ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ 2018-Ի ՀԵՏ ԹՅՈՒՐ Է ԱՄԵՆ ԱՌՈՒՄՈՎ

Փաշինյանը խախտեց բոլոր տաբուները, հատեց բոլոր կարմիր գծերը, ծանակեց ամենքին ու ամենը. ժողովրդավարությունից մինչև Արևմտյան Հայաստանում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, «3 միլիոն վարչապետներից» մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Փաշինյանի անձնական հրամանով պետական պահպանության ծառայության պետ Արմեն Գասպարյանը խոչընդոտում էր Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ: Փաշինյանի մեկնաբանությամբ Կաթողիկոսն անձամբ է ղեկավարում «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքական շարժումը, իսկ ժողովուրդը մեր օրերում կարող է հեռացնել կառավարությանը, ինչպես դա արեց 2018-ին։

ԻՇԽՈՂ ՎԵՐՆԱՇԵՐՏԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ԿՐԿԻՆ ՇՓՈԹԵԼ Է ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎԸ ՁՎԱԾԵՂԻ ՀԵՏ։ 2018-ի գարնանային իրադարձությունները ենթակա չեն ընթացիկ գործընթացների հետ չնչին իսկ համեմատության։ Խոսքը երկու տարբեր Հայաստանների մասին է։ 6 տարի առաջ ոստիկանության վարքագծում սադիզմի և վայրագության նշույլ անգամ չկար։ Ընթերցողները հավանաբար հիշում են ավտոմոբիլային ազդանշաններով համատարած ակցիաները, այդ կերպ վարորդները համերաշխություն էին հայտնում փողոցային ցույցերի մասնակիցներին։ Օրերս նման ազդանշանի համար ոստիկանները դուրս են քաշել վարորդին մեքենայից և ջարդել նրա գլուխը։ «2001 թվականից մենք իշխանության դեմ պայքարել ենք ամենակոշտ տերմինաբանությամբ, բայց երբեք ձերբակալությունների չենք ենթարկվել դրա համար»,- օրերս հայտարարեց ՀԱԿ վարչության ամենատարեց անդամ Արմեն Խաչատրյանը։

Հասկանալով, թե ինչ սարսափելի գին է ժողովուրդը վճարել Ալիևի և Էրդողանի խամաճիկին իշխանության գագաթ բարձրացրած հեղափոխական կարճատեսության համար, որոշ հայրենակիցներ շտապեցին մեղադրանքներ հնչեցնել ՀՀ նախկին ղեկավարության հասցեին այն բանի համար, որ չխանգարեց Փաշինյանի և նրա հաճկատարների կողմից իշխանության զավթմանը։ Այդ կշտամբանքներին օրերս պատասխանեց ոստիկանության գեներալ-մայորը։

Լևոն Երանոսյանին «Գոլոս»-ի լսարանը հիշում է հրապարակումներից, որոնք վերաբերում էին նրա սկանդալային առևանգմանը Արցախ մեկնող մեքենայից, որտեղ գեներալը մտադիր էր մասնակցել 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին: Գեներալի անունը շրջանառվում է նաև 2018 թվականին հատուկ միջոցներ կիրառելու փաստի առիթով հարուցված քրեական գործում: Այս գործը քննվում է արդեն 6 տարի: Տուժողներ չեն եղել… Քչերն են հիշում սակայն, որ Երանոսյանը 10 տարի ղեկավարել է Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսը. ներկայումս քանդված են դիրքերը, որոնք ստեղծվել են բացի ամենքից նաև իր ղեկավարությամբ:

Երանոսյանի գնահատմամբ՝ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման փողոցային ակցիաները ցրելու ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն և պայմանավորված են վերևից ստացած հրահանգով: «Ժամանակը կգա՝ պատասխան կտան իրենց արածների համար»,- ընդգծեց նա՝ նշելով, որ ընթացիկ բոլոր իրադարձությունները տեսագրված են, ինչպեսև 2018-ի իրադարձությունները՝ Ռադիոկոմիտեի շենքի գրավումից մինչև Մարշալ Բաղրամյան պողոտայի և Արցախի փողոցի իրադարձություններ:

Գեներալի գնահատմամբ՝ ներկայիս ոստիկանության գործողություններն անհամեմատելի են 2018-ին ոստիկանության ցուցաբերած պահվածքի հետ: Մեկնաբանելով ռազմավարական օբյեկտի գրավումը, որը ժողովուրդն անվանում է «Ռադիոտուն», Երանոսյանը կարծիք հայտնեց, որ պատկան մարմինները ժամանակին միջոցներ չձեռնարկեցին: 6 տարի առաջ «Ռադիոտան» անխոչընդոտ զավթումը շատերը համեմատում են ներկայիս բողոքի ակցիաներին ոստիկանների արձագանքի հետ, երբ փողոցային պայքարի մասնակիցների հետ վարվում են ուժի ակնհայտ գերազանցմամբ: Սա համեմատություն է երկնքի և երկրի միջև, ոստիկանության և ավազակախմբերի միջև: «Ռադիոտանը» ջարդարարության համար Փաշինյանը և մի խումբ անձինք պատասխան չտվեցին օրենքի առաջ։ Ինչո՞ւ։

Շատերը մինչ օրս լուրեր են տարածում, թե իբր՝ իշխանափոխությունը եղել է պայմանավորված, Երանոսյանն այդ վարկածն անհեթեթ է համարում։ «Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Ես ներկա եմ եղել, ժողովուրդն ուզեց։ Նրանք «առանց Արցախ Հայաստան» էին ուզում, ուզում էին, որ օր օրի տարածքները կորցնենք։ Վլադիմիր Գասպարյանը պետք է ոստիկանության ստորաբաժանումներին հրահանգ տար, որ գործողություն անեին»,- ընդգծեց նա։ Երանոսյանը հիշեցրեց, որ 2018-ին մայրաքաղաքում տիրող իրավիճակի համար պատասխանատու էր ոստիկանության ծառայության Երևանի վարչությունը:

Չկիսելով գեներալի տեսակետը 2018-ին ժողովրդի ցանկությունների վերաբերյալ (Արցախից ուզում էր ազատվել Փաշինյանը, այլ ոչ թե հայ ժողովուրդը), նշեմ, որ «հեղափոխության» իրական նպատակների մասին 6 տարի առաջ խոսում ու գրում էին հատուկենտ անձինք։ Փողոց ելած մարդիկ չէին ուզում հավատալ նախազգուշացումներին, որ «այս իշխանափոխությունը Արցախի մասին է» (ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի արտահայտությունը)։ Նրանք հավատում էին, թե իշխանափոխությունից հետո հսկայական քայլ է արվելու ժողովրդավարության և «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիների» բարեկեցության աճի ուղղությամբ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը կոշտ միջոցների չդիմեց փողոցային պայքարը ճնշելու համար, ապա մեջբերեմ իր իսկ խոսքերը։ Ապրիլի 23-ին, ժամը 16-ի սահմաններում նա հայտարարեց. «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»։ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացավ ժողովրդի պահանջով, որովհետև նա քաղաքական գործիչ է, իսկ քաղաքական գործիչը պարտավոր է հաշվի նստել ժողովրդի կամքի հետ:

Ահա այսպիսին է այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ այսօր Փաշինյանը չի կարողանում կատարել համաժողովրդական պահանջն ու հրաժարական տալ։ Փաշինյանը ՔՊ-ի առաջնորդն է, ոչ թե ՀՀԿ-ի, իսկ դրանք, ինչպես ասում են հիմա, երկու մեծ տարբերություններ են։ Նա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ իրեն «հեղափոխության» առաջնորդ երևակայած ստահակ, որը յուրացրել է անարյուն իշխանափոխության դափնիները, մինչդեռ դրա համար ժողովուրդը պարտական է երրորդ նախագահին, այլ ոչ թե նրանց, ովքեր իշխանության եկան գլխավերևում դագաղ բռնած պարելով, որպեսզի 2 տարի անց դագաղը դնեին 5 հազար հայ տղաների…

Փաշինյանին ամեն անկյունում գոչում են, որ դավաճան է, իսկ նա շարունակում է Ալիևի և Էրդողանի պահանջով հայկական տարածքների հանձնմանն ուղղված քաղաքականությունը։ Եվ ընդ որում ստում է, թե երկրում մեկնարկել են սահմանագծման և սահմանազատման գործընթացները։ Նա ընդհանրապես անդադար ստում է, այդ թվում՝ այն մասին, թե ժողովուրդն այսօր էլ կարող է հեռացնել կառավարությանը, ինչպես դա արեց 2018-ին։ Այսօր դա շատ ավելի դժվար է։ 6 տարի առաջ ժողովրդի հետ չէին խոսում սպառնալիքների ու բռնության լեզվով, ոստիկանական սադիզմի և քրեական հետապնդումների լեզվով։ Պայքարի արդյունքում ժողովուրդը կտապալի ատելի իշխանությանը, բայց գինը շատ ավելի բարձր կլինի, քան 2018-ին։

Ռեժիմի պարագլուխն անցել է սահմանը, խախտել բոլոր տաբուները, ուստի պետք է պատասխանատվության ենթարկվի, առաջին հերթին՝ սահմանազատման անվան տակ տարածքների միակողմանի հանձնման համար։ Դատվելուց և Հայաստանի Հանրապետության անունից դատավճռից խուսափելու համար նա պատրաստ է դիմել ամեն քայլի, ընդհուպ մինչև արյունահեղություն։

Օրերս Փաշինյանը հեռուստախցիկների առջև ստեց, թե սահմանազատման գործընթացը երկկողմանի բնույթ է կրում, բայց այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ի՞նչ է զիջել Ալիևը, որտե՞ղ է հետ քաշել զորքերը բռնազավթված հայկական տարածքներից։ ՀՀ-ում Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Պետդեպարտամենտի զեկույցից հետո Փաշինյանը շարունակեց սադիստական հաշվեհարդարները բողոքի փողոցային ակցիաների մասնակիցների նկատմամբ: Դրանով նա դառնում է օրենքից դուրս, ակցիաները ճնշվում են, իսկ բռնապետությանը ցուցաբերվող դիմադրությունն աճում է և «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջ դնում նոր խնդիրներ։

«Էքսպրոմտն ու արքեպիսկոպոսի խարիզման ժամանակավոր են, շարժումը պետք է սկսի համակարգ կառուցել»,- հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: 2018-ին համակարգային մոտեցման առումով ամեն ինչ «կարգին» էր, քանի որ այն շարժումը նախապատրաստվում էր վաղուց և ուղղորդվում արտաքին ուժերի կողմից, այդ թվում՝ Սորոսի հիմնադրամի լվացած ալիևյան նավթադոլարների հաշվին։ Այսօր 2018-ի հետ ցանկացած համեմատություն թյուր է ամեն առուով. չի կարելի համեմատել ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը հետխորհրդային պետություններում ազգային կառավարությունների տապալման ԿՀՎ-ի տիպային գործողության հետ։ 6 տարի առաջ Անկարայից հայտարարություններ չէին հնչում գործող իշխանությանը պաշտպանելու անհրաժեշտության մասին, որովհետև այն իշխանությունը պաշտպանում էր Հայաստանի և Արցախի շահերը