ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ «ՆԻԿՈԼԱԿԱՆ ՑԱՏԿԱՆՆԵՐԻ ԱՂԱՆԴԸ»
Հայկական քաղաքական դաշտն օբյեկտիվորեն ամենից ապակրոնացվածներից մեկն է աշխարհում։ Եվ ոչ միայն Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների, այլև խորհրդային համակարգի դեռևս հնչող արձագանքի պատճառով, որը կոպտորեն հրել էր Եկեղեցու ինստիտուտը հասարակական-պետական շինարարության գործընթացների ծայրամաս։
Այս իմաստով Հայաստանն անհամեմատելի է, ասենք, Լեհաստանի, Իտալիայի, Արգենտինայի, Հունաստանի և բազմաթիվ այլ քրիստոնեական երկրների հետ, որտեղ Եկեղեցին անվանապես հեռացված է քաղաքականությունից, սակայն իրականում ամենաակտիվ մասնակցություն ունի դրան՝ հոտի վրա իր հեղինակությամբ ազդելու ճանապարհով։ Իսկ հոտը նախևառաջ ընտրազանգված է, հասարակական շրջանակներ, որոնք իրենց քաղաքական դիրքորոշումը ձևավորում են ոչ միայն կուսակցությունների մատուցմամբ, այլև հոգևոր դաստիարակության և ավանդույթների ազդեցությամբ։ Հոտը քաղաքական համակարգին եկեղեցու հղած ուղերձների հաղորդողն է և այդ համակարգի վրա ազդելու հզոր միջոց:
ԽՍՀՄ փլուզումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համեստորեն բավարարվեց Հայ Առաքելական եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակի և հայ ժողովրդի ինքնության ու քաղաքակրթական ժառանգության պահապանի իր դերի մասին Սահմանադրության կետով՝ ջանալով չհատել իր «տիրույթի» նախանշված սահմանը: Դա իմաստուն որոշում էր: Եկեղեցին գիտակցում էր, որ իր համար շատ ավելի կարևոր է ազգի հոգևոր փոխակերպումը խորհրդային դարաշրջանի աթեիստական ամայացումից հետո և Արևմուտքից գրոհող դիվապաշտության դարաշրջանի նախաշեմին, քան միջամտությունը քաղաքական գործընթացներին: Ժողովրդին և պետությանը հոգևորությամբ համակելը Հայ Առաքելական Եկեղեցու համար շատ ավելի նշանակալից առաքելություն էր, քան նրանց արտաքին պատյանը ։
Անկախության երեք տասնամյակների ընթացքում Հայ Եկեղեցին փորձեր չի ձեռնարկել միջամտելու քաղաքականությանը, և առավելևս ոչ մի խաղ չի վարել կուսակցությունների հետ: Հոգևորականներն իրենց քարոզներում երբեք չեն անդրադարձել իշխանության համար քաղաքական ուժերի պայքարի թեմային և չեն արտահայտել իրենց համակրանքը կամ նախասիրությունները: Ներքաղաքական ցնցումների շրջանում Եկեղեցու հայրերը հանդուրժողականության կոչ են արել բոլոր կողմերին, իսկ քահանաներն առաջինն են կանգնել իրավապահների և բողոքող զանգվածների միջև՝ արյունահեղություն թույլ չտալու համար։
Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն. այս պատվիրանը պահպանվել է անխախտ ու հստակ, որքան էլ այս կամ այն իշխանությունը, կուսակցությունները կամ քաղաքական շարժումները Սուրբ Էջմիածնի սրտով չլինեին: Եկեղեցին մինչև վերջ հավատարիմ մնաց գործերին և պարտականություններին փոխադարձ չմիջամտության մասին պետության հետ կնքված համաձայնագրին։ Հենց համաձայնագրին, քանզի հիշյալ սահմանադրական դրույթի ողջ էությունը հանգում է Սուրբ Էջմիածնի և ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորություններին՝ պահպանելու իրենց իրավասությունների նախանշված սահմանները։
Հենց այս մասին է նախընտրում սրիկայաբար լռել ներկայիս ռեժիմը, երբ մեղադրում է հոգևորականներին քաղաքականությանը միջամտելու մեջ։ Բայց եթե անգամ այդպես է, ապա փաշինյանական հանցախումբը, անկասկած, առաջինն է խախտել համաձայնագիրը։
Երբ Փաշինյանի կողմից իշխանության յուրացման հենց արշալույսին, նախապես զրկելով Կաթողիկոսին սահմանված պետական պահպանությունից, նրա վրա, կատաղած շների պես, քըսի տվեցին դիվահար վիժվածքների ոհմակներին, մի՞թե դա միջամտություն չէր Եկեղեցու գործերին։ Երբ իրեն լուսավորյալ բարեփոխիչ երևակայած իշխանավոր թերուսը փորձեց արգելել քահանային մտնել Արտաշատի դպրոց, մի՞թե դա համաձայնագրի խախտում չէր։ Նժդեհի հիշատակն անարգող շշմած հավը ԿԳՄՍՆ ղեկավարի պաշտոնում ինքն է որոշում՝ պետք է, թե ոչ և ինչ ձևաչափով դասավանդել ՀԱԵ պատմությունը ուսումնական հաստատություններում. մի՞թե դա սահմանված շրջանակների հատում չէ:
Վեց տարի շարունակ Փաշինյանի «ֆեյքերի ֆաբրիկաները» կեղծ կոմպրոմատներ են անդադրում կաղապարում սուրբ հայրերի դեմ։ Նիկոլի անուղեղ հետևորդների շրջանակներում համառորեն տիրաժավորվում են աբսուրդ թեզեր՝ իբր մոմերի վաճառքից ստացվող միլիոնների շրջանառության, թմրավաճառության և ՀԱԵ-ի կառավարման տակ գտնվող հասարակաց տների մասին…
Մի՞թե նրանց թվում է, թե Եկեղեցին ու իր հոտը չգիտեն, թե ով է կանգնած ողջ այդ զազրանքի և դիվահարության հետևում։
Եկեղեցին խախտե՞լ է իր ուխտը: Նա չի խախտել, սակայն բացարձակ և անվիճելի իրավունք ունի չեղարկելու դա։ Չեղարկելու՝ իր դեմ հարձակումներից, իր հովանավորյալ ժողովրդի ազգային, մշակութային և պատմական ինքնությունը ոչնչացնելու կեղտոտ արշավից, թմրամոլության, սեռական անառակության, հոգևոր ու մտավոր հետադիմության թույնով իր հոտին թունավորելու չդադարող փորձերից հետո:
Վերջապես, թշնամուն այն ժառանգությունը սառնասրտորեն հանձնելուց հետո, որը Հայ Եկեղեցին իր որդիների ու դուստրերի հետ ձեռք-ձեռքի փայփայել է աչքի լույսի պես դարեր շարունակ: Այն բանից հետո, երբ Արցախը դրեցին զոհասեղանին, գազանների երախը նետեցին նրա ժողովրդին, նրա հողը, նրա վանքերն ու խաչքարները, մոռացության մատնվեցին հին աղոթքները…
Ո՞վ կհամարձակվի այս ամենի խորապատկերին պահանջել Եկեղեցուց, որ ոչինչ չասի ու չանի՝ լուռ հետևելով պետության ոչնչացմանը և ազգի բուն էության կործանմանը։
Այսօր պատգամավորական մանդատները գրպանը դրած ինչ-որ տականքներ իրենց թույլ են տալիս ցինիկաբար ճամարտակել ԱԺ ամբիոնից, թե իբր՝ ՀԱԵ-ն մոտ է քաղաքական կուսակցություն ստեղծելուն։ Այդպիսի բարբաջանքը նրանց թվում է զվարճալի և շատ սրամիտ: Մինչդեռ իրենց սեփական թերուս առաջնորդը, իրեն երևակայելով ոչ այն է Հովհան Ոսկեբերան, ոչ այն է Թովմա Ակվինացի, խրատախոսություններ է կարդում ճշմարտության մասին, սաղմոսներ արտասանում և հավասարեցնում իր գարշելի հեղափոխությունը Քրիստոսի առաքելությանը…
Դե ինչ, ճիշտ ժամանակն է, որ սրանք ստեղծեն իրենց սեփական «եկեղեցին»: Ասենք՝ «Իջևանցի ստահակի վրա իջած Աստծո շնորհի եկեղեցի»։ Թեպետ, նման մի բան արդեն կա. նիկոլական ցատկանների աղանդը։ Իսկ աղանդների հետ Հայ Առաքելական Եկեղեցու խոսակցությունը, ինչպես ցույց է տալիս նրա երկար ու հարուստ պատմությունը, միշտ չափազանց կարճ է եղել։