. Տավուշում, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին, և Ջերմուկի սահմանամերձ տարածքում, որտեղ ձեռնտու է մեզ։ Այդքան դժվա՞ր է սահմանազատում սկսել միանգամից երկու շրջաններում։ Թեպետ… Ինչի՞ մասին ենք խոսում և ո՞ւմ ենք դա ասում։ Բոլորին առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։

Ինչ վերաբերում է Փաշինյանի քաղցրաբլիթներին. Համաձայն պաշտոնական տվյալների, արդեն ավելի քան 7 հազար արցախցիներ հեռացել են Հայաստանից, հրճված Փաշինյանի «քաղցրաբլիթներից»։ Ինչ վերաբերում է մտրակին, ապա այո, հետևողականորեն փլուզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Փաշինյանն անում է ամեն հնարավորը, որպեսզի մոտեցնի թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ագրեսիան։

Նոր ագրեսիան պետք է օգնի Փաշինյանին իրենից հեռացնելու մեղադրանքները նախկին ձախողումների համար։ Հաստատելու, որ Բաքվին և Անկարային մշտական զիջումներ անելն անխուսափելի գործընթաց է։ Իբր՝ խնդիրը իշխող թիմը չէ։

Իրականում բոլորն արդեն վաղուց հասկացել են, որ Հայաստանի գլխավոր, ինչպես կասեր Արարատ Միրզոյանը՝ «գոյաբանական» խնդիրը Փաշինյանի թիմի իշխանավարումն է, որի օրոք Հայաստանն իրոք դատապարտված է։ և բնավ փաստ չէ, որ 2026 թվականին, երբ պետք է տեղի ունենան հերթական խորհրդարանական ընտրությունները, գոյություն կունենա այն պետությունը, որտեղ պետք է տեղի ունենան այդ ընտրությունները։

Քանզի այդ 4 գյուղերի հանձնմանը կհաջորդի ևս 4-ը հանձնելու պահանջՔանի որ բոլորն էլ հասկանում են, որ սահմանազատման ոչ մի գործընթաց չի ստիպի Բաքվին հետ քաշել զորքերն արդեն զբաղեցրած դիրքերից։ Հետո կպահանջեն «միջանցքը»։ Այնուհետ՝ «Կալինինգրադի կարգավիճակ» Սյունիքի համար։ Հետո՝ «ադրբեջանցի փախստականների վերադարձ»։ Գործընթացն անհնար է կասեցնել, քանի դեռ իշխանության ղեկին է այն թիմը, որը շռայլորեն մտրակներ ու քաղցրաբլիթներ է բաժանում այդ գործընթացը հեշտացնելու համար։

Ճիշտ է, խաղի վերջում տեղի կունենա Փաշինյանի ու Սիմոնյանի հուսահատ պայքարը հանուն Հայաստանի ինքնիշխանության, ինչի արդյունքում հանրապետությունը կդառնա Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան միութենական պետության անդամ։