ԽՈՂՈՎԱԿԻ ՄԵՋ ՄՏՑՎԱԾ ԳԵՏԱՌԸ ՄԻ ՕՐ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵԼ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆԸ ՓՐԿԵԼ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ

Անձրևներից հետո Երևանի հեղեղումները քաղաքային անգրագետ կառավարման ու պլանավորման հետևանք են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Այս գիշեր Երևանում տեղացած հորդառատ անձրևը դարձյալ հեղեղումներ ու ավերածություններ է առաջացրել։ Կենտրոնում, Էրեբունիում, Շենգավիթում, Դավթաշենում և Նոր Նորքում փլուզումներ են եղել, արգելափակվել են մի շարք ավտոմեքենաներ։ Խնդիրը նոր չէ։ Գրեթե ամեն անգամ հորդ անձրևից հետո հեղեղումներն անխուսափելի են։ Քաղաքային իշխանությունը դա բացատրում է հեղեղատար համակարգի հին ու խցանված լինելով` ընդգծելով, որ քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից:

«Քաղաքի ղեկավարը չի պատկերացնում իրավիճակը, միայն ձևական գործակարգավարական խորհրդակցություններ են անում, որտեղ նստած են «Վեոլիա ջրի» ղեկավարը, աղբահանության հիմնարկի ղեկավարը, որը 4 տարվա մեջ 4-5 անգամ փոխվել է։ Այդ մարդիկ չեն ուզում բան փոխել, նստած են իրենց կաբինետներում»,– ասաց Վիկտոր Մնացականյանը` շեշտելով, որ 21-րդ դարում ՀՀ մայրաքաղաքում դեռ հարյուրավոր մարդիկ ցախավելներով են փողոցներն ավլում և փոշին, տերևները, ավազը լցնում հեղեղատարների մեջ, որովհետև բրիգադիրներ չունեն, որ աշխատանքը կազմակերպեն ու վերահսկեն։

Виктор Мнацаканян

Նախկին թաղապետը ձմեռվանից հետո չի նկատել, որ քաղաքապետարանի ու «Վեոլիա ջրի» համապատասխան մասնագետները մաքրեն աշնան տերևներով ու ձմռանը փողոցում ցանված ավազով խցանված հեղեղատարները։ Արդյունքում գարնանը անձրևների ջուրը հոսում է քաղաքի փողոցներով ու արդեն նաև ավերածություններ գործում։

Մնացականյանն ամենաարդյունավետ ելքը համարում է ժամանակակից նոր դրենաժային համակարգի մշակումը։

«Աշխարհի զարգացած երկրներում վաղուց արդեն այս մեթոդն են կիրառում։ Մայթերից, տանիքներից հոսող ջուրը պետք է հավաքել մի տեղ, պահել, որ հետո ամիսներով օգտագործենք թե՛ ոռոգման, թե՛ սեփական տներում տարբեր կարիքների համար, բացի խմելուց։ Օրինակ` եթե հաշվենք, թե մայիսի 3-ին Երևանում ինչ ծավալի անձրև է եկել ժամեր շարունակ, միանշանակ կարող ենք ասել, որ մենք վնաս ենք ունեցել, այն դեպքում, երբ այդ ջուրը կարող էինք ամիսներով անվճար օգտագործել ու հեկտարներով տարածքներ ջրել»,– ասաց նա։

Երևանի ներկա իշխանությունը, սակայն, նախկին թաղապետի գնահատմամբ, այս ուղղությամբ չի մտածում, մինչդեռ վաղը քաղաքը շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Մայրաքաղաքում այսօր մի քանի հարյուր բազմաբնակարան շենքեր են կառուցվում, բայց, ըստ Մնացականյանի, որևէ մեկի նախագծում չկա գրագետ դրենաժային համակարգի մոդել։

Затопленная дождем улица в Ереване

«Բայց սա դեռ տրագեդիան չէ, ամենամեծ աղետը կարող է լինել Գետառի վարարումը, ինչպես եղավ 1946թ–ի մայիսի 26-ին։ Եթե մայիսի 3-ի անձրևը շարունակվեր ևս 10-24 ժամ, Գետառը, որ հիմա մտցրել են խողովակի մեջ, պայթելու էր ու ավերեր ամբողջ փողոցը` Խանջյանից մինչև Հերացի։ Որովհետև առանց հաշվարկի, առանց փորձաքննության գետը մտցրել են խողովակի մեջ, մի քանի տեղում էլ փոխել են հունը։ Կոտայքից, Ավան, Նոր Նորք վարչական շրջաններից եկող հազարավոր տոննա անձրևաջուրը գալիս է դեպի Կենտրոն։ Տարբերությունը շուրջ 100-150 մետր է, և այդ արագությամբ ջրի հոսքի տակ Կենտրոնն ուղղակի ավերվելու է` միլիարդների վնաս պատճառելով։ Ինչո՞ւ։ Որովհետև մի խելքը գլխին մասնագետ չունենք»,– ընդգծեց Մնացականյանը։

Հնարավոր վտանգը կանխելու համար նա առաջարկում է այսօր դրսից մասնագետներ հրավիրել` Գետառի հունը և կառուցատարրերը ուսումնասիրելու։ Բացի այդ, անհրաժեշտ է համարում Երևանում քաղաքաշինական նորմերը վերանայելը։

Sputnik Արմենիա