ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԲԵՐՈՒՄՈՎ ԱՊԱՇԽԱՐՈՂՆԵՐԻՆ ՆԵՐՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Հասարակական պայթյունից, որը կհանգեցնի ռեժիմի տապալմանը, ամենից շատ վախենում է բնավ ոչ Փաշինյանը։ Շատ ավելի են վախենում նրա կուսակիցներն ու մերձավոր կամակատարները։ Եթե Նիկոլը տեսականորեն հնարավորություն կունենա ծվարել ինչ-որ բունկերում, իսկ հետո, մեզ հայտնի դեսպանների աջակցությամբ, հասնել ինքնաթիռ կամ ուղղաթիռ, որպեսզի բարեհաջող ճողոպրի, ապա մյուսներին այդպիսի վարդագույն հեռանկար չի ժպտում։

Եթե Նիկոլն անձամբ անվտանգության երաշխիքներ է ստացել նույն այդ դեսպաններից իր համար՝ ընտանյոք հանդերձ, ապա կեղտոտ գործերի իր հանցակիցներին ոչ ոք չի օգնի փրկել սեփական կաշին։ Համաձայնեք, ինչո՞ւ պիտի Քրիստինա Քվինն ու ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգվեն Վահագն Ալեքսանյանի, Անդրանիկ Քոչարյանի և դրանց նմանների անվտանգությամբ։ Ասենք՝ Գնել Սարգսյանի, որն իր քարոզչական զազրախոսությամբ ոչ մի հնարավորություն չի թողել իրեն առանց վախի դուրս գալ սեփական տան բակ, երբ Փաշինյանը իզով-թոզով չքանա։

Ինչո՞ւ պիտի Քրիստինա Քվինն ու Պետդեպը փրկեն Սասուն Միքայելյանին, Հովիկ Աղազարյանին, Արփի Դավոյանին կամ Գագիկ Մելքոնյանին։ Այդ կերպարները հաստատ ոչ մի կերպ պետք չեն գա ԱՄՆ-ին կամ Կանադային՝ Փաշինյանի շուրջ քաղաքական վտարանդի «առաջադիմականների» կոհորտա ձևավորելու համար, որոնք օվկիանոսի այն ափից կշարունակեն «գաղափարական պայքարը Հայաստանում իշխանությունը զավթած ազգայնական ուժերի դեմ»։ Դժվար թե նրանց անուղեղ դատարկախոսությունն ու քարթու կերպարանքը օգտակար լինեն CNN-ին կամ կանադական NTSC-ին՝ «ազատ մայրցամաքի» ափերին հանգրվան գտած հայկական լիբերալիզմին իսկապես ազնիվ, ոգեղեն իմիջ հաղորդելու համար։

Ի վերջո, Փաշինյանի ինքնաթիռը Նոյյան տապանը չէ, որ տեղավորի կենդանական աշխարհի ողջ բազմազանությունը՝ սկսած փղերից և վերջացրած գետնասկյուռներով։ Այնտեղ կարող է խցկվել 50-60, առավելագույնը՝ 100 առանձնյակ, այն էլ միայն նրանք, որոնց ինքը հարկ կհամարի տանել իր հետ, բնականաբար՝ նույն տիկին Քվինի համաձայնությամբ։ Եվ, ի դեպ, բնավ փաստ չէ, թե այդ 50-60 կամ 100 հոգին կներկայացնեն բացառապես հանրային դաշտում երևացող ՔՊ-ական սերուցքը։ Ամենևին։ Փաշինյան զույգի համար կան կուսակցական վերնաշերտից շատ ավելի կարևոր մարդիկ։

Այդպիսիք են, օրինակ, վարչապետի օֆշորային հաշիվների գաղտնիքները կրողները, միջնորդները՝ հայոց պետականության համատեղ փլուզման շուրջ Էրդողանի և Ալիևի հետ նրա բանակցություններում, ընտանեկան ամենանվիրական գաղտնիքների պահապանները և նույնիսկ, շատ հնարավոր է, տիկին Էրատոյի անձնական ոճաբանը։

Այնպես որ, հաշվի առնելով ասված ամենը, ապագա թռիչքում տեղերը բաշխված են, իսկ միջանցումում և զուգարանում մնացած դատարկ տեղի գինն աճել է անսահման: Ինիքնաթիռ նստելու համար իսկական գզվռտոց է սկսվելու. ով է առավել նվիրված Նիկոլին, ով է նրան բոլորից ավելի սիրում և ով է բոլորից ցածր խոնարհվում նրա առջև։

Մայիսի 9-ին ՔՊ-ական մի շարք պատգամավորներ և նրանք, ովքեր 6 տարի շարված են եղել իշխանական կերամանի շուրջ, փոխարինեցին իրենց համացանցային էջերը «առաջնորդի» լուսանկարներով և համալրեցին նրա լեգիտիմ ընտրված լինելու մասին գրառումներով։ Ասել է թե՝ մենք հավատարիմ ենք քեզ, ինչպեսև նախկինում, և այդպիսին կմնանք առհավետ։

Տարօրինակ կլիներ այդ կերպարներից այլ արձագանք ակնկալել տեղի ունեցող ամենի նկատմամբ։ Եվ ոչ այն պատճառով, թե նրանք բոլորը պատրաստ են կյանքը դնել փաշինյանական պայքարի զոհասեղանին։ Նրանք պարզապես ամենաճղճիմ կերպով ուզում են ապահովագրվել իրենց գուրուի ողորմածությամբ, որպեսզի վերջինս միայնակ չթողնի իրենց ժողովրդական զայրույթի և անխուսափելի հատուցման արջև։

Բայց բոլորն անխտիր, կախարդական փայտիկի մեկ շարժումով, կկորցնեն հավատն իրենց մեսիայի նկատմամբ, հենց որ հասկանան, որ ներառված չեն նրա «ընտրյալների տապանի» ուղևորների մեջ: Ավելին, տվյալ սուբյեկտներն արդեն լավ հասկանում են դա, պարզապես առնետի բնազդը դեռ թելադրում է նրանց, որ չկորցնելով հույսի վերջին պղպջակները, մնան միասին, կույտ կազմեն դողդողացող ոհմակով ու համախմբվածության զգացում ներշնչեն նախևառաջ իրենք իրենց։ Իրականում այդ զգացումի նշույլ անգամ չկա։

Բավական էր Բագրատ Սրբազանը պարզապես արտաբերեր Թորոսյանի և Ռուստամ Բաքոյանի անունները՝ ՔՊ-ում տեղնուտեղը խուճապ առաջացավ։ Իրար խառնվեցին բոլորը. և՛ այն փոքրաթիվ երջանիկները, որոնց տեղը ծլկող «մարմնի» կողքին երաշխավորված է, և՛ նրանք, ովքեր գիտեն, որ իրենց թույլատրված չի լինի նույնիսկ կառչել շասսիից։ Առաջինները կատաղի վրդովվում են հեղափոխության առաջնորդին և դրա արժեքներին հնարավոր դավաճանության պատճառով, երկրորդներին տանջում են կասկածները. իսկ ժամանակը չէ՞ արդյոք գրողի ծոցն ուղարկել առաջնորդին և փրկել սեփական կաշին։

Ուշագրավ է, որ բոլոր այս տարիներին շրջապատի նկատմամբ Նիկոլի անվստահությունն ու կասկածամտությունը դարձել են ասելիք։ Խոսակցություններ են շրջում, որ նրա մոտ այդ հողի վրա իսկական ֆոբիա է զարգացել, ուստի չկա որևէ մեկը՝ ո՛չ հին համախոհներից, ո՛չ էլ նորերից, որին նա վստահի հարյուր տոկոսով։ Հնարավոր է, որ Փաշինյանը պարզապես լավ է ճանաչում իր թիմակիցներին, քանի որ ինքն է իր շուրջ թիմ հավաքել քաղաքական ու բարոյական տարատեսակ թափթփուկներից, բացարձակ սրիկաներից ու փողոցային անբաններից։

Սակայն հարցն այն է, որ անվստահությունն ու կասկածամտությունը տվյալ դեպքում երկկողմ մահակ են կամ երկկողմանի երթևեկությամբ փողոց: Դժվար թե Նիկոլի խայտաբղետ թիմը անվերապահ վստահություն ունի նրա նկատմամբ։ Դժվար թե նրա էությունը մինչև ուղնուծուծը հասկացած թիմակիցները չգիտեն, որ նա միշտ պատրաստ է խաբել, մատների վրա խաղացնել, «քցել» ում ասես և երբ ասես։ Նույնիսկ ամենամտերիմ ընկերներին, նույնիսկ սեփական ընտանիքի անդամներին: Եվ առավելևս կանի դա առանց վարանելու, եթե խոսքը վերաբերի իր սեփական, անձնական կաշին փրկելուն։

Բայց նույնիսկ այդ ամենով հանդերձ՝ ցանկություն չկա կոչ անելու նրա թիմին, որ հնարավորինս շուտ խելքի գան և լքեն իրենց դիվահար կուռքին։ Ընդհակառակը, ցանկալի է, որ այդ թիմը հնարավորինս ուժեղ դաղվի՝ վերջին պահին գիտակցելով իր բթամտությունը, ողորմելիությունն և անարժեքությունը։ Ցանկալի է, որ նրանցից ոչ մեկը չնչին իսկ առիթ չունենա պատճառաբանելու և արդարանալու, թե «ուշքի է եկել» Նիկոլի ինքնաթիռի օդ բարձրանալուց մեկ օր, մեկ ժամ կամ նույնիսկ մեկ րոպե առաջ։

Հանգամանքների բերումով, այլ ոչ թե համոզմունքների և խղճի թելադրանքով ապաշխարողներին ներում չպետք է լինի: Նրանք արժանի են լիարժեք պատժի, և պիտի պատժվեն: Նիկոլը, միևնույնն է, հեռանալու է վերը նկարագրված ճանապարհով։ Եթե ոչ այսօր, ապա վաղը կամ մեկ-երկու ամիս անց։ Թողնելով, որ իր պատմական արկածախնդրության օգտագործված նյութը պատասխան տա արածի համար։