ԿԴԻՄԻ՞ ԱՐԴՅՈՔ ՆԻԿՈԼՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ՝ ՈՒԺԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այն փաստը, որ Ադրբեջանում և Թուրքիայում խիստ անհանգստացած են Հայաստանում ծավալվող շարժումից, ակնհայտ է: Բավական է թեկուզ հպանցիկ հայացք նետել Բաքվի ԶԼՄ-ներին, որտեղ մեր երկրի ներքին իրավիճակի թեմայով նյութերի առատությունն իրապես տպավորիչ է։ Նույնքան տպավորիչ է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման, Բագրատ Գալստանյանի և ընդհանրապես ՀԱԵի հասցեին փաշինյանական մամուլի ու ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ թեզերի և սուտ մեղադրանքների բացարձակ նմանությունը։

Այդ մասին արդեն բավական շատ է խոսվել, մասնավորապես՝ տվյալ փաստը մշտապես ընդգծում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Այսպես, մայիսի 29-ին նա ուշադրություն հրավիրեց երկու իրադարձությունների վրա՝ անվանելով դրանք հույժ կարևոր։ Նախ՝ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «պետք է ցանկացած պահի պատրաստ լինել և հզորացնել բանակը»։ Եվ երկրորդ՝ մայիսի 28-ին Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում կենտրոնական հարցերից մեկը եղել է Հայաստանում տիրող իրավիճակի քննարկումը։

Մինչդեռ մայիսի 30-ին հնչեց ևս մեկ, առավել քան աղմկահարույց հայտարարություն։ Թուրք հայտնի գործիչ, Independent Turkce պարբերականի գլխավոր խմբագիր Նևզեթ Չիչեքը հեռուստաալիքներից մեկի եթերում հրապարակավ հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրքական հատուկ նշանակության ջոկատայինները»։ Որպես նման հոգատարության պատճառ նա նշեց այն հանգամանքը, որ «Փաշինյանը կոչ է արել հայ հասարակությանը հրաժարվել մեծ Հայաստանի մասին երազանքից և ընդունել ներկայիս Հայաստանն իր սահմաններով»:

Ի դեպ, նույն օրը՝ մայիսի 30–ին, Նիկոլի հասցեին գովեստի խոսքեր են հնչել նաև մեկ այլ հայտնի թուրք գործչի կողմից. Ադրբեջանում նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը նրան անվանել է «իրականությունն ընդունող, Հայաստանի ապագայի մասին մտածող և գալիք սերունդներին խնդիրներ թողնել չցանկացող առաջնորդ»։ «Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և աջակցի նրան՝ այդպիսով պատրաստելով իր ապագան այսօրվանից»,- ասել է Քըլըչը:

Նիկոլի նկատմամբ թուրքերի այդչափ ջերմ ու սրտացավ վերաբերմունքի պատճառը բացատրելու կարիք չկա. այս սուբյեկտը հստակ ու անշեղորեն իրականացնում է Թուրքիայի դարավոր երազանքները՝ հայկական պետության փլուզումը, ՀՀ ողջ տարածքի բռնազավթումը, տարածաշրջանում հայկական հետքի հետևողական ոչնչացումը և դրանով իսկ Հայ Դատի հարցի բացառումը միջազգային օրակարգից։

Ի դեպ, օրերս Էրդողանը հերթական անգամ կոչ է արել Հայաստանին ազատվել երրորդ երկրների և Հայկական Սփյուռքի «կործանարար ազդեցությունից» և գիտակցել, որ «իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ»: Թե ինչ է սա նշանակում, բացատրելու կարիք կրկին իսկ չկա. հայ ժողովրդի պառակտումը և ՀՀ-ի զատումը Սփյուռքից Թուրքիայի վաղեմի և գլխավոր նպատակներից մեկն է, որը Նիկոլը նույնքան հետևողականորեն իրականացնում է։

Սակայն մեկ բան է Փաշինյանին բացահայտ գովելն ու խրախուսելը, և միանգամայն այլ բան՝ «թուրքական հատուկջոկատայինների» կողմից նրա պաշտպանության անհրաժեշտության մասին բացահայտ հայտարարելը։ Նման հայտարարությունն իսկապես աննախադեպ է. մի պետության դե ֆակտո ղեկավարին իրենց հատուկ նշանակության ուժերով պաշտպանելու կոչ են անում այլ պետությունում։ Ընդ որում խոսքը այդ ղեկավարին սեփական քաղաքացիներից պաշտպանելու մասին է, որոնք դուրս են եկել զանգվածային բողոքի և պահանջում են իրենց երկրի վարչապետի հրաժարականը։

Մեղմ ասած, սա անթաքույց միջամտություն է այլ պետության ներքին գործերին։ Իսկ կոպիտ ասած՝ սա այսօրվա Հայաստանի անողոք իրականությունն է, որտեղ թուրքերը բացահայտ հայտարարում են իրենց դրածոյի իշխանությունը հայ ժողովրդի ցասումից և Հայրենիքը պաշտպանելու ձգտումից փրկելու մտադրության մասին։ Ընդ որում Հայաստանի բուն դե ֆակտո իշխանությունների կողմից ոչ մի բառ ու ոչ մի ծպտուն չհաջորդեց նման սկանդալային հայտարարությանը։

Մինչդեռ Չիչեքը հայտնի լրագրող է և Թուրքիայում ժողովրդականություն վայելող ու մեծ լսարան ունեցող լրատվամիջոցի գլխավոր խմբագիր, այնպես որ նրա հայտարարությունը պետք է բավական լուրջ ընդունել։

Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Փաշինյանը բնավ դեմ չէ թուրքերի բացահայտ ուժային միջամտությանը հայաստանյան իրավիճակին։ Կոնկրետ՝ դեմ չէ՞ թուրքական հատուկ նշանակության ջոկատ մտցնելուն, մեծ վտանգի տակ հայտնված իր իշխանությունը փրկելու համար։ Նման սցենարը միայն առաջին հայացքից է ֆանտաստիկ թվում։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ վերջին տարիներին դավաճանների ոհմակը վարժեցրել է մեզ չզարմանալ բացարձակապես ոչ մի բանի վրա և որպես իրականություն ընկալել անգամ ամենից անհավանական զարգացումները։

Իսկապես, եթե այսօրվա Հայաստանում հնարավոր է փակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհափառ Հայրապետի ճանապարհը դեպի Սարդարապատի հուշահամալիր, ապա ինչո՞ւ պիտի անհնար լինի թուրքական հատուկջոկատայինների մուտքը։

Բայց նույնիսկ դա չէ գլխավորը։ Նշեք գոնե մեկ պատճառ, թե ինչու Փաշինյանը դա չի անի։ Ամոթ, խիղճ, արժանապատվություն, արիություն, պատասխանատվություն, ռացիոնալ-ազգային մտածողություն. բոլոր այս կատեգորիաները խորապես խորթ են այս սուբյեկտին, ընդհակառակը, նա այդ հասկացությունների բացարձակ հակապատկերն է: Ոչ ոք չի կասկածում, որ Փաշինյանը կդիմի բառացիորեն ամեն քայլի, միայն թե մնա վարչապետի աթոռին։

Եվ եթե այդ աթոռը հայտնվի ծայրահեղ վտանգի տակ, ապա նա, մի պահ անգամ չվարանելով, կնետվի Էրդողանի մոտ՝ հատուկ նշանակության ջոկատներ մտցնելու խնդրանքով, իսկ գուցե զուգահեռաբար նաև Ալիևի՝ սահմանին ռազմական ագրեսիա ձեռնարկելու և Հայաստանի տարածքում է՛լ ավելի խորանալու առաջարկով։

Ի վերջո, եթե նա պատրաստ չլիներ դրան և չդիտարկեր իրադարձությունների զարգացման նման սցենար, ապա որևէ կերպ կարձագանքեր Բաքվից ու Անկարայից հնչող ամենին կամ առնվազն հատուկ նշանակության ուժերի վերաբերյալ հայտարարությանը։ Իրեն ու իր երկիրը հարգող ցանկացած ղեկավար հենց այդպես կվարվեր։ Բայց միայն ոչ Նիկոլը։

Քանզի ի սկզբանե հենց թուրքերն են եղել նրա առաջնային նեցուկն ու ապավենը։ Եվ եթե ազգադավ խուժադուժի իշխանության առաջին տարիներին դա այնքան էլ ակներև չէր, ապա 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում դեռևս իշխող ռեժիմի անքակտելի կապն Անկարայի և Բաքվի հետ օրեցօր ավելի ակնբախ է դառնում։ Իսկ վերջին շրջանում, Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման սկսվելուց հետո, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ իրենք՝ թուրքերը, արդեն չեն էլ թաքցնում իրենց ամուր կապերը։

Հիշեք թեկուզ ապրիլի 24-ին Վաշինգտոնում տեղի ունեցած թուրքական հանրահավաքը, որտեղ մասնակիցները, կիսալուսնով դրոշները ծածանելով, բարձր վանկարկում էին. «Փաշինյա՛ն, Փաշինյա՛ն»։ Այո, հենց այդպես. թուրքերն ու ադրբեջանցիները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վանկարկում էին Հայաստանի ղեկավարի ազգանունը...

Այն ամենը, ինչ տեղի է ունեցել տարածաշրջանում 6 տարվա ընթացքում և տեղի է ունենում այսօր, տրամաբանության մեջ իդեալականորեն տեղավորվում է միայն ու միայն Հայաստանի թուրքական բռնազավթման փաստի ընդունմամբ և ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությամբ: Եվ այս համատեքստում թուրքերի ուժային օգնությանը Փաշինյանի դիմումը ոչ միայն տրամաբանական է, այլև անխուսափելի. առջևում նոր Սարդարապատն է։