ՍՅՈՒՌ

Նիկոլ Փաշինյանը շրջում է Սյունիքի գյուղերով և տանջահար գյուղացիներին ցույց տալիս Ոսկեպար գյուղի մոտ փշալարերով կապած ցանկապատի ինչ-որ լուսանկար թե տեսանյութ: Ցույց է տալիս սույնը և հրճվում. իբր՝ տեսեք, այն դիրքերի փոխարեն, որոնք մենք հրամցրեցինք Ադրբեջանին, հիմա այնտեղ փշալարեր են, որոնց միջով ոչ մի կով չի սպրդի... Այն մասին, թե «կսպրդի» արդյոք փշալարերի միջով դիպուկահարի գնդակը, հրետանային արկը կամ կամիկաձե ԱՕԹՍ-ը, վարչապետը խոհեմորեն լռում է։ Բայց սյուռը դա չէ:

Անցնենք առաջ: Մինչ Փաշինյանը Սյունիքի տանջահար գյուղացիներին ցույց է տալիս Ոսկեպար գյուղի մոտի փշալարը, որի միջով կովը չի սպրդի, Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես է գալիս զայրալից հայտարարությամբ, որում դատապարտում Է Ֆրանսիայի կողմից Հայաստանին մի քանի տասնյակ ինքնագնաց հրետանային կայանքների վաճառքը ...

Պետք չէ ռազմական փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ հայկական բանակի սպառազինության համար այդ կայանքներն առանձնակի եղանակ չեն ստեղծում։ Բայց Բաքուն ցասումով մատ է թափ տալիս՝ սպառնալով նոր ահագնացմամբ, եթե Հայաստանի զինման գործընթացը շարունակվի։ Մինչ Նիկոլը պարծենում է փշալարով, որի միջով կովը չի սպրդի։ Բայց սյուռը դեռ դա էլ չէ:

Անցնենք առաջ: Հայաստանի ԱԳՆհակադարձում է Ադրբեջանի ԱԳՆ-ին։ Հայաստանի ԱԳՆասում է, որ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, ինքնիշխան իրավունքն է զենք գնել ինքնապաշտպանության նպատակով, Ադրբեջանն իրավունք չունի խոչընդոտել, իսկ Ադրբեջանի ԱԳՆհայտարարությունը վկայում է այն մասին, որ Բաքուն նոր ագրեսիայի է պատրաստվում Հայաստանի դեմ՝ այս տարվա նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովի ավարտից հետո: Հայաստանի ԱԳՆասում է, որ բազմաթիվ փորձագետներ այդպես են կարծում, իսկ Բաքվի դժգոհությունները հաստատում են փորձագետների կանխատեսումները։

Այսինքն մինչ Փաշինյանը Սյունիքում պարծենում է տանջահար գյուղացիների առջև, որ Ադրբեջանին հանձնված դիրքերի փոխարեն հիմա գյուղացիներին պաշտպանելու է փշալարը, որի միջով կովը չի սպրդի, ՀՀ ԱԳՆ-ը, որը ղեկավարում է Փաշինյանը, խոսում է այն մասին, որ փորձագետները Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիա են կանխատեսում այս տարվա նոյեմբերից հետո, Բաքվում կլիմայի հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովի ավարտվելուն պես։ Եվ, ընդգծում է Հայաստանի ԱԳՆ-ը, պաշտոնական Բաքվի հայտարարությունները հաստատում են դա։ Բայց սյուռը նույնիսկ սա էլ չէ:

Անցնենք առաջ: Ադրբեջանի ԱԳՆպատասխանում է Հայաստանի ԱԳՆ-ին։ Ադրբեջանի ԱԳՆհայտարարում է, թե լիակատար իրավունք ունի պահանջել Հայաստանից չզինվել, քանի որ Հայաստանը ագրեսոր է, 30 տարի օկուպանտ է եղել. դրա հաստատումն է պաշտոնական Երևանի այսօրվա դիրքորոշումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճանաչման վերաբերյալ:

Իբր՝ հենց ձեր Նիկոլ Վովաևիչը, ճանաչելով սահմանների արդարությունն ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, փաստացի ընդունում է, որ Հայաստանը 30 տարի ագրեսոր և օկուպանտ է եղել, ուստի Բաքուն լիովին իրավունք ունի պահանջել Հայաստանից չզինվել, իսկ գործընթացը շարունակելու դեպքում՝ սպառնալ պատժով։

Այսինքն, կրկնենք ևս մեկ անգամ. մինչ Փաշինյանը ցույց է տալիս Սյունիքի տանջահար գյուղացիներին Երևանի արտաքին քաղաքականության նվաճումը՝ Ադրբեջանին հանձնված դիրքերի փոխարեն Ոսկեպար գյուղի մոտ անցկացրած փշալարը, որի միջով կովը չի սպրդի, Հայաստանի ԱԳՆզգուշացնում է Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին, իսկ Ադրբեջանի ԱԳՆհայտարարում է պահանջելու և սպառնալու իր իրավունքի մասին, քանի որ ճանաչելով ու ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ Հայաստանը 30 տարի ագրեսոր և օկուպանտ է եղել

Հ.Գ.- Եվ այս մարդիկ նեղանում են, երբ իրենց անվանում են դավաճաններ ու Բաքվի քաղաքականությունն առաջ տանողներ:

Հ.Հ.Գ.- Չէ, իհարկե, մենք հիշում ենք, որ ամեն ինչում մեղավոր են «նախկինները», զինվորականները, արցախցիները, ռուսները, դաշնակները, հայ ժողովրդի գեները, Տիգրան թագավորը, ՀԱՊԿ-ը, Եկեղեցին, ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը, Սփյուռքը, Սահմանադրությունն ու խաչքարները, խաչքարները... Նիկոլ Վովայի Փաշինյանը պարզապես պատասխանատու է, բայց ոչ մի կերպ և ոչ մի բանում մեղավոր չէ: