ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԱՅՆ, ՈՐ ՍՏԵՂԾՎԵԼ ԷՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ
2020 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տվյալներ էր հրապարակել ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի գնդակոծությունների վերաբերյալ: Նշված էին զենքի տրամաչափերը և մորատորիումի ռեժիմի խախտումների քանակը։ Խոսքը 3500 դեպքի մասին էր։ Գնդակոծությունները, որոնք արձանագրվել են ապրիլին Փաշինյանի Բրյուսել կատարած այցից հետո, թեկուզ ոչ շեշտակի, բայց այնուամենայնիվ հաճախակիացման միտում ունեն։ Հայկական կողմը ձեռնպահ է մնում համազոր գործողություններից՝ ադրբեջանական դիրքերի գնդակոծման մեղադրանքներից խուսափելու համար։ Խոսքը, հիշեցնեմ, հայկական տարածքում ադրբեջանցիների զավթած դիրքերի գնդակոծման մասին է։
Ցուցանշական է, որ իբրև հանգստացնող գործոն՝ ապրիլի 5-ին և դրա հաջորդ օրերին իշխանությունը վկայակոչում էր գնդակոծությունների անկանոն բնույթը։ Ի պատասխան՝ տեղի բնակիչները հեռուստախցիկների առջև ցույց տվեցին կրակոցներից այլանդակված իրենց տներն ու տնտեսական շինությունները։ Ստացվում է, որ գնդակոծություններն այնքան էլ անկանոն բնույթ չեն կրել, և դրանք չի կարելի բացատրել միայն Ալիևի զայրույթով՝ կապված Բրյուսելում Փաշինյանի ձեռքբերումների հետ, մանավանդ որ այդ ձեռքբերումներն այն կարգի են, որ եփած հավի ծիծաղը կգա....
2020թ. ապրիլին նկատվել էր նաև դրոնների ակտիվություն, որոնցից մեկը մոտավորապես ապրիլյան այս օրերին խոցվել էր Արցախի Հանրապետության ՀՕՊ համակարգի կողմից: Հաճախակի էին դարձել նաև սահմանային գոտում հակառակորդի օդուժի թռիչքները։ Արցախի շփման գծի ողջ երկայնքով ինժեներական նոր ենթակառուցվածքների շինարարության մասին հաղորդվել էր բազմիցս է: Ադրբեջանցիների ակտիվացման մասին նախազգուշացումները Արցախից ստացվում էին պարբերաբար, սակայն պաշտոնական Երևանը ոչ մի գործողություն չձեռնարկեց նախապատրաստվող ագրեսիան կանխելու ուղղությամբ:
Այդ անգործությունը հաստատեց վարկածը 44-օրյա պատերազմի պայմանավորված բնույթի մասին, ինչի արդյունքում Ադրբեջանին անցավ հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ը։ Արցախը հանձնելու պայմանավորվածությունները ձեռք են բերվել Դուշանբեի վերելակում 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ԱՊՀ համաժողովի շրջանակներում, ինչի մասին բազմիցս տեղեկացրել ենք մեր լսարանին: 44-օրյա պատերազմը 5 հազար հայ զինվորի կյանք խլեց։
Հրետակոծությունները, որոնք սկսվեցին ապրիլի 5-ին և շարունակվեցին հաջորդ օրերին, կարող են հաճախակիանալ մինչև ապրիլի 24-ը, երբ ողջ աշխարհի հայերը պիտի նշեն Արևմտյան Հայաստանում Ցեղասպանության 109-րդ տարելիցը, ինչպես նաև մայիսին. ադրբեջանցիները բաց չեն թողնի հայերի կողմից Շուշիի ազատագրման տարեդարձը: Ակնհայտ է, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը նրանց հետ չի պահում։ Գնդակոծությունների հաճախակիացումը կարող է նշանակել միայն մեկ բան. ադրբեջանցիները հող են շոշափում միանգամից մի քանի ուղղություններով ՀՀ տարածք ներխուժելու համար։ Չի բացառվում, որ դա տեղի ունենա ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին զուգահեռ (նոյեմբերի 5-ին), երբ արդեն պարզ կդառնա ֆավորիտի հետ կապված իրավիճակը։
Այսպես թե այնպես (այնպես՝ նշանակում է, որ ներխուժումը կարող է տեղի ունենալ մինչև աշուն) հակառակորդը պատրաստվում է նոր պատերազմի, իսկ իշխանությունը շարունակում է ժողովրդին կերակրել հեքիաթներով, թե իբր՝ Մխիթար Հայրապետյանի նախարարությունը պատրաստվում է փորձարկել հայրենի արտադրության նոր զինատեսակներ, իսկ ՊՆ-ն Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ամրացրել է երկրորդ պաշտպանական գիծը և նոր սպառազինության խմբաքանակ է սպասում Հնդկաստանից։ Թե ինչպես կդրսևորեն իրենց այդ զինատեսակները մարտական պայմաններում՝ ոչ ոք չգիտի։ Սակայն դժվար չէ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը, որը հսկայական քանակությամբ ժամանակակից հարձակողական սպառազինություն է ստանում Իսրայելից ու Պակիստանից, այդքան մտահոգված մեր երկրի ստացած չնչին մատակարարումներով, ներառյալ ֆրանսիական «Բաստիոնները», որոնք բնավ լավագույնս չդրսևորեցին իրենց ուկրաինական հակամարտության ընթացքում…
Բանն այն է, որ պատրաստվելով պատերազմի, Ալիևն ուզում է սահմանափակվել ադրբեջանական կողմի մարդկային նվազագույն կորուստներով, որպեսզի խուսափի զանգվածային ելույթներից, որոնք կարող են թուլացնել իր իշխանությունը։ Սա շատ կարևոր գործոն է, մեծ կորուստները կարող են հանգեցնել լուրջ ապակայունացման, այստեղից էլ բուռն արձագանքը ՀՀ-ին սպառազինության ցանկացած մատակարարումներին։
Ռեժիմի վերնաշերտը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ներշնչում է առանձնակի դյուրահավատ քաղաքացիներին, թե Հայաստանի անվտանգությունը եվրոպական դիտորդական առաքելության հուսալի ձեռքերում է։ 2024թ.ապրիլի 5-ից հետո հրետակոծությունների ակտիվացումը շատերին հիշեցրեց 2020թ. ապրիլը: Այն ժամանակ ռազմական փորձագետները զգուշացնում էին, որ այդ հրետակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ներխուժման նախերգանքն են: Բայց այդ նախազգուշացումներն անցնում էին Փաշինյանի ու իր ծառայանու ականջի կողքով։ Այսօր՝ 4 տարի անց, կրկին ապրիլ է, և կրկին թշնամին գնդակոծում է հայկական տարածքը, բայց արդեն ոչ Արցախում, այլ Հայաստանում։
Անհապաղ միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ ժողովրդի գլուխը թլսորում են երկրորդ պաշտպանական գծի աննախադեպ ամրապնդման մասին հեքիաթներով և զգուշացնում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցանկացած զանգվածային բողոքի ակցիա կարող է հանգեցնել ներքաղաքական ապակայունացման, ինչից անմիջապես կօգտվի Ադրբեջանը։ «Անկանոն» գնդակոծությունները վերագրում են Ռուսաստանի հրահրմանը, որը, ըստ ռեժիմի քարոզչամեքենայի պնդման, ակտիվորեն դրդում է Ալիևին ՀՀ-ի դեմ ագրեսիայի։
Ինչևէ, արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմն անկարող է ազդել Ալիևի ծրագրերի վրա, ակնհայտ է նաև, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կարող են զսպել Բաքվի ագրեսիվ ծրագրերը լոկ ժամանակավորապես: Դրա գիտակցումը թելադրում է բոլոր առողջ քաղաքական ուժերի ջանքերի համախմբման անհրաժեշտություն՝ կապիտուլյանտի ռեժիմը տապալելու համար։ Միայն այդ դեպքում ժողովուրդը կկարողանա իրական քայլեր ձեռնարկել ագրեսիան կանխելու ուղղությամբ և կպաշտպանի երկիրը, եթե նախագահ Ալիևը վերջնականապես կորցնի իրականության զգացումը:
Սպասվող ագրեսիայի գլխավոր վկայությունը Փաշինյանի հանդիպումն էր տավուշցիների հետ։ Հարցը միայն շանտաժը չէ, թե իբր՝ շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի, եթե չհամաձայնենք հանձնել 4 գյուղերը, այլ այն, որ Փաշինյանի քարոզչամեքենան անմիջապես սկսեց ժողովրդին պարտադրել անխուսափելի պարտության մասին միտքը։ Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա պարտությունն իրոք անխուսափելի կլինի, ինչպեսև բուն ագրեսիան Ադրբեջանի կողմից։ Եթե կապիտուլյանտի ռեժիմի տապալումից հետո ՀՀ-ում իշխանության գա ազգային մտածողություն ունեցող առաջնորդ, ապա Ալիևը կհասկանա, որ նման առաջնորդի օրոք ցանկացած ագրեսիա կարող է այնպիսի մասշտաբային մարդկային կորուստներ բերել ադրբեջանցիներին, որ իր համար շատ դժվար կլինի պաշտպանել սեփական երկիրն ապակայունացումից։ Բավական է հիշել 44-օրյա պատերազմից հետո Բաքվում տեղի ունեցած զանգվածային ընդվզումները, հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը…
Հավաքական Արևմուտքն Ալիևին ընկալում է որպես Ալեքսանդր Լուկաշենկոյի կրկնօրինակ, ուստի Ադրբեջանի ներսում ցանկացած ապակայունացում սպառնում է անկանխատեսելի հետևանքներով, և Ալիևին դա հայտնի է, ուստի նա ցանկանում է ողջ թափով օգտագործել այն ժամանակը, քանի դեռ իշխանության ղեկին Փաշինյանն է։ Իր հերթին, հայ ժողովուրդը պետք է օր առաջ համախմբվի ներքին և արտաքին թշնամիներին վճռական հակահարված տալու համար, հակառակ դեպքում Զանգեզուրով անցնող արտատարածքային միջանցքը մինչև տարեվերջ կարող է իրականություն դառնալ:
Կրկնեմ ևս մեկ անգամ. 2020 թվականի ապրիլին Արցախը ենթարկվել է 3500 գնդակոծության, դա սեպտեմբերի 27-ի ներխուժումից 5 ամիս առաջ էր։ Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, բնութագրելով ստեղծված իրավիճակը, օրերս հայտարարեց. «Այսպես շարունակել չի կարող, քանզի ընթացիկ իրադարձությունները հղի են մեծ ռիսկերով։ Դրանք կարող են անդառնալի բնույթ ստանալ, ուստի պետք է շտապ փոխել ճանապարհային քարտեզը, այսինքն՝ փոխել իշխանության գլուխ կանգնած մարդուն»։
«Այսօր ժողովուրդը բաժանված է նրանց, ովքեր ուզում են խաբվել, ուստի հավատում են Նիկոլին, և նրանց, ովքեր գիտակցում են այն ճանապարհի կործանարարությունը, որով տանում է երկիրը ռեժիմի պարագլուխը։ Ժողովրդի գիտակից հատվածը ձգտում է խուսափել նոր կոտորածի զոհերի ճակատագրից»,- հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։
Մտածող մարդկանց խնդիրը, նրա խոսքերով, զանգվածներին բացատրելն է, որ իրենց անվտանգությունն ուղղակիորեն կապված է նոր իշխանության հետ, որը կկարողանա հասնել լիցքաթափման, մինչդեռ գործող իշխանությունը տանում է երկիրն ահագնացման ճանապարհով: Ավաղ, ժողովրդի մի մասը, Հովհաննիսյանի հավաստմամբ, չի ցանկանում դուրս գալ հարմարավետության գոտուց և գիտակցել Փաշինյանի կողմից իրեն պարտադրվող կործանարար սուտը, որը 6 տարվա ընթացքում հազարավոր կյանքեր խլեց, հանգեցրեց Արցախի կորստին և ոչնչացման վտանգի տակ դրեց Հայաստանն ու նրա ժողովրդին։ 2020 թվականի ապրիլին նույնպես նախազգուշացումներ էին հնչում, իսկ գնդակոծությունների թիվը հաշվել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, ներկայումս «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Այսօր, նրա խոսքերով, Ալիևը սպասում է, թե երբ է Փաշինյանը կատարելու Տավուշի 4 գյուղերը հանձնելու իր խոստումը: