ԻՆՉՈ՞Վ Է ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆՈՒՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՝ ԲԱՆԱԿՑԵԼՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Մի քանի ժամվա տարբերությամբ Երևանում և Թբիլիսիում հնչեցին իշխանության բարձրագույն շրջանակների ներկայացուցիչների երկու հայտարարություններ։ Տարօրինակ զուգադիպությամբ երկուսն էլ վերաբերում էին նույն թեմային: Բայց տարօրինակ ոչինչ չկար հակադիր ասելիքի մեջ. այդ սկզբունքային տարբերությունը նկատվել ու նշվել է արդեն բազմիցս։ Ավաղ, բնավ ոչ հօգուտ Երևանի։
Ալեն Սիմոնյանն արդեն վաղուց հրամցնում է մարգարիտներ, որոնց ցինիզմն անցնում է նույնիսկ առանձնակի բարոյականությամբ աչքի չընկնող իրական քաղաքականության բոլոր սահմանները: Այս անգամ, սակայն, պետք է շնորհակալություն հայտնել նրան՝ անկեղծ խոստովանության համար, թե ինչով է զբաղվում Հայաստանի դե ֆակտո իշխանությունը։ «Քաղաքականությունը առևտուր ա, այսինքն ձեզ թվում ա, որ երբ մենք մեր միջազգային գործընկերների հետ բանակցում ենք, մենք քաղաքական առևտրով չե՞նք զբաղվում»,- հայտարարեց սույն ինքնասիրահարված արարածը, ընդ որում մեղադրելով Հայ Եկեղեցուն առևտրով զբաղվելու մեջ։
Դրանից մի քանի ժամ անց լրատվական կայքերը հրապարակեցին Վրաստանի իշխող կուսակցության հայտարարությունը, որում նույնպես շոշափվում էր քաղաքական առևտրի թեման: Բայց բոլորովին այլ բովանդակությամբ: Պատասխանելով այն հաղորդագրությանը, որ Վաշինգտոնը պատրաստ է ավելացնել Թբիլիսիին ցուցաբերվող աջակցությունը, եթե իշխանությունները «հրաժարվեն հակաարևմտյան հռետորաբանությունից, օտարերկրյա գործակալների մասին օրենքից և վերադառնան ժողովրդավարության ուղի», «Վրացական երազանքը» հայտարարություն տարածեց, որում, ի թիվս ամենի, ասված է. «Վրաստանի կառավարությունը առևտուր չի անում ինքնիշխանությամբ և խաղեր չի խաղում»:
Ավելի քան մեկ ամիս շարունակ այդ երկրի իշխանությունները դիմադրում են ներսից ու դրսից գործադրվող հզորագույն ճնշմանը՝ պաշտպանելով ինքնիշխանության և անկախ քաղաքականության իրենց իրավունքը և մերժելով որևէ մեկի միջամտությունը իրենց պետության գործերին: Ավելի քան մեկ ամիս շարունակ ԵՄ-ն և ԱՄՆ-ը դիմում են սպառնալիքների և բացահայտ շանտաժի, որոնք ավելի շատ հիշեցնում են հարվածներ գոտկատեղից ներքև. այն է՝ և՛ զրկում ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից, և՛ հրաժարում անդամակցության շուրջ բանակցություններից, և՛ ամերիկյան օգնության դադարեցում, և՛ նույնիսկ պատժամիջոցներ։
Պաշտոնական Թբիլիսին անսասան է իր դիրքորոշման մեջ՝ գիտակցաբար վտանգելով այն ամենը, ինչին երկիրը հասել է տասնամյակների ընթացքում։ Եվ հստակ հայտարարում է. երկրի ինքնիշխանությունը առևտրի առարկա լինել չի կարող։
Ալեն Սիմոնյանը, ընդհակառակը, բացահայտ ասում է, որ իր թիմի համար քաղաքականությունը առևտուր է։ Շատ պրագմատիկ իմաստով դրան ինչ-որ տեղ կարելի է համաձայնել։ Բայց մի էական վերապահումով. պետության մակարդակով քաղաքական առևտուրը միշտ ենթադրում է հոծ կարմիր գծերի առկայություն, որոնք հատելն անթույլատրելի է ցանկացած պարագայում։ Այդ կարմիր գծերն անքակտելիորեն կապված են ազգային-պետական շահերի հետ, որոնք ոտնահարելը նշանակում է՝ կատարել սարսափելի հանցագործություն. դավաճանություն։
Բացի այդ, եթե անգամ պետության արտաքին քաղաքականությունը հիշեցնում է առևտուր, ապա դա պահանջում է հսկայական վարպետություն, պրոֆեսիոնալիզմ, խոր գիտելիքներ և հմտություններ՝ նպատակին հասնելու, սեփական երկրի օգտին առավելագույնը կորզելու համար։ Պետք է հստակ իմանաս՝ ինչ ես տալիս և ինչ ես ստանում դրա դիմաց։ Եվ հաջող կարող է համարվել միայն այն քաղաքական առևտուրը, որում քո շահը՝ և՛ արդի, և՛ հեռանկարային, զգալիորեն գերազանցում է ծախսերը։
Փաշինյանական ռեժիմը տրամագծորեն հակառակն է անում։ Տալիս է Հայրենիքի տարածքը, ազգային գանձերը, հազարավոր կյանքեր զոհաբերում, կոխկրտում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը, փլուզում պետությունը, և այս ամենն ու շատ ավելին ընդամենը հատուկենտ, լավագույն դեպքում՝ տասնյակ առանձին մարդկանց անձնական բարեկեցության դիմաց։ Հենց դրա շուրջ են սիմոնյաններն ու փաշինյանները առևտուր անում միջազգային գործընկերների հետ, աճուրդի հանելով և մեծածախ ու մանրածախ տալով այն ամենը, ինչը գոյաբանական նշանակություն ունի հայոց ազգային-պետական շահերի համատեքստում։
Այդ առևտրի արդյունքը դարձավ արցախյան աղետը, 5 հազար հայերի մահն ու 120 հազարի վերածումն ընչազուրկ փախստականների։ Ողջ թափով շարունակվում է մեծագույն սրբությունների առուծախը, բացահայտորեն շոշափելով արդեն Ցեղասպանությունը, Հայոց պատմությունը, Հայ Եկեղեցին։ Առևտրի առարկա են դարձել ազգային սրբությունները, որոնք անարգման ու պղծման են տրվել բարբարոսներին։ Տավուշի VIII դարի եկեղեցին, որը կարծես թե չի հանձնվում թշնամուն, բայց իրականում դատապարտված է, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի, Գանձասարի, Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի, Քարին Տակի փոքրիկ, բայց անգին մատուռի դեմ դավաճանության շարունակությունն է…
Դրանցով էլ են առևտուր արել ու անում սիմոնյաններն ու փաշինյանները։
... Մեզ համար ամոթալի հայ-վրացական համեմատությունների համատեքստում հիշեցի «Դավիթ Գարեջայի» վանական համալիրի հետ կապված մի դրվագ: Այդ հուշարձանը Վրաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձոր էր դարձել դեռևս 1991 թվականից, իսկ այնուհետ փորձաքար դարձավ սահմանազատման գործընթացի ժամանակ, քանի որ խորհրդային իշխանության տարիներին համալիրի մի մասը հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։
Թբիլիսին ժամանակին տարածքային փոխանակման պատրաստակամություն հայտնեց՝ վրաց ժողովրդի համար վանքի առանձնահատուկ նշանակության պատճառով։ Սակայն Ադրբեջանն ատամներով կառչեց իրեն չպատկանող հուշարձանից՝ այն հայտարարելով ալբանական և «Ադրբեջանի պատմական հողերում գտնվող»։ Ի դեպ, վանքում բավական նկատելի է հայկական հետքը, ինչը խոստովանում են նաև վրացի հետազոտողները: Բայց Հայաստանում երբեք ոչ մեկի մտքով անգամ չի անցել ինչ-որ նկրտումներ ներկայացնել «Դավիթ Գարեջայի» նկատմամբ։
Ըստ էության, շուրջ 30 տարի շարունակ կողմերից ոչ մեկը նույնիսկ մեկ միլիմետր տարածք չի զիջում. Վրաստանը՝ պաշտպանելով իր սրբավայրը, Ադրբեջանը՝ հավատարիմ մնալով ուրիշի մշակութային և հոգևոր գանձերը զավթելու և յուրացնելու սովորությանը, իր սեփականը չունենալու պատճառով: 5 տարի առաջ հատուկ երկկողմ հանձնաժողով ստեղծվեց խնդիրը կարգավորելու համար, բայց սայլը, ինչպես ասում են, տեղից չի շարժվել։
Ահա այսպես են «առևտուր անում միջազգային գործընկերների հետ» մեր հարևանները՝ ձգտելով առավելագույնս պաշտպանել իրենց պետության շահերն ու պահպանել ազգային հարստությունը։ Սիմոնյանների ու փաշինյանների «առևտուրը» հանգեցրեց նրան, որ բռնազավթված Արցախում բարբարոսները մեթոդաբար և հետևողականորեն ոչնչացնում են հայկական հոգևոր ու մշակութային մեծագույն ժառանգությունը, առանց որի անհնար է հայ ժողովրդի ինքնանույնականացումը:
Բայց ի՞նչ են ազգային նույնականացումն ու ազգային սրբավայրերը նրանց համար, ովքեր մի ամբողջ պետություն վերածել են աճուրդի սակարկանմուշի, որի գինը կուշտ փորն է և իշխանական կերամանը անհայրենիք մարդկանց կույտի համար: