«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ» «ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ԳԻՆՆ Է
Եվ այսպես, հերթական «բարի լուրը» կառավարությունից. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայընի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ անցկացված քննարկումների արդյունքում ընդունվել է հայ-ամերիկյան համատեղ որոշում՝ երկու երկրների համագործակցությունը «ռազմավարական գործընկերության» մակարդակի հասցնելու վերաբերյալ…
Այո, դատելով ամենից, Վաշինգտոնում շատ են վախեցել, որ Հայաստանում իշխող թիմը կարող է կորցնել իշխանությունը, եթե դիմում են այդպիսի ռևերանսների։ Եվ եթե Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը համենայն դեպս հերթապահում էր խորհրդարանում, երբ ընդդիմությունն այնտեղ բարձրացնում էր գործող կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու հարցը։
Կարող եք հարցնել. իսկ ի՞նչ վատ բան կա նրանում, որ ամերիկացիները հերթական ավանսները տվեցին մեզ, ընդհուպ մինչև պաշտպանական համագործակցությունը զարգացնելու խոստումներ։ Ճիշտ է, առայժմ «քննարկումների» մակարդակով։ Եվ այդ ամենը անվանեցին «ռազմավարական գործընկերություն»։ Կարծես թե արտառոց ոչինչ չկա, միայն թե մեր խառնակ ժամանակներում ոչինչ անհետևանք չի անցնում, և բոլորը հասկանում են, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև «ռազմավարական գործընկերությունը» Ռուսաստանի հետ «մարտավարական դիմակայության» Երևանի ուղեգծի հետևանքն է։ Եթե չասենք՝ «մարտավարական թշնամանքի»։
Պաշտոնական Երևանի քաղաքականությունը հանգեցրեց նրան, ինչի մասին բազմիցս զգուշացվել է. Հայաստանը դարձել է աշխարհի հզորների աշխարհաքաղաքական հաշվեպարզումների կենտրոններից մեկը, իսկ նման մասշտաբի հաշվեպարզումների ժամանակ, հայտնի բան է, անտառ հատելիս տաշեղներ են թռչում... Բավական է հիշեցնել, որ Հայաստանի իշխանությունները «մարտավարական դիմակայության» մեջ են մտել մի երկրի հետ, որը փաստացի միայնակ դիմակայում է արևմտյան կոալիցիային և ընդ որում դիմակայում է հաջողությամբ։ Այն երկրի, որն, իմիջիայլոց, ապահովում է Հայաստանի անվտանգությունը թուրքական ներխուժումից, ինչպես նաև հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Թվարկումն ամբողջական չէ:
Կարծում ենք, այս հիշեցումը լոկ մի ավելորդ անգամ ընդգծում է իշխող թիմի ձեռնարկած խաղի վտանգավորությունը, բայց վերջինս ապրում է ներկա օրով։ Թե ինչով կավարտվեն Հայաստանի համար նման խաղերն ապագայում՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար էական չէ։ Թե ինչով կհատուցեն ապագա սերունդները նման խաղերի համար, կարևոր չէ։ Թե Անկարային ու Բաքվին էլ ինչ զիջումներ ստիպված կլինի անել Հայաստանը, կարևոր չէ։
Գլխավորն այն է, որ նման քաղաքականությունը թույլ է տալիս իշխանություններին վայելել կյանքն այսօր, հրճվալից ըմբոշխնել, թե ինչպես են իրենց գլուխը պարբերաբար շոյում արևմտյան դիվանագետներն ու պետական այրերը։ Ուստի չարժե զարմանալ, որ ամերիկյան դեսպանի հետ հանդիպումից ոգևորված՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը կոպիտ արտահայտությունների հերթական հավաքածուն հնչեցրեց պաշտոնական Մոսկվայի հասցեին։ Եվ զարմանալի ոչինչ չկա ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այն խոսքերում, որ իրենք ոչ մի դեպքում չեն տա իշխանությունն ընդդիմությանը։
Ասել է թե՝ մեր դեմ խաղ չկա։ Ինչքան էլ մարդ հավաքի Բագրատ Սրբազանը երևանյան շոգ օրը, չեն տա։ Դրա համար էլ ուժայինները կազմ-պատրաստ են։ Նրանք ամեն ինչ ունեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության քաղաքականությունը պաշտպանելու համար։ Ողջ հավաքածուն. և արցունքաբեր գազ, և՛ փշալարեր, և՛ ջրցան մեքենաներ։ Դե, և գլխարկներ, բնականաբար. սև, կարմիր…
Միայն թե կցանկանայինք զգուշացնել. եթե այդ հավաքածուն կիրառվի, իսկ Բագրատ Սրբազանը համալրի հայ քաղբանտարկյալների ցուցակը, ապա «ռազմավարական գործընկերության» քաղաքականության այդպիսի մեկնարկի, դրա հետևանքների համար անմիջական պատասխանատվություն կկրեն նրանք, ում ականջները ոչ թե պարզապես նշմարվում, այլ բացահայտ դուրս են ցցված խոսնակի ու նրա տեղակալի լկտի հայտարարությունների հետևից. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայընը։