ԱԶԳ-ԲԱՆԱԿ, ԱԶԳ-ԱՄՐՈՑ, ԱԶԳ-ՏԱՃԱՐ

Այդ մարդն ամեն օր ինչ-որ նոր բան է հաղորդում մեզ՝ մեր իսկ մասին, այն մասին, թե ինչպիսին պետք է դառնանք մենք՝ հայոց պետությունը։ Նա խոսում է պարզ լեզվով, բայցև շատ հաճախ՝ բանաձևերով, որոնք ասես ճախրում էին օդում, բայց մենք չէինք հասկանում դրանք և չէինք որսում: Նա բառացիորեն երկու շաբաթվա ընթացքում դարձրեց մեզ բոլորովին այլ մարդիկ, պարզապես փոխակերպեց դեռ վերջերս մոլորված, անողոք ճակատագրին հնազանդված, Հայրենիքի, պետության և սեփական անձի վերջնական աղետը կանխելու համար իր անելիքը չիմացող, հուսահատված և ամենքի հանդեպ հավատը կորցրած ժողովրդին։ Եվ կրկին վերածեց ազգի:

Նա մեզ վերադարձրեց մեր սիրելի երգերը, և մենք հանկարծ նորից երգեցինք դրանք, վերադարձրեց մեր սիրելի ազգային հերոսներին, հիշեցրեց, որ մենք դարերի խորքից եկած, մեծամեծ գործեր կատարած և Աստծո կողմից ուրույն առաքելությամբ օժտված ազգ ենք: Հիշեցրեց ազգային արժանապատվության մասին, և մենք հանկարծ նորից զգացինք այն, կրկին գիտակցեցինք, որ անասելի հարուստ պատմության ու մշակույթի ժառանգներն ենք և ունենք անգնահատելի, մեծագույն գանձ: Այդ գանձը մեր Եկեղեցին է:

Մարդիկ, դո՞ւք էլ եք հստակ զգում, թե ինչպես է փոխվել շուրջբոլորն ամեն ինչ, ինչպես ենք փոխվել մենք, և ինչպես է փոխվել մթնոլորտը երկրում և աշխարհասփյուռ հայության միջավայրում: Մենք՝ հայերս կրկին գիտակցեցինք մեզ որպես մեկ ազգ ու մեկ ժողովուրդ, որի ուժը, ինչպես դասականն է ասել շատ վաղուց, միասնության մեջ է։ Կրկին տեսանք, թե որքան հարուստ է մեր ժողովրդի մարդկային ներուժը, որքան շատ են մեր մեջ խելացի, բանիմաց, գրագետ, ազնիվ, կարողունակ, Հայրենիքին նվիրված մարդիկ:

Մինչդեռ 6 տարի շարունակ մեզ համառորեն պարտադրում էին խղճուկ, նսեմացնող, խայտառակ, ամենապրիմիտիվ ու ողորմելի մակարդակի իջեցնող թեզը. «Եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ»։

Երեկ հանրահավաքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոչ միայն պարզապես խոսում էր, այլև հնչեցնում ճշմարտություններն ու նշագծում ճանապարհը: Եթե հաշվի առնենք բողոքի շարժման առաջնորդի ձեռնարկած յուրաքանչյուր քայլի արդեն անզեն աչքով ակներև հանգամանալի նախապատրաստվածությունը, գրագիտությունը, կշռադատվածությունն ու նպատակաուղղվածությունը, ապա, ամենայն հավանականությամբ, Սրբազանը ներկայացնում է հավաքական ջանքերով մշակված հայեցակարգային բանաձևեր: Եվ արդյունքում դրանք դառնում են է՛լ ավելի արժեքավոր, քանզի կրկին իսկ ցույց են տալիս մեզ մոռացվածը. ընդհանուր վեհ նպատակով միավորված համատեղ մտածողության, միասնական կամքի ու ջանքերի ուժն ու հզորությունը։

Հիշեցնեմ այդ բանաձև-հայեցակարգերից լոկ մի քանիսը:

Ոգին հաղթելու է «դուխ»-ին: Հաջողության բացարձակ բանաձև ազգի համար, որը գտնվում է այնպիսի ողբալի ու ողբերգական իրավիճակում, որից, ինչպես թվում էր դեռ մեկ ամիս առաջ, ելք չկա: Ինչում մեզ ջանադրաբար և բավական արդյունավետ փորձում էին համոզել բոլորը. և՛ իշխանությունները, և՛ արտաքին դերակատարները։

Եռագույնը հաղթելու է «սևին» ու «սպիտակին»։ Մայիսյան երկու շաբաթներն ապացուցեցին այս թեզի ողջ կարևորությունը, ավելին. կարելի է արձանագրել, որ դա արդեն տեղի է ունեցել։

Տաճարը հաղթելու է փողոցին: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին 6 տարի առաջ բոլորը հրճվանքով հայտարարում, թե իբր՝ մենք արդեն սովորել ենք հեշտությամբ փոխել իշխանությունը, դրա համար պետք է ընդամենը փողոցներ փակել ու քայլել։ Պարծենկոտ ճամարտակելով, թե իբր՝ եթե այս «նորերը» մեզ դուր չգան, կհեռացնենք նրանց նույն ճանապարհով։

Ժամանակը ցույց տվեց, թե ինչպիսին կարող է լինել փողոցից եկած իշխանությունը. զուրկ հոգևորության, ինտելեկտի, կարողությունների և հմտությունների, ձեռնհասության ու խղճի չնչին իսկ նշույլից։ Եվ միայն Տաճարը՝ որպես բարոյական բարձր հատկանիշների և արժեքների հավաքական կերպար, հավատքի, բանականության, գիտելիքի ու լույսի, Հայրենիքին ու ազգին հավատարմության առանցքակետ, կարող է հաղթել այն խավարին, որ իր հետ բերեց նույն այդ «փողոցը»։

Մեկ վերապահումով. «փողոց» ասելով ոչ մի դեպքում չի կարելի նկատի ունենալ ժողովրդին, այլ միայն ուղեղները լվացած խաժամուժին, որի համար միակ «կրոնը» սեփական բարեկեցությունն ու կուշտ փորն է:

Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-Տաճար: Եթե մտամուխ լինենք, ապա այս եռամիասնության մեջ է թաքնված այն գաղտնի «ծածկագիրը», որը կարող է ապահովել դարեր շարունակ շատ ավելի հզոր ու հարուստ թշնամիներով շրջապատված գոյատևելու հարկադրված ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանվածությունը։ Ազգ-բանակ. սա մենք արդեն փորձել ենք իրագործել, բայց, ըստ երևույթին, սխալ կողմից ենք սկսել կամ մեզ պարզապես խանգարել են. նրանք, ում բնավ պետք չէ, որ հայերը դառնան ազգ-բանակ: Առավելևս՝ ազգ-ամրոց և ազգ-Տաճար։

Քանզի այդժամ հայերը կդառնան անպարտելի և անենթարկելի այն նողկալի-ցինիկ փորձերին, որ մշտապես ջանում են իրականացնել մեր նկատմամբ։ Քանզի դա կնշանակի իրական միասնություն և իրական համախմբում ազգային ու հոգևոր արժեքների շուրջ, որոնք բնական ռեսուրսների բացակայության պայմաններում կարող են ապահովել հայ ժողովրդի ինքնարժեվորումն ու ինքնաբավությունը՝ ամրապնդված մտավոր հսկայական ներուժով ոչ միայն Հայրենիքում, այլև ողջ աշխարհում:

Եվ վերջում արքեպիսկոպոսը արտասանեց խոսքեր, որոնք, վստահ եմ, սարսուռով պատեցին շատերին և արցունք քամեցին աչքերից... «Ես առանց Արցախի խեղդվում եմ։ Բայց ես չեմ ուզում խեղդվել։ Ուրեմն Ոսկեպարով՝ դեպի Արցախ»։

«Մենք խեղդվում ենք առանց Արցախի». հարյուր հազարավոր հայեր կարող են կրկնել դա Սրբազանի օրինակով։ Մենք կարող էինք խեղդվել Հայրենիքի անգին պատառիկի նկատմամբ մեր անսպառ կարոտից, եթե տեղի չունենար այն, ինչն արդեն հրաշք է թվում. դա մեզ ստիպեց զգալ, որ չենք ուզում խեղդվել: Մենք ուզում ենք ապրե՛լ: Մենք ուզում ենք պայքարել և պայքարելո՛ւ ենք։ Եվ միայն այդ դեպքում կարող ենք հաղթել մեզ պատած խավարին։ Եվ վերադառնալ Արցախ՝ Ոսկեպարով։

…. Իսկ դուք նկատեցի՞ք, որ շուրջ 100 000 հայրենակիցների միավորած և հաղթական նոր ճանապարհի սկիզբը նշանավորող առաջին հանրահավաքը տեղի ունեցավ մայիսի 9-ին: Վերջին տարիներին թշնամիների կողմից հոգեբանական ճնշման արդյունավետ գործիք դարձած խորհրդանշականությունը սկսում է աշխատել մեր՝ հայերիս օգտին: Եվ անպայման բումերանգի պես հարվածելու է նրանց, ովքեր այդքան ձգտում էին ահավոր ցավ պատճառել մեզ ու գցել հավերժական դեպրեսիայի մեջ:

Թող հիմա իրենք՝ ներքին ու արտաքին թշնամիները մտածեն ու վախենան, որ Մայիսը մեր՝ հայկական մեծ հաղթանակների ամիսն է։