ՄԵՐՁԵՑՈՒՄ ԽՈՍՏՄԱՆ ՏԱՐԱԾԱՉԱՓՈՎ

Եվրամիությունը 4 տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո նոր դրամաշնորհ, որը կօգնի, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկություններին զարգանալ և դուրս գալ նոր շուկաներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից առաջ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Եվրոպական Միությունը Հայաստանին ավելի մոտ լինելու խոստում է տվել և այսօր կատարում է այդ խոստումը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության տեսլականը ներկայացվել է 2023 թվականի հոկտեմբերին։ «ԵՄ-ն նախատեսում է ներդրումներ կատարել Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծում, դեպի Եվրոպա մաքուր էներգիայի արտահանման, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և միջոցներ մշակել առևտրի տարբերականացման համար»,- նշել է Ֆոն լեր Լյայենը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. առնվազն տարօրինակ է թվում Եվրահանձնաժողովի ղեկավարի այս հայտարարությունը, որը, ըստ էության, համարում է, թե ֆինանսական աջակցության հերթական խոստումը նշանակում է նախկին խոստումների կատարում: Նկատենք, որ 4 տարվա ընթացքում 270 միլիոն դրամաշնորհը հենց խոստում է։ Իսկ հասկանալու համար, թե ինչպես են ԵՄ-ի այդօրինակ խոստումները կատարվում գործնականում՝ բավական է հիշել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի 2021 թվականին տված խոստումը, որով նա ազդարարեց, թե 5 տարվա ընթացքում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 2,6 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն։ Եվ այսօր, երբ ԵՄ-ն հայտարարում է Հայաստանին նոր աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին, անմիջապես հարց է առաջանում. իսկ ի՞նչ եղավ նախկին խոստումը։ Եվ ինչո՞ւ մինչև հիմա 2,6 միլիարդի խոստման վերաբերյալ ոչ մի հստակություն չկա։ Ավելի ճիշտ, առայժմ պարզ է լոկ այն, որ դա ընդամենը խոստում էր։ Համապատասխանաբար, ընդամենը խոստում կարող է լինել նաև 270 միլիոն դրամաշնորհի ծանուցումը։

Գնահատելով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները՝ բազմաթիվ փորձագետներ ուշադրություն են դարձնում Հայաստանին որպես օգնություն իբր տրամադրվելիք գումարի չնչինության վրա: Իրոք, հաշվի առնելով կրկին նույն 2,6 միլիարդ գումարի պարագայում դրժած խոստումը, նորը պարզապես ծիծաղելի է թվում: Բայց այստեղ կարևոր է հաշվի առնել մի քանի նրբություններ: Հայաստանի համար, որից ակնկալվում է հրաժարում ՌԴ-ի հետ տնտեսական ինտեգրումից, ինչը մեկ տարվա կտրվածքով բերում է բազմամիլիարդանոց տնտեսական շահաբաժիններ, 4 տարվա ընթացքում 270 միլիոնը պարզապես գրոշ է։ Գրոշ, որի համար երկիրը վտանգվում է հայտնվել սոցիալ-տնտեսական աղետի շեմին։

Իսկ այ Փաշինյանի կառավարությանը 270 միլիոնը կարող է բավական մեծ գումար թվալ։ Չմոռանանք, որ համաձայն վերջին սոցհարցումների՝ գործող իշխանության նկատմամբ վստահության մակարդակը հայ հասարակության մեջ հասել է պատմական նվազագույն կետին։ Այլ կերպ ասած, հանրային այդպիսի աջակցություն ունեցող կառավարության համար գումարը միանգամայն համարժեք է։

Իսկ ընդհանրապես այս համատեքստում արժե հիշել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկը։ Այս տարվա փետրվարին բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, որքան հնարավոր կհամարի ԵՄ-ն: Հետո այդ բանաձևը կրկնում էին և՛ ինքը, և՛ իր թիմակիցները։ Ապրիլի 5-ին, ըստ էության, պարզ դարձավ, թե որքանով է հնարավոր համարում ՀՀ-ԵՄ մերձեցումը հենց ԵՄ-ն։ Խոսքը 270 մլն եվրոյի խոստման մակարդակով մերձեցման մասին է։ Նկատենք, որ ոչ մի հիշատակում, օրինակ, անայցագիր համակարգի մասին, ինչի հետ հույսեր է կապում հայ հասարակության մի մասը, եռակողմ հանդիպման արդյունքներով չհնչեց...