ԽՈՍՆԱԿԸ ԻՐԵՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ O'ԲՐԱՅԸՆԻ ԱՌՋԵՎ

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի լեզուն կրկին բացվեց։ Պատասխանելով լրագրողների հարցերին, նա հայտարարեց, թե Ռուսաստանը «քցել է Հայաստանին», թեև Հայաստանը, «երեխայի նաիվությամբ հավատացել է, որ Ռուսաստանն իրեն մենակ չի թողնի»: ԱԺ նախագահի խոսքերով՝ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ոչ բարեկամական քայլերի մասին խոսելուց առաջ՝ Մոսկվայում թող նայեն 2020-ից հետո իրենց քայլերին։

Խոսնակի կարծիքով, այն բանից հետո, երբ ռուսական ինքնաթիռը Սիրիայում խոցվեց թուրքական ԶՈՒ-ի կողմից, Ռուսաստանը, նախապատրաստվելով Ուկրաինայում պատերազմին, գործարք կնքեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ, միաժամանակ էլ որոշեց պատժել Հայաստանին ինքնուրույն պետություն լինելու ցանկության համար: Այս երկու գործոնները, ըստ Սիմոնյանի, Հայաստանի հետագա դժբախտությունների պատճառն են դարձել, իսկ Ռուսաստանի այդպիսի քայլերի նպատակը Հայաստանում իշխանությունը փոխելն է, հանրապետությունն ինքնիշխանությունից զրկելը, ստիպելը, որ մտնի ռուս-բելառուսական պետության կազմի մեջ

Կարճ ասած, «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մի բանում մեղավոր չէ, Ռուսաստանն է մեղավոր։ Հեքիաթ, որ հորինել է իշխող թիմը՝ 44-օրյա պատերազմում կրած պարտության, Արցախում էթնիկ զտումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի մի շարք սահմանամերձ տարածքների բռնազավթման մեղքն իր վրայից գցելու համար։ Իր վրայից գցելու պատասխանատվությունը արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում Երևանի աղաղակող ձախողումների համար։ Բայց մեկ բան է, երբ այդ հեքիաթը պատմում են կառավարական քարոզիչները, և այլ բան, երբ ասում է խորհրդարանի խոսնակը

Նկատենք, որ խոսնակը կապը կտրեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի Երևան վերադառնալու օրը. ավելի վաղ վերջինս հետ էր կանչվել Մոսկվա՝ խորհրդակցությունների համար։ Ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայընի Հայաստան ժամանելու օրը։ Շուն է կերել իր գործում խոսնակը, դարձել փորձառու գայլ, գիտի, թե երբ ինչ ասի…

Նկատենք, որ ո՛չ խորհրդարանի խոսնակը, ո՛չ էլ իշխող թիմից որևէ մեկն իրեն երբեք թույլ չի տվել նման ագրեսիվ հարձակումներ Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին։ Ընդ որում խոսնակը մեղադրում է ընդդիմությանը, որ վերջինս «պասերով» աշխատում է Մոսկվայի հետ։ Իբր՝ այնպես չէ, թե ինչ-որ լեյտենանտ զանգահարում է և ընդդիմությունից պահանջում անել այս կամ այն բանը, բայց պարբերաբար ստեղծվում են Մոսկվային անհրաժեշտ նարատիվները, իսկ ընդդիմությունը գործում է այդ նարատիվների տրամաբանությամբ։

Խոսնակն, իհարկե, կարող է ունենալ սեփական կարծիք, թեև ակնհայտ է, որ եթե խոսենք արտաքին քաղաքական կողմնորոշման մասին, ապա այսօր կառավարության հրաժարականի պահանջով բողոքի շարժման շուրջ միավորվել են ամենատարբեր ուժեր:

Բացի այդ, եթե ԱԺ նախագահը մեղադրում է ընդդիմությանը «Կրեմլի նարատիվներին» համապատասխան «Մոսկվայի հետ պասերով աշխատելու» մեջ, ապա ի՞նչ կարելի է ասել իշխող թիմի քայլերի մասին։ Իշխող թիմը ոչ միայն պասերով աշխատում կամ գործում է Անկարայի ու Բաքվի նարատիվներին համապատասխան, այլև պարզապես հետևողականորեն բավարարում է նրանց բոլոր պահանջները։ Պարբերաբար համոզվում ենք. միակ բանը, որ իրեն թույլ է տալիս իշխող թիմը, թուրք-ադրբեջանական այս կամ այն պահանջների կատարումը հնարավորինս հետաձգելն է։

Հայաստանը կրկին կանգնում է հայտնի երկընտրանքի առջև. եթե մենք հրաժարվում ենք Ռուսաստանի հետ նորմալ փոխհարաբերություններից, ապա անխուսափելիորեն կախվածության մեջ ենք ընկնում Անկարայից ու Բաքվից։ Ինչի մասին շատերը զգուշացրել են բազմիցս, և ինչն էլ տեղի է ունենում մեր աչքի առաջ:

Ակնհայտ է, որ Մոսկվայի և նույն ժողովրդի թուրքական երկու մայրաքաղաքների միջև ընտրության հարցում իշխող թիմն ընտրել է թուրքական երկու մայրաքաղաքները, ակնկալելով, որ վերջիններս կարող են լինել իրենց իշխանավարման հուսալի երաշխավորներ:

Ադրբեջանն այդ ընթացքում հողին հավասարեցրեց Քարինտակ գյուղը, սակայն ԱԺ նախագահն այդ առնչությամբ ոչինչ չասաց։