ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՏԱՃԱՐ

Հայտնի բան է. քանդելը հեշտ է, կառուցելն է դժվար: Փաշինյանը շատ բան քանդեց ու շատ բան խեղեց։ 44-օրյա պատերազմի ընթացքում խեղվեց մի ամբողջ երիտասարդ սերունդ։ Հետո փլուզվեց Արցախը։ Կազմաքանդված են Հայաստանի անվտանգության համակարգը, Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։

Եվ ոչ պակաս կարևոր մի բան. Փաշինյանը սպանեց մարդկանց հավատը նորմալ ժողովրդական առաջնորդի հնարավորության նկատմամբ: Դժվար է սոսնձել կոտրածը, մարդկանց հավատը հեշտ է ոչնչացնել, վերակենդանացնելն է դժվար: Արդյունքում՝ անտարբերություն, անկում, հուսալքություն

Փաշինյանն այնքան հիասթափություններ բերեց, որ արդյունքում մարդիկ քչերին են հավատում։ Եթե Աստված հանկարծ որոշեր իջնել երկիր, մեր հասարակության մի մասը ուրախությամբ թուքումուր կլցնել նրա վրա՝ մեղադրելով ստախոսության և մնացած բոլոր մեղքերի մեջ: Առնվազն կասեին, թե նրա թիկունքում երևում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ականջները

Կարծես թե հայտնվել է նոր առաջնորդ՝ Բագրատ արքեպիսկոպոսը։ Անբասիր կենսագրություն, հեղինակություն: Երևում է, որ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդը կամքի մեծ ուժ ունեցող մարդ է, չի վախենում պատասխանատվությունից, կիրթ է, բարի, միավորվելու, փոխզիջումների կոչ է անում հասարակությանը... Քիչ են հավատում:

Եթե Փաշինյանը ժամանակին իշխանության եկավ քանդելու կարգախոսներով, հոգևորականը խոսում է արարելու մասին։ Համատեղ ջանքերով արարելու: Հաշտության մասին՝ հանուն այդ նպատակի: Արքեպիսկոպոսը ձգտում է համախմբել մարդկանց համամարդկային հայտնի արժեքների շուրջ. ճշմարտության, արդարության, բարության, Հայրենիքի նկատմամբ սիրո: Փորձում է մեր անտարբեր հասարակությանը վերադարձնել կարեկցանքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին կամ տները, իսկ շատերը՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Բայց նրա առջև իշխող թիմի կողմից բարեխղճորեն կառուցված նիհիլիզմի պատն է։ Քիչ են հավատում: Չկա որևէ բանի հավատալու ցանկություն, բացի ներկա օրը վայելելու ձգտումից:

Շատերը արքեպիսկոպոսին մեղադրում են ոչ գործնական որոշումներ ընդունելու մեջ։ Ոչ գործնական՝ քաղաքականության, քայլերի տեսանկյունից։ Մեղադրում են նրանում, որ ընդդիմությունից չի պահանջում վայր դնել պատգամավորական մանդատները, մտադիր է այցելել Հայաստանի մարզեր, թեև իշխանության հարցը լուծվում է Երևանում։

Այո, նեղ քաղաքական տեսանկյունից՝ շարժման քննադատները մեծամասամբ իրավացի են. իշխանության հարցն իսկապես լուծվում է Երևանում: Քննադատներն իրավացի են նաև նրանում, որ ընդդիմության պատգամավորական մանդատների վայր դնելն իսկապես կառաջացնի խորհրդարանական ճգնաժամ և չափազանց արդիական կդարձնի արտահերթ ընտրությունների հարցը: Կդարձնի գործնականում լուծված հարց:

Ըստ երևույթին, Բագրատ Սրբազանը համարում է, որ իր գլխավորած Շարժման գլխավոր խնդիրը ոչ թե Երևանում բողոքարար ընտրազանգվածի հանրահավաք կազմակերպելն է, այլ հանրություն հավաքելը, 1988-ի ոգին ժողովրդին վերադարձնելը, երբ հենց համազգային շահերի շուրջ համախմբվելու ալիքի վրա հնարավոր դարձավ անել այն, ինչն անհնարին էր թվում. կառուցել ոչ թե մեկ, այլ երկու հայկական պետություն։

Իշխանությունը լիովին գոհ է այսօրվա իրադրությունից, քանզի իշխող թիմի նպատակը սպառողների անտարբեր հասարակություն ստեղծելն է, որոնց ոչինչ չի հետաքրքրում՝ այդ սպառումից բացի։ Ուստի իշխանությունն ամեն կերպ ձգտում է խանգարել Շարժմանը, որը ձգտում է դեպի Տաճար, նույնիսկ եթե դրա համար Բագրատ արքեպիսկոպոսը ստիպված լինի շրջել ողջ Հայաստանում։ Քանզի սեփական ընտրությունը կատարելու հնարավորություն պետք է ունենան բոլորը: