ԿԱՅԾԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ, կամ «ՈՍԿԵՊԱՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆՈՒՄ»

Նոր Սահմանադրության գոյություն չունեցող նախագծի շուրջ բարձրացած աղմուկը տեղը զիջեց բոլոր բուհերը Ակադեմիական քաղաքի տարածք տեղափոխելու շուրջ քննարկմանը։ Այն բանից հետո, երբ ադրբեջանցի զավթիչներն իրենց GPS-ներով վռնդեցին Շուռնուխի բնակիչներին տնտեսական կցակառույցներով և տնամերձ հողամասերով 13 տներից, Փաշինյանի կառավարությունը խոստացավ նոր տներ կառուցել նրանց համար: Արդեն 4 տարի է կառուցում են, սակայն ոչ մի տուն դեռևս չկա։

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՐՑՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ 1-2 ԱՄՍՎԱ ԳՈՐԾ ՉԷ։ Օպտիմալացման արդյունքում բուհերի թիվը մինչև 6-ի կրճատելու առնչությամբ անհանգստանալը նույնպես վաղաժամ է. իշխող վերնաշերտի և դրա պարագլխի ճակատագիրը կարող է վճռվել շատ ավելի շուտ, քան նոր Սահմանադրության նախագիծը կանցնի Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը։ Ակադեմքաղաքի կառուցման մասին՝ իր ենթակառուցվածքներով, խոսելն անգամ ծիծաղելի է, մանավանդ այն բանից հետո, երբ իշխանությունը չկարողացավ կառուցել Ինժեներական քաղաքը, Գյումրիի չոր նավահանգիստը, գազաբալոնների գործարանը և այլն

Փաշինյանը չի կատարել իր խոստումներից և ոչ մեկը, իսկ հաջորդ՝ 2025 թվականը նախընտրական է։ ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով: Ընտրությունները (արտահերթ) տեղի են ունեցել 2021 թվականին, 2026 թվականին պետք է կայանա հերթականը։

Դժվար թե ռեժիմը ձգի մինչև այդ ընտրություններ, եթե հաշվի առնենք բողոքի նոր ալիքը, որ հասունանում է 4 գյուղերը հանձնելու միջոցով Տավուշի պաշտպանական կառուցվածքը քանդելու Փաշինյանի որոշման հետևանքով։ Այդ հարցում Փաշինյանն ակնհայտորեն շտապում է, ուստի «հանրային բանավեճ» և երկխոսություն նախաձեռնեց մարզի բնակիչների հետ, շանտաժելով նրանց «մինչև շաբաթվա վերջ» պատերազմի սպառնալիքով, եթե 4 գյուղերը չհանձնվեն ադրբեջանցիներին։ Այն հարցի պատասխանը, թե դուրս կբերի՞ արդյոք Ալիևն իր ստորաբաժանումները ՀՀ օկուպացված 200 քառ. կմ տարածքից, ակներև է. դուրս չի բերի։ Հարցին, թե 4 գյուղերը հանձնելու դեպքում կվերանա՞ արդյոք պատերազմի վտանգը, Փաշինյանը բացասական պատասխան տվեց, բայց հավելեց, թե հույս կա:

«Չկան բանակցություններ, կա պարտադրված կամք, չկա բանակցող, կա թուրք-ադրբեջանական օրակարգի հնազանդ կատարող»,- փաստեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Փաշինյանի հետ միաժամանակ մարզեր մեկնեցին հասարակական մասնահատվածի ներկայացուցիչները՝ բնակչության հետ հանդիպելու. խոսքը «Մարտական եղբայրություն» և «Հայաքվե» կազմակերպությունների մասին է: Ակտիվիստներից մեկն օրերս հայտարարեց, որ բնակչության հետ հանդիպումների նպատակն է՝ բռնկել այն «կայծը, որից կբոցավառվի համաժողովրդական պայքարի հուրը»։ Եթե նախկինում զանգվածների պասիվությունը բացատրվում էր Փաշինյանի հանդեպ ունեցած վստահությամբ և իրազեկվածության ցածր մակարդակով, ապա այսօր ժողովուրդը լիովին հաշիվ է տալիս իրեն, թե ինչ է անում իշխող վերնաշերտը և ողջամտորեն է գնահատում Փաշինյանի առաջիկա ծրագրերը։ Նման կարծիքի է Բեքարյանը, որն ընդգծեց, որ «շանտաժի, մանիպուլյացիաների և կապիտուլյացիայի վերջը չի երևում», սակայն ժողովուրդը չի շտապում տապալել կապիտուլյանտի ռեժիմը:

Քաղաքագետի գնահատմամբ, Փաշինյանի գործողություններին ժողովրդի դիմադրության բացակայությունը հանգեցնում է ողջ միջազգային հանրության լուռ թողտվությանը: Իսկապես, եթե ժողովուրդն ինքը չի դիմադրում հայկական պետականությունը ոչնչացնելու մեկ անձի ծրագրերին, ապա ինչո՞ւ պիտի Փաշինյանի գործողությունները մտահոգեն արտաքին աշխարհին։ Ակնհայտ է, որ 4 գյուղերի հանձնման համատեքստում խոսքը վերաբերում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղիների նկատմամբ անմիջական ոտնձգությանը, շփման գծի առավել ամրացված հատվածում պաշտպանության փլուզմանը։

Դատողություններ անելով, թե «Կիրանցը հայկական է, իսկ Խեյրիմլին՝ ոչ, Բերքաբերը հայկական է, իսկ Կըզըլ Հաջիլին՝ ոչ, Բաղանիսը հայկական է, իսկ Բաղանիս-Այրումը՝ ոչ, Ոսկեպարը հայկական է, Իսկ Աշաղի Ասկիպարը՝ ոչ», Փաշինյանը փորձում էր թաքցնել գլխավորը. հայկական ստորաբաժանումների պաշտպանության ներքո շփման գծի փոխարինումը ցեղասպանական պետության հետ սահմանով։ Բանակային ստորաբաժանումները սահմանապահների շատ ավելի քիչ թվաքանակով փոխարինելը նշանակում է զորքերի հետքաշում և սահմանի բացում՝ տավուշցիների կյանքին սպառնացող վտանգով, իսկ դա հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ:

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը անօրինական հայտարարեց Փաշինյանի կողմից բնակավայրերի հակադրումը, քանի որ Աշաղի Ասկիպարը, օրինակ, ներառվել է Ոսկեպարի մեջ և դարձել դրա մի մասը, իսկ հայկական օրենսդրության մեջ ընդհանրապես բացակայում է անկլավ հասկացությունը, մինչդեռ 4 գյուղերի հանձնումից հետո հաջորդ փուլը, Պողոսյանի խոսքերով, այսպես կոչված «անկլավների» հանձնումն է լինելու։

Երբ 2021թ. մայիսին «Գոլոս»-ը գրում էր, որ Փաշինյանն անձամբ է ապահովել զավթիչների մուտքը Սյունիքի Սև լճի շրջան և Իշխանասար լեռ, ինչի մասին վկայում էր հայկական ստորաբաժանումներին տրված հրամանը՝ չկրակել սահմանախախտների վրա, շատերն առարկում էին, թե զավթիչներն անսպասելի են ներխուժել։ Այսօր Տավուշում Փաշինյանն արդեն բացահայտ է գործում։

6 տարվա ընթացքում իշխող վերնաշերտի քաղաքական հակառակորդները փորձել են զանգվածների մոբիլիզացման բազմաթիվ եղանակներ։ Այս օրերին ժողովրդի մեծամասնությունը լիովին գիտակցում է երկրի գլխավերևում կախված վտանգի աստիճանը, սակայն 2018-ի փողոցային պայքարի սցենարը կրկնել չի հաջողվում։ Այո, Տավուշում Փաշինյանին բնավ ջերմ չեն ընդունել, բայց 2021-ին Սյունիքում նրան դիմավորեցին է՛լ ավելի վատ, և ոչինչ

Այնպես է ստացվել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանում ունի իր առաջնորդը, իսկ հայ ժողովուրդը առաջնորդ չունի։ Այդ դերը 6 տարիների ընթացքում փորձել են Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյանը, այժմ առաջնորդի դերը փորձում է Լևոն Քոչարյանը։ Զանգվածները չեն շտապում ելնել պայքարի, իսկ բողոքի տեղային ակցիաներով Փաշինյանին ստիպել հրաժարական տալ անհնար է, ինչպես որ անհնար է զանգվածներին պայքարի մոբիլիզացնել ընդդիմադիր ռեսուրսների ապակենտրոնացման միջոցով։ Այս գաղափարն առաջ քաշվեց ընդդիմադիր ուժերի համախմբման անկարողությունը սքողելու համար։

ԱՅՆ ԹԵԶԸ, ԹԵ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԷ։ Ժողովուրդն ատում է Փաշինյանին ու իշխող վերնաշերտին, ատելությունը մղում է ամեն տեսակի իռացիոնալ գործողությունների, մինչդեռ ընդդիմությունն ամեն օր ցույց է տալիս իր ապիկարությունը զանգվածների մոբիլիզացման գործում։ 6 տարի շարունակ ռեժիմի պարագլուխը գրում է խելագարության տարեգրություն՝ միանձնյա ոչնչացնելով այն, ինչն իրենից առաջ ստեղծվել է տասնամյակներ շարունակ։ Ամեն դրվագի արդյունքում Բաքվի ու Անկարայի խամաճիկն ավելի է լկտիանում։ 4 գյուղերի հանձնման համատեքստում տեղին է մեջբերել մի հատված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում նրա տված ցուցմունքից։ Փաշինյանն այն ժամանակ հայտարարեց. «2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ …Բայց այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը ասաց, որ Ադրբեջանը առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից...»:

Ստացվում է, որ 2020-ին նա հրաժարվել է «անկլավները» հանձնելուց, իսկ այսօր՝ 4 տարի անց, պատրաստ է տալ 4 գյուղերը (ոչ անկլավներ)՝ շրջանցելով սահմանազատման քարտեզի առկայությունը։ Չլսված փաստ է, որ սահմանազատումն իրականացվի քարտեզի շրջանցումով, սակայն Փաշինյանը հաստատեց դա՝ չորեքշաբթի օրը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:

Ավելի ուշ մեկ այլ առիթով Փաշինյանը ասաց, թե Տավուշում «անկլավները» վերադարձնել այն ժամանակ իրեն առաջարկել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, բայց ինքը հրաժարվել է։ Այսօր իշխանական քարոզչամեքենան ՌԴ-ին է մեղադրում Արցախը հանձնելու և ադրբեջանցիների կողմից 200 քառ.կմ-ից ավելի ՀՀ տարածքի բռնազավթման մեջ։ Փաշինյանը շարժվում է տարածքների հանձնման ճանապարհով՝ փորձելով ամեն ինչում մեղադրել Պուտինին։ Արդեն ցրվել են վերջին պատրանքներն այն առնչությամբ, թե ուր է տանում երկիրը իշխող վերնաշերտը, զանգվածները գիտակցում են ընտրված ճանապարհի կործանարարությունը, բայց ժողովրդի ներսում ընթացող խմորումները չեն խաթարում լճացումը։

Արձանագրելով այս վիճակը՝ քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը հայտարարեց. «Այնպիսի տպավորություն է, որ երկրի բնակիչներին ինչ-որ բանով հարբեցրել են կամ թմրեցրել, որպեսզի զրկեն դիմադրելու կամքից»: «Ոսկեպարի հանձնումը նշանակում է Հայաստանի հանձնում, Ոսկեպարի պաշտպանությունը, որին այսօր պատրաստվում է ժողովուրդը, դա Հայաստանի պաշտպանությունն է»,- ընդգծել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ Փաշինյանի գործողություններում հստակ երևում է հանցակազմը, իսկ նրա կառավարությունը լեգիտիմ չէ: