ԱՐՍԵՆՅԱՆԸ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. ԵՐԲ ՍՈԽԸ ՍԽՏՈՐԻՑ ՔԱՂՑՐ ՉԷ
Ասել, որ ի դեմս Վաղարշակ Հարությունյանի՝ Հայաստանն ունի իր անկախության պատմության մեջ վատթարագույն դեսպանը Ռուսաստանում, նշանակում է՝ ոչինչ չասել։ Կարելի է այլ կերպ էլ ձևակերպել. Հայաստանը գործնականում դեսպան չունի Ռուսաստանում, քանզի այդ դիվանագետ կոչեցյալի ներկայությունը հավասարազոր է նույնիսկ ոչ թե զրոյի, այլ մինուսի: Որովհետև նա և իր «գործունեությունը» առավել քան հստակ խորհրդանշում են երկկողմ հարաբերությունների կայուն վատթարացումը, ինչը այս տեմպերով շատ շուտով կարող է անցնել անդարձելիության կետը:
Ասենք, Հարությունյանի եվ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կատարվող ամենի մասին շատ է խոսվել ու գրվել, կրկնելն անիմաստ է։ Ընդ որում այդ բարդակն արտացոլում է ինչպես երկրների հարաբերությունների վիճակն ու ՀՀ ԱԳՆ այսօրվա մակարդակը, որն ընդհանուր ոչինչ չունի ո՛չ պրոֆեսիոնալ դիվանագիտության, ո՛չ էլ երկրի շահերի պաշտպանության հետ, այնպես էլ Փաշինյանի կողմից դիվանագիտական առաքելությունների ղեկավարների նշանակման անհեթեթ տրամաբանությունը, հատկապես առանցքային պետություններում։
Մինչդեռ, դատելով ամենից, կողմերը պատրաստվում են փոխել երկու դեսպաններին՝ և՛ Հարությունյանին, և՛ Սերգեյ Կոպիրկինին։ Հայաստանի դեսպանին փոխելու մասին վաղուց է խոսվում, իսկ ՌԴ դեսպանի մասին օրերս հայտնեց թերթերից մեկը։ Բայց եթե ուղիղ 6 տարի այդ պաշտոնում աշխատած Կոպիրկինին փոխելը լիովին տեղավորվում է դիվանագիտական կանոնների մեջ, ապա դա ոչ մի կերպ չես ասի ընդամենը երկուսուկես տարի առաջ նշանակված Հարությունյանի մասին։
Ըստ ԶԼՄ-ների՝ Մոսկվան պատրաստվում է Երևան ուղարկել «բավական լուրջ կերպարի», ինչը վկայում է բազմաթիվ խնդիրները հարթելու ձգտման մասին: Իսկ այ ՀՀ դե ֆակտո իշխանությունները հավատարիմ են մնում իրենց էությանը, այդչափ կարևոր երկրում դեսպան նշանակելով դարձյալ սեփական, այլ բնավ ոչ պետական շահերից ելնելով։ Եթե Փաշինյանին մտահոգեր Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման և աղաղակող խնդիրների լուծման հարցը, ապա ինքն էլ «լուրջ կերպար» կուղարկեր։
Այլ հարց է, թե կա՞ արդյոք այդպիսին այսօրվա ՀՀ ԱԳՆ-ում և առհասարակ իշխանության շարքերում, բայց քչփորելով հաստատ կարելի էր գտնել գոնե նվազագույն դիվանագիտական հմտություններ ու ավելի լավ համբավ ունեցող մարդու։ Հաստատ ոչ նրան, որը «փառաբանվել» է իր հակառուսական հայտարարություններով։ Բայց հենց այդպիսի կերպարի է ուղարկում Նիկոլը, ակնբախորեն ցուցադրելով, որ իր նպատակն ամենևին էլ հարաբերությունները փրկելը չէ։
Չէ՞ որ ոչ այլ ոք, քան Արսենյանը 2023-ի հունվարին հայտարարեց, որ «ռուսական ռազմական ներկայությունը մեր երկրում հավերժ չէ», իսկ «առանց ռուս զինվորականների Հայաստանը սպառնալիք չի ներկայացնի Թուրքիային և նրա համար կդառնա պարզապես հարևան»։ Ընդ որում հավելելով, թե Թուրքիան «մեզ երբեք չի սպառնացել»։ Եվ այս քաղաքական գործիչ անվանյալը, որը պատրաստ է շեֆի հրահանգով հրապարակավ հնչեցնել այդպիսի զառանցանք, պատրաստվում է դառնալ ՌԴ-ում Հայաստանի դեսպան։
Մյուս կողմից՝ հայտնի քաղաքական հողմացույցը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը, իսկ այժմ իշխող կուսակցության խմբակցության անդամը, որը կյանքում երբեք դիվանագիտական պաշտոնում չի ծառայել և արտաքին քաղաքականության հետ առնչություն չի ունեցել, ամենաիսկական նիկոլական կադր է, որը համապատասխանում է ռեժիմի պարագլխի բոլոր «չափորոշիչներին». անսկզբունքային, դիվանագիտության մեջ անիրազեկ, պատրաստ ծառայելու տիրոջը, բայց ոչ երկրին։ Իսկ գլխավորը՝ Ռուսաստանում լավ բիզնես կապեր ունեցող։
Այս վերջին հանգամանքը որոշիչ է թվում նրա նշանակման բոլոր ոլորանների լույսի ներքո, ինչն առաջ էր մղվում սաստիկ ճռնչյունով և ագրեման տալու Մոսկվայի անթաքույց դժկամության պայմաններում։ Ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ Ռուսաստանը չի ցանկանում տեսնել Արսենյանին դեսպանի պաշտոնում, ինչը միանգամայն բնական է նրա սկանդալային արտահայտությունների լույսի ներքո:
Եվ ահա հունիսի սկզբին տեղեկություններ հայտնվեցին, որ Մոսկվան այնուամենայնիվ հավանություն է տվել նշանակմանը։ Հղում անելով ռուսական աղբյուրներին՝ «Հրապարակ» թերթը գրեց, որ որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ Նիկոլը Մոսկվայում էր և անձամբ է խնդրել Պուտինին տալ ագրեմանը։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չկա, բայց թե՛ թեկնածուի, թե՛ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը վկայում է հաղորդագրության հավաստիության մասին։
Այսինքն իր հենց այդ ուսապարկին պաշտոնում նշանակելու Փաշինյանի ձգտումն այնքան մեծ էր, որ նա համարձակվել է անձամբ խնդրել Պուտինին։ Ուստի, բնականաբար, հարց է ծագում պատճառի մասին, մանավանդ որ Արսենյանն ամենևին էլ նրա ամենամերձավոր թիմակիցներից չէ։ Որոշակի վստահությամբ կարելի է ենթադրել, որ ՌԴ-ում դեսպանի պաշտոնն այսուհետ դիտարկվում է ոչ թե որպես քաղաքական, այլ գլխավորապես տնտեսական տեսանկյունից, ավելի ճիշտ՝ զուտ բիզնեսի համատեքստում: Արսենյանի բազմամյա ձեռնարկատիրական գործունեությունը, կապված նաև Ռուսաստանի հետ, վկայում է հենց այդ մոտեցման մասին։
Ամենայն հավանականությամբ, դեսպանի պաշտոնում նրա հիմնական խնդիրը կլինի ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի վերջնական խզումը և զուտ տնտեսական փոխգործակցության բացարձակ առաջնահերթությունը։ Բացի այդ, Նիկոլը, հավանաբար, ուզում է թաթը դնել Ռուսաստանի հայկական բիզնեսի վրա և իր կողմը գրավել հայազգի խոշոր գործարարներին, բնականաբար՝ անձնական բնույթի շահադիտական նպատակներով։
Հենց այդ պատճառով էլ դեսպանատան ղեկավարի պաշտոնում նրան պետք է կասկածելի համբավ ունեցող այնպիսի հմուտ գործարար, ինչպիսին Արսենյանն է, և հենց նման հանձնարարականով է նա ուղարկվելու Մոսկվա։ Չենք բացառում նաև նորահայտ դիվանագետի համար այդքան ցանկալի պաշտոնի ամենաճղճիմ «գնման» հնարավորությունը, ընդ որում խաղադրույքները, նկատի առնելով Փաշինյանի անձնական խնդրանքը Պուտինին, բավական բարձր են։
Ամեն դեպքում մի բան պարզ է. Գուրգեն Արսենյանը, միանգամայն հավանական նշանակման դեպքում, կմեկնի Մոսկվա բնավ ոչ հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ տխուր վիճակը շտկելու համար: Ընդհակառակը, նա կանի ամեն ինչ՝ համագործակցության ռազմաքաղաքական տեսանկյունը վերջնականապես ոչնչացնելու համար, ներառյալ ՀԱՊԿ-ից ելքի պաշտոնական ձևակերպումը, ինչն օրերս ԱԺ ամբիոնից հաստատեց անձամբ Նիկոլը։ Փոխարենը՝ նա կփորձի Ռուսաստանում առավելագույնս արդյունավետ իրականացնել իր շեֆի և, բնականաբար, սեփական սիրելի անձի բիզնես-ծրագրերը։
Լավագույն դեպքում դա ինչ-որ երրորդական աստիճանով կհամադրվի Հայաստանի տնտեսական շահերի հետ, բայց դրանք ոչ մի կերպ առաջնային չեն լինի։ Այնպես որ Արսենյանը հավակնում է ռեկորդի. դառնալ ՌԴ-ում Հայաստանի է՛լ ավելի վատ դեսպան, քան նույնիսկ ներկայինս։