Բագրատ ՍՐԲԱԶԱՆ․ ԱՅՍՕՐ ԿՏԵՍՆԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ՈՐ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան ուղերձով հիշեցրել է, որ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին նախատեսված է հանրահավաք Բաղրամյան պողոտայում:

 

«Այսօր ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, այդ ժամին նիստ է լինելու կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ կստեսնենք ու կփաստենք, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, նրանք օտարացած են և հակաօրինական վիճակում են։ Վաղվա նիստը չափազանց կարևոր է՝ արձանագրելու, թե արդյո՞ք այս մարդիկ մի նշույլ անգամ առնչություն ունեն ժողովրդի հետ: Երկրորդ հանգամանքը վաղը ևս մեկ անգամ մեկ բռունցք ենք լինելու, արձանագրելու են, որ այս շարժումը կա, գոյություն ունի»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանը նշեց, որ կարիք կա վաղը ցույց տալ,որ իրենք ուժ են և կարող են հասնել իրենց նպատակին, որի գլխավոր բաղադրիչն է իշխանության ղեկավարի հեռացումը:

«Կապ չունի, թե ինչ է եղել հունիսի 12-ին՝ այդ հանցագործության օրը։ Վաղվա հանդիպումը նաև կարևոր ցուցիչ է լինելու սփյուռքի համար, որ այս պայքարը շարունակական է՝ անկախ նրանից, թե ինչ ոլորաններով է անցել, անկախ բոլոր տեսակի հալածանքներից, անվանարկումներից և ռմբահարումներից ուղղակի իմաստով, ոստիկանական բռնություններից, դաժանություններից»,-ասաց Սրբազանը։

Նրա խոսքով` անկախ այդ ամենից շարժումը կենսունակ է և վճռականությամբ հասնելու է իր տրամաբանական եզրահանգման՝ այն է, «այս մարդու հեռացումն ու ճշմարտության հաղթանակը»։

«Այս շարժումով նաև վկայելու ենք երկարաշունչ, աննկուն կամքի, հանձնառության մասին, որը վերցնում է յուրաքանչյուրը: Իշխանափոխությունը ընդամնեը բաղադրիչներիկց մեկն է, մենք խորքային, բովանդակային փոփոխությունների մասին ենք խոսում»,-ասաց նա:

News.am