ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԽԹԱՆԻՉ. ԵԿԵԼ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Գուցե գիտակցաբար, ձգտելով կրկին իր վրա կենտրոնացնել հասարակական ուշադրությունը, իսկ գուցեև կորցնելով ինքնատիրապետումը հիստերիայի պոռթկման մեջ, Փաշինյանը երկու օրում այնպիսի անկեղծացումներ հրամցրեց, ինչպիսիք դժվար թե իրեն թույլ տար մեկ-երկու ամիս առաջ։ Նրա հայտարարությունները, մասնավորապես՝ Արցախի վերաբերյալ, այն աստիճան անհամարժեք ու ստահոդ էին, որ լռությունը խախտեց նույնիսկ ԼՂՀ բավական զուսպ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա հակիրճ, բայց բավականին հստակ պատասխանեց զրպարտանքին և խոստացավ շուտով ավելի մանրամասն անդրադառնալ ԱԺ ամբիոնից հնչած երեսպաշտության և ցինիզմի աստիճանով աննախադեպ հայտարարություններին:
Հունիսի 12-ին Փաշինյանը, ըստ էության, խոստովանեց, որ իշխանության է եկել հենց Արցախը հանձնելու համար։ Խոստովանեց, որ լավ իմանալով վերջնական արդյունքը, այդուհանդերձ 2 տարի շարունակ, ամեն օր ու ամեն ժամ խաբել է ժողովրդին ազգային ամենագլխավոր հարցում: Իսկ այնուհետ գիտակցաբար ահռելի զոհեր տվել 44-օրյա պատերազմի ընթացքում և հասցրել դա այն ավարտին, որը պահանջում էին Բաքուն ու Անկարան։ Թեև հնարավորություն ուներ ավելի վաղ դադարեցնել մարտական գործողություններն ու դրանով իսկ պահպանել հազարավոր հայ զինվորների և քաղաքացիական անձանց կյանքեր։
Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ իշխանության իր գալուստի (բերման) և աղետալի կառավարման ողջ գործընթացը, իսկ ամենակարևորը՝ այն ամենը, ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին և Արցախի գրեթե 3 տարի ձգված ամբողջական հանձնմանը, պատված է խավարով և լի է անհայտ, բայց պետության ու ազգի համար կարևորագույն, գոյաբանական հանգամանքներով ու գաղտնիքներով։ Նաև, ըստ էության, հաստատեց այն, ինչն ակնհայտ է վաղուց. իբր պատերազմը հետաքննելու համար իր ստեղծած խորհրդարանական հանձնաժողովը միայն աչք շեղելու և իր ու իր հանցախմբի կատարած հանցագործությունները կոծկելու համար էր։
Հաջորդ օրը օկուպացիոն ռեժիմի ղեկավարը հանդես եկավ Արցախի իշխանություններին հասցեագրված նոր մեղադրանքներով, անվանելով նրանց «կղերաֆեոդալական էլիտա»։ «ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին: Էս էն մարդիկ էին, որ մեզ մեղադրում էին դավաճանության մեջ: Քիչ չէ, որ 2 ժամում հանձնվեցին, ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին–կարգին, յուղած վիճակում, զինամթերքով հանձնեցին Ադրբեջանին»,- հայտարարեց Փաշինյանը։
Ընդ որում նա այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե իսկ ի՞նչ պետք է անեին Արցախի իշխանությունները՝ լքված, դավաճանված և միայնակ թողնված հանրապետության ուժերը բազմիցս գերազանցող գազանի առջև։ Ի՞նչ կարող էին նրանք անել ամիսներ տևած շրջափակման, սովի, կյանքի համար անհրաժեշտ ամենի բացակայության և ռազմական ագրեսիան հետ մղելու հարցում Հայաստանի իշխանությունների բացահայտ մերժման պայմաններում։
Չենք խոսում արդեն այն մասին, որ Պաշտպանության բանակը, չնայած այդ ամենին, մեկուկես օր հերոսաբար դիմադրում էր՝ մեծ վնաս ու կորուստներ հասցնելով թշնամուն և ապահովելով 110 հազար հյուծված մարդկանց հնարավորինս անվտանգ ելքը:
Գիտակցել եվ ընդունել, որ Հայաստանը կառավարում է մի սուբյեկտ, որի լեզուն, հաշվի առնելով իր արած ամենը, պտտվում է նման բան ասել, շատ դժվար է։ Բայց անողոք իրականությունը հենց սա է, և մեզ հետ տեղի ունեցող ամենի աննախադեպությունը նույնիսկ համաշխարհային պատմության մասշտաբով պահանջում է շատ սթափ գնահատականներ, դատողություններ ու հետևություններ: Եվ առաջին հերթին այս իրականությունը պահանջում է անթիվ հարցերի պատասխաններ. այն մարդկանց պատասխաններն ու խոստովանությունները, ովքեր գիտեն ճշմարտությունը 2020-ի աշնան և 2023-ի աշնան իրադարձությունների մասին:
Փաշինյանի անկեղծացումները, ինչպեսև վերջին մեկուկես ամսում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, տալիս են բոլոր հիմքեր՝ փաստելու. եկել է խոսելու ժամանակը։ Եկել է ճշմարտության պահը նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջ։ Բոլոր նրանք, ովքեր տիրապետում են տեղեկատվության և կարող են հնարավորինս ամբողջական ներկայացնել Արցախին և հայ ժողովրդին պատուհասած աղետի պատկերը, պետք է սկսեն ճշմարտության բացահայտման գործընթացը։
Պետք է սկսեն խոսել գեներալները, հրամանատարները, քաղաքական գործիչները և մերձիշխանական ու տեղեկատվության տիրապետող բոլոր մարդիկ։ Նրանք պարտավոր են դա անել, չնայած հնարավոր կոմպրոմատին և հնարավոր շանտաժին։ Բավ են 6 տարի շարունակ հնչած հրեշավոր ստերն ու պետության և ազգի համար ամենասուրբ ու ամենաարժեքավորի շահարկումները. այդ ստերի մասշտաբները վաղուց գերազանցել են Հայաստանի ու նրա ժողովրդի կարողությունը՝ ընդունելու, իր մեջ տեղավորելու և կրելու աղտեղության, կեղտի, գարշանքի այդպիսի զանգվածներ. այն ամենի, ինչը կապված է այս իշխանության, և այս, եթե կարելի է այդպես անվանել, մարդկանց հետ։
Ճշմարտության բացահայտման գործընթացը՝ այն մասին, թե ինչպես է կորսվել Արցախը և ինչպիսին է հայկական երկու հանրապետություններում իշխանավորներից յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, անխուսափելի է, բայց հենց հիմա է եկել դա սկսելու ժամանակը: Այդ գործընթացը պետք է դառնա Ազգային-ազատագրական շարժման բաղկացուցիչ մասը, որի գլխավոր նպատակներից մեկը, ինչպես բազմիցս ասել է նաև Բագրատ Սրբազանը, ճշմարտությունն է: Եվ այդ ճշմարտությունը պետք է վերջապես ասվի։
Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, թե կբացահայտվի ամեն ինչ և մինչև վերջ. պատմության մեջ նման բան չի լինում, հատկապես երբ խոսքը վերաբերում է մի ամբողջ ազգի համար այսչափ մասշտաբային հարցերի։ Միշտ մնում են և կմնան սպիտակ բծեր, որոնք երբեք չեն բացահայտվի: Բայց կան նաև հարցեր, որոնց պատասխանները պետք է անպայման տրվեն։ Տվյալ դեպքում՝ այն մարդկանց պատասխանատվության աստիճանի և գործողությունների իրավաչափության մասին, ովքեր օժտված են իշխանությամբ և որոշումներ կայացնելու իրավունքով։ Այն մասին, թե որքանով էին այդ որոշումները թելադրված ազգային-պետական շահերով և կայացված ի շահ հայ ժողովրդի։
Ըստ էության, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն սկսել է այդ գործընթացը՝ երեկ անելով մի քանի աղմկահարույց հայտարարություններ և խոստանալով առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալ այն ամենին, ինչ հնչեց խորհրդարանի ամբիոնից։ Կարևոր է, որ Շահրամանյանը պատասխանեց Փաշինյանին առճակատ, ըստ էության մերկացնելով նրան ստախոսության մեջ և հայտարարելով, որ Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին օրը ենթարկվել է Հայաստանի կառավարությանը և հանդիսացել ՀՀ ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում:
«Հայտարարությունները, որոնք հնչել են Ազգային ժողովում, որևիցե կապ չունեն իրականության հետ», - ընդգծեց Արցախի նախագահը:
Իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարությունները վաղուց արդեն ոչ մի կապ չունեն իրականության հետ. սա փաստ է։ Հենց այդ պատճառով էլ ճշմարտության ծարավը բառացիորեն թևածում է հայկական հանրային տիրույթում։ Ճշմարտություն, որը կտանի ապաքինման և մաքրագործման: Ճշմարտություն, առանց որի չի կարող ելք լինել գարշահոտ ու մահաբեր ճահճից, որում մենք թպրտում ենք արդեն 6 տարի շարունակ, և որից սաստիկ ցանկանում ենք դուրս գալ: