ԱՅՍՕՐ ԼԵԳԵՆԴԱՐ ԿՈՄԱՆԴՈՍԸ ԿԴԱՌՆԱՐ 85 ՏԱՐԵԿԱՆ

Այսօր Արկադի-Տեր Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը կդառնար 85 տարեկան։

Արկադի Տե-Թադևոսյանը ծնվել է 1939 թ.-ի մայիսի 22-ին, Վրաստանի Խորհրդային Հանրապետության Թբիլիսի քաղաքում: 1962թ. ավարտել է Բաքվի հետևակային ռազմական ուսումնարանը: 1972թ. ավարտել է Լենինգրադի ռազմական ակադեմիան:

Եղել է ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի հրամանատարներից: 1962-1990թթ.` ծառայել է Լենինականում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելոռուսիայում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:

1988թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել աշխարհազորայինների ուսուցման և պատրաստման գործընթացում: 1990թ.-ի մայիսին զինվորագրվել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին: 1991թ. մայիսի 6-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված Պաշտպանության կոմիտեի արտազորային պատրաստության բաժնի պետ: 1991թ.-ի հուլիսի 13-ին ԼՂ ինքնապաշտպանական ուժերի գործունեությունը համակարգելու և կամավորականներին ռազմակամ գործ ուսուցանելու նպատակով գործուղվել է Ստեփանակերտ:

1992թ. փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն Խորհուրդի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար: 1992–2001թթ.՝ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: 2001թ.-ից եղել է ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահ:

2009թ. մայիսի 8-ին ԼՂՀ նախագահի թիվ 40 հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

1992թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1991-1992թթ. Տեր-Թադևոսյանը ղեկավարել է Տողի, Սարինշենի ազատագրական, Մարտակերտի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերը:

1991-1992թթ. նրա ղեկավարությամբ կազմվել է Շուշիի ազատագրման պլանը և 1992թ.-ի մայիսի 8-9-ին իրագործվել մարտավարական տեխնիկայի բարձր մակարդակով:

Լեռնային պայմաններում վարպետորեն կռվելու համար Աֆղանստանում նրան անվանում էին «Լեռնային աղվես» («Горный лис»), իսկ Արցախում` անձնական քաջության և հրամանատարական օժտվածության համար, ազատամարտիկների և խաղաղ բնակիչների շրջանում ստացել է «Կոմանդոս» պատվանունը:

Ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է 2021 թ-ին՝ մարտի 31-ին։

ArmRadio.am