Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՆՍԵՄԱՑՐԵՑ ԵԱՀԿ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Մի քանի տարի առաջ ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների հակազդման վարչության սահմանային անվտանգության և կառավարման դեպարտամենտը «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. արդի խնդիրներ և դրանց լուծման ուղիներ» գործնական ուղեցույց էր պատրաստել։ Հարյուրհիսուն էջանոց ձեռնարկը մանրամասն նկարագրում է առաջարկություններ սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացում, ներառյալ՝ վիճելի հարցերի առկայության դեպքում։
Ըստ ձեռնարկի հեղինակների՝ փաստաթուղթը հիմնված է Բելառուսի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության բարեհաջող երկկողմ փորձի վրա։
Ուրիշի փորձի ուսումնասիրությունն, մանավանդ դրական փորձի, Հայաստանի համար առավել քան արդիական է, ըստ երկրի իշխանությունների պաշտոնական հայտարարությունների՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեջ է։ Ու թեև Հայաստանի իշխանությունները որոշել են առաջնորդվել բոլորովին այլ փաստաթղթով՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, բոլորովին ավելորդ չի լինի ԵԱՀԿ փաստաթղթին ծանոթանալը։
Վկայակոչելով Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի կոնվենցիան (1933), ԵԱՀԿ-ն առանձնացնում է պետության չորս հիմնական բնութագրերը՝ իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ.
- մշտական բնիկ բնակչություն;
- որոշակի տարածք;
- սեփական կառավարություն;
- այլ պետությունների հետ քաղաքակիրթ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն։
Խորհրդային Միության փլուզումից և Արևելյան Եվրոպայում քաղաքական փոփոխություններից հետո 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրոպական համայնքն ընդունեց «Արևելյան Եվրոպայի և Խորհրդային Միության նոր պետությունների ճանաչման չափանիշները»։ Ըստ այս փաստաթղթի, ճանաչման համար դիմող պետությունները պարտավոր էին ապահովել հետևյալ պայմանների պահպանման երաշխիքները. հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունը. Հելսինկյան եզրափակիչ ակտով և Փարիզի խարտիայով ստանձնած պարտավորությունները, հատկապես՝ օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին վերաբերող պարտավորությունները. էթնիկ և ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների հարգման երաշխիքների ապահովում՝ ԵԱՀԿ շրջանակում ընդունված պարտավորություններին համապատասխան. հարգանք բոլոր սահմանների անձեռնմխելիության նկատմամբ, որոնք կարող են փոխվել միայն խաղաղ ճանապարհով կողմերի համաձայնությամբ. զինաթափման, միջուկային զենքի չտարածման, անվտանգության և տարածաշրջանային կայունության բնագավառում բոլոր պարտավորությունների ընդունումը. պետական իրավահաջորդության և տարածաշրջանային վեճերին առնչվող բոլոր հարցերը պայմանագրեր կնքելու միջոցով լուծելու պարտավորությունները, ներառյալ՝ միջազգային արբիտրաժին դիմելու անհրաժեշտությունը նախատեսելը:
Միաժամանակ ԵԱՀԿ-ն նշում է, որ միջազգային հանրությունը միջազգային իրավական ճանաչման մեխանիզմների շուրջ դեռևս կոնսենսուսի չի եկել։ Ընդսմին, պետական սահմանը ինքնիշխան պետության պարտադիր ատրիբուտն է (հատկանիշը): Այս խնդիրը լուծելու համար միջազգային պրակտիկան հաճախ կիրառում է հռոմեական իրավունքում կիրառվող «uti possidetis ita possideatis» սկզբունքը, ինչը նշանակում է. «ինչ քեզ պատկանում է, այն էլ տիրապետում ես»։
Նշելով պատմական ժառանգության կարևորությունը՝ ԵԱՀԿ-ն, այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս չխորանալ պատմության շերտերի մեջ՝ սահմանափակվելով նախորդ դարով։ Վիճահարույց հարցերում նախատեսված է երրորդ կողմին և միջազգային արբիտրաժին դիմելու մեխանիզմ:
«Արդարադատության միջազգային դատարանն ու միջազգային պրակտիկան հստակորեն զեկուցում են. «սահմանի գերակայությունը նույն նախկին ինքնիշխան պետության վարչական շրջանների միջև», եթե կողմերն այլ բան չեն պայմանավորվում. uti possidetis-ի (ինչ քեզ պատկանում է, այն էլ տիրապետում ես) սկզբունքը վերաբերում է ոչ միայն նախկին գաղութների տարածքներին, այլ նաև ցանկացած նորաստեղծ անկախ պետությունների տարածքներին»,- հանձնարարում է ԵԱՀԿ-ն։ Միևնույն ժամանակ, միջազգային իրավունքն առաջնահերթությունը տալիս է «եթե կողմերն այլ կերպ պայմանավորվեն» սկզբունքին։
Բնակչության համար հետևանքներին վերաբերող բաժնում՝ ինչը Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացի ամենազգայուն խնդիրներից մեկն է, ձեռնարկը պարունակում է հետևյալ հանձնարարականները.
«Սովորութային իրավունքի գերակայությունն ամրագրված է նաև ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի որոշ հոդվածներում: Կոնվենցիայի 15-րդ հոդվածը սահմանում է, որ տարածքային ծովի սահմանազատման հիմնական սկզբունքը, որի սահմանն ունի ցամաքային սահմանի նույն կարգավիճակը, «չի կիրառվում, եթե պատմականորեն հաստատված իրավական հիմքերի կամ այլ հատուկ հանգամանքների բերումով երկու պետությունների տարածքային ծովերն անհրաժեշտ է սահմանազատել այլ կերպ, քան սահմանված է սույն կանոնակարգում»։
Նույն Կոնվենցիան (հոդված 70) առաջնահերթություն է տալիս «ձկնորսական համայնքների վրա վնասակար ազդեցությունները նվազագույնի հասցնելու և այն պետությունների տնտեսությունների խաթարման անհրաժեշտությունը, որոնց քաղաքացիները սովորաբար այդ տարածքում ձկնորսությամբ են զբաղվում»:
Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի օրինակը ակնառու կերպով ցույց է տալիս միջազգային և սովորութային իրավունքի համատեղելիությունը ձկնորսների իրավունքները պաշտպանելու համար, որոնք պատմական հանգամանքների բերումով ավանդաբար ձկնորսությամբ են զբաղվում տվյալ տարածքում: Կարելի է զուգահեռ անցկացնել ավանդական ձկնորսության վերոնշյալ օրինակի և Կենտրոնական Ասիայի լեռնային շրջաններում ավանդական անասնապահության միջև, որը բնակչության համար ամենակարևոր զբաղմուքն է այս տարածաշրջանում։
Տվյալ պարագայում ակնառու է նաև միջազգային և սովորութային իրավունքի համատեղելիության անհրաժեշտությունը։ Նոր սահմանների հաստատումն արմատապես փոխում է տեղի բնակչության կենսակերպը։ Այս առումով որպես դրական օրինակ կարելի է բերել Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև համաձայնագիրը, որով սահմանված է Կարելիայում ֆիննական հյուսիսային եղջերու անասնապահների կողմից ամառային արոտավայրերի օգտագործման կարգը»։
Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման, պետական սահմանը հատող կամ դրա երկայնքով անցնող ինժեներական կառույցների, կապի և այլ ենթակառուցվածքային օբյեկտների շահագործման, ինչպես նաև կենսաբանական ռեսուրսների պահպանման ու օգտագործման, ջրօգտագործման և շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերն առանձին համաձայնագրերով են կարգավորվում։ Եթե կողմերից մեկը ցանկանա, իսկ մյուսը համաձայնի, պայմանագրի տեքստը կարող է ներառել վերը նշված խնդիրների մեկ կամ մի քանիսի կարգավորումը, առաջարկում է ԵԱՀԿ-ն։ Հիշեցնենք, որ հարցեր կան նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանում շահագործվող Սոթքի հանքավայրի առնչությամբ։
Ընդհանուր առմամբ, ըստ ԵԱՀԿ փորձագետների դիտարկումների, սահմանների հաստատման շուրջ բանակցությունները տևում են միջինը առնվազն 10 տարի, որի ընթացքում օգտագործվում են, լավագույն դեպքում՝ հինգ տարի առաջ թարմացված քարտեզներ։ «Պայմանագրի ստորագրման ամսաթվի դրությամբ սահմանազատման քարտեզները գործնականում մոտ 15 տարեկան են. Պայմանագրի վավերացումը տևում է մոտ երկու տարի։ Սահմանազատման համատեղ հանձնաժողովի ստեղծման և դրա իրական աշխատանքը սկսելու համար դեռևս մոտ հինգ տարի կպահանջվի։ Առհասարակ, ամենալավատեսական կանխատեսման պայմաններում Սահմանազատման համատեղ հանձնաժողովը կսկսի աշխատել քսան տարվա խիստ հնության սահմանազատման քարտեզներով»,- նշում են ձեռնարկի հեղինակները։
Հայաստանի և Ադրբեջանի դեպքում վերջին կետն, ըստ երևույթին, կսարսափեցնի ԵԱՀԿ փորձագետներին. սահմանազատման գործընթացը հիմնված է ավելի քան կեսդարյա հնության քարտեզների վրա։ Ավելին, գործընթացն ընթանում է արագացված տեմպերով։ Ադրբեջանը որոշ համեղ պատառներ ստացավ44-օրյա պատերազմից անմիջապես հետո, նույնպես ԵԱՀԿ երևակայելի բոլոր սկզբունքների խախտումով։
Հենց վերջերս Երևանն ու Բաքուն հապճեպ պայմանավորվեցին Ադրբեջանին փոխանցել Տավուշի ուղղությամբ չորս գյուղ, և բառացիորեն մեկ օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց Հայաստանի հետ սահմանի սահմանազատման «հաջորդ դրական քայլերի մասին»։ Թե ինչպես է այս ամենն արդեն ստացվել Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մի շարք գյուղերի բնակիչների մոտ, բազմիցս գրվել է՝ տների, գյուղատնտեսական նշանակության հողերի կորուստ, ջրային ռեսուրսների հասանելիության կորուստ, գյուղերի տարածքում հակառակորդի ուժերի առկայության պատճառով անվտանգության էական նվազում։
Այն շտապողականությունը, որով կողմերը սկսեցին սահմանազատել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այլ ոչ թե ԵԱՀԿ նշված փաստաթղթի հիման վրա, փորձագետների շրջանում որոշակի հարցեր է առաջացնում։ Ինչպես արդեն գրել է News.am-ը, Հռչակագրի բովանդակությունը պաշտոնյաները մշտատև խեղաթյուրում են, «գոյություն ունեցող սահմաններ» եզրույթը փոխարինվել է «խորհրդային սահմաններ» բառակապակցությամբ, չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթի ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանները խիստ տարբերվում էին խորհրդայինից։ Մանավանդ Ադրբեջանի դեպքում, որը Հռչակագրին չափազանց ուշացումով միացավ։
Անհնար է չնկատել, որ Երևանին ու Բաքվին ուղղված հուսադրող հայտարարություններին զուգահեռ հաճախակիացել են Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի կարևորության մասին արևմտյան երկրների հայտարարությունները։ Նման վերջին հայտարարությունը հնչեց հենց երեկ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի շուրթերից։
«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ ավելի մեծը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և հենց դրա պատճառով է մեզ անհրաժեշտ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու համար պատերազմին և 90-ականներից գոյություն ունեցող սարսափելի հակամարտությանը։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղության ժամանակը»,- հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Մարիամ Լեվինա, News.am