ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. «ՊԱՏՄԱԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՍԵՐԸ

Ինչպես է Փաշինյանը «կոնկրետացնում» պատկերացումները մեր պետության մասին

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը, և մարդիկ ավանդաբար այցելում են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որը հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է: «Թող մայիսի 28-ը լինի զոհվածների հիշատակի, բայցև բիբլիական Արարատի շուրջ նոր պետականության վերակերտման, ազգային ամենավեհ իղձերի և համաշխարհային արդարության հաղթանակի օր»,- սա մի պարբերություն է Անկախության օրվա հոբելյանական հռչակագրից, որը հրապարակվել է 1919թ. մայիսի 23-ին: Այդ ժամանակ արդեն մեկ տարի էր անցել, ինչ Հայաստանը վերականգնել էր իր անկախությունը, որի հիմքը դարձան Բաքվի և Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հաղթական հերոսամարտերը…

Այսօր՝ մեր տագնապալի ժամանակներում կրկին ու կրկին հարց է ծագում. սերտե՞լ ենք արդյոք մենք պատմության այն բոլոր դասերը։ Միանգամից ասենք, որ արդեն 6 տարուց ավելի երկրին տիրացած իշխանության հրաժարումը «պատմական» Հայաստանից և նրա «իրական տարբերակի» կառուցումը փաշինյանական ձևով արդեն հանգեցրել են նրան, որ ճիշտ ժամանակն է սահմանել «Վերջին Հանրապետության օր»։ Ոչ թե վերջնական, այլ հենց վերջին, և այդ հանրապետության հիմնադիր իրավամբ կհամարվի Փաշինյանը՝ իր հանցախմբով։

Վախեցած իր պարտվողական ծրագրերին ցուցաբերվող ակտիվ դիմադրությունից՝ Փաշինյանը վերջերս հնչեցրած իր ուղերձում երկար խոսեց Հայաստանի սահմանների սահմանազատման օգտակարության մասին, ինչին... ոչ ոք չի էլ առարկում։ Այլ հարց է, որ նա անհիմն գերագնահատում է սահմանազատման նշանակությունը անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ապահովման տեսանկյունից։ Ընդհանրապես ո՞ւմ են երբևէ կասեցրել միջազգայնորեն ճանաչված սահմանները, եթե եղել է պատերազմ սանձազերծելու և հարևանի վրա հարձակվելու ցանկություն։

Սակայն գլխավոր հարցն այն է, որ այդ գործընթացն իրականացվում է միջազգային պրակտիկայում ընդունված նորմերի և սկզբունքների խախտումով, ընդ որում՝ սկսելով Տավուշից և չստանալով ոչ մի երաշխիք, որ թշնամին կհեռանա ինքնիշխան Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր բռնազավթված տարածքից։ Մի խոսքով, սահմանազատումն անցնում է առանց ողջ սահմանի վերաբերյալ փաթեթային որոշման, և ժողովուրդը պետք է ապավինի բացառապես պաթոլոգիկ ստախոսի ու մանիպուլյատորի խոստմանը, որի համար սուտ խոսելը կենսակերպ է։

Մայիսի 24-ի իր ուղերձում, որին մարդիկ սպասում էին՝ հուսալով, թե Փաշինյանն իր հոգևոր հայր ԼՏՊ-ի օրինակով վերջապես կհրաժարվի իշխանությունից, նա մի ցուցանշական արտահայտություն հրամցրեց. «Առաջին Հանրապետության գոյության կարճ ընթացքում, մենք չհասցրեցինք կոնկրետանալ Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներում»: Եվ հիմա «գերագույն ստախոսն ու դատարկախոսը», ըստ երևույթին, պատրաստվում է «կոնկրետանալ» այդ պատկերացումներում, որոնց բաղկացուցիչ մասը դարձավ հրաժարումն Արցախից, Հայաստանի տարածքի կրճատումը, ամեն կողմից նրա շրջապատումը թշնամու հենակետերով, որոնք կրակոցի հեռավորությունից վերահսկելու են երկրի բոլոր միջպետական մայրուղիները։

Մինչդեռ նույնիսկ Առաջին Հանրապետության ծանրագույն ժամանակաշրջանում թշնամիներով շրջապատված, պատերազմող, սոված, բծավոր տիֆով ախտահարված երկիրը չի տեսել ուրացության այսչափ բացահայտ օրինակներ։ Ահա մի ուշագրավ հատված ՌՍՖՍՀ արտաքին գործերի կոմիսար Չիչերինին ՀՀ կառավարության հղած պաշտոնական նամակից. «Կովկասյան ճակատի ռազմական խորհրդի նախագահը դիմել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ հաղորդելով, որ խորհուրդը մտադիր է ռուսական զորքեր մտցնել Հայկական Լեռնային Ղարաբաղ, որը, նրա խոսքերով, մինչև Աֆեբաթ գետը պատկանելու է Սովետական Ադրբեջանին: Հայկական Լեռնային Ղարաբաղը, որը մինչև համաշխարհային պատերազմի ավարտը պահպանել է իր անկախությունը թուրք-թաթար-քուրդ զինյալների հարձակումներից, գյուղական դելեգատների վերջին համագումարներում ամեն անգամ հաստատուն որոշում է կայացրել մտնել հարազատ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ... Կոմիսար Օրջոնիկիձեի պահանջները ղարաբաղցի գյուղացիներին՝ ճանաչելու իրենց Ադրբեջանի մաս, ի հակակշիռ բնակչության հստակ կամքի, միանգամայն անհասկանալի են թվում... Կառավարությունն արդեն հայտնել է ձեզ իր պատրաստակամությունը՝ հանձնելու Ղարաբաղի ճակատագիրը բնակչության ձեռքը և տասներորդ անգամ հանրաքվե անցկացնելու...»: Ի դեպ, հայկական թերթերն այն ժամանակ հրապարակում էին Հայաստանի 4 նահանգների սահմաններով քարտեզներ, որտեղ Զանգեզուրն ու Ղարաբաղը ներառված էին Սյունիքի նահանգում։

Այն ժամանակ նույնպես հնչում էին միասնության, բոլոր առողջ ուժերի համախմբման, ներքին բոլոր պառակտումների դադարեցման կոչեր։ Այսօր հաշտության, հանդուրժողականության և միասնության կոչ անող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հետ իրական հնարավորություն է ստեղծվել վերջապես հաղթահարելու հասարակության հրեշավոր պառակտումն ու ծայրահեղ բևեռացումը, Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո նրա մեջ սերմանված թշնամանքի և ատելության մթնոլորտը։ Հայաստանի բոլոր դժբախտությունները հենց դրա հետևանքն էին։

Այն ժամանակ, երբ երկրում մոլեգնում էր տիֆի համաճարակը, Երևանի փողոցներից ամեն օր տասնյակ դիակներ էին հավաքում, ընդամենը մեկ տարվա անկախություն ունեցող Հայաստանի իշխանությունները հռչակում էին արտասահմանից ապրանքների ազատ, թույլատրություն չպահանջող ներկրում երկիր, փորձում էին տոնականորեն ձևավորել խորհրդարանի դահլիճը Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ, իսկ թերթերը ծանուցում էին... «Հայկական ժողովրդական թատերական ընկերության առաջին ներկայացումը՝ «Պատվի համար» 4 գործողությամբ դրաման: Ավելի բա՞րդ է արդյոք մեր վիճակն այսօր: Ոչ, իհարկե: Ուստի «արժանապատվության հեղափոխությունն» այժմ պատկերանում է ցանկալի և հասանելի։