ԱՐԹՈՒՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ․ «ԻՆՁ ԴՈԻՐ Է ԳԱԼԻՍ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԵՐԱԺԻՇՏ ԼԻՆԵԼ»
Դաշնակահար Արթուր Թադևոսյանը երաժշտական շրջանակներում վաղուց մեծ համբավ է ձեռք բերել։ Բուն մասնագիտությամբ դասական երաժիշտ լինելով, նա ժամանակ անց սկսեց համագործակցել հայկական և օտարերկրյա էստրադային երգիչների հետ, նվագել տարբեր խմբերի և այնպիսի անվանի մենակատարների հետ, ինչպիսիք են սակսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա), ակորդեոնահար Ռիշար Գալյանոն (Ֆրանսիա) և այլոք։
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՐԹՈՒՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ նաև երաժշտություն է գրում ու այդ բնագավառում ևս մեծ հաջողությունների է հասել։ Հեղինակային ստեղծագործություններում նա հմտորեն միաձուլում է դասական մոտեցումներն ու կառուցվածքային մեթոդները, ջազային, էստրադային և այլ ոճային տարրերը։ Նրա «The Armenian»՝ «Հայը», «Heroic» և այլ երաժշտական երկերը սիրված են ունկնդիրների միջավայրում և բուռն ծափահարությունների են արժանանում Արթուրի՝ տարբեր խմբերի կազմում արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ։
«Այս ոչ մեծ, բայց չափազանց տպավորիչ և պատկերավոր երաժշտական կտավը բացահայտում է ոչ միայն փայլուն երաժշտին, այլ նաև լայն մտածող և խոր զգացող անհատականությանը: Երրորդ մասում ասես ոչ միայն լսում եմ Փյունիկի թևաբախումը, այլ նաև տեսնում եմ ամեն անգամ մոխրից հառնող, կրկին դեպի Արև թռիչքը մարմնավորող այդ խորհրդանիշը», - ասում են Արթուր Թադևոսյանի ստեղծագործության երկրպագուները նրա կոմպոզիտորական տաղանդի մասին։ «Սա լավագույն ստեղծագործություններից է, որը ես երբևէ լսել եմ իմ կյանքում: Էներգիան անասելի չափազանց է: Եվ դա ուղղակի ցնցող է!!!» - ասում են մյուսները:
Երաժշտական տաղանդը Արթուրի մոտ բացահայտվեց վաղ մանկուց՝ նա կարծես աշխարհ եկավ Աստծո կողմից տրված մեծ շնորհով։ Նա դեռ 3 տարեկան էր, երբ մի օր տանը մոտեցավ դաշնամուրին ու սկսեց անծանոթ մեղեդի նվագել։ Ծնողները զարմացան, քանի որ տղայի կատարած երաժշտությունը ոչ թե ոչևէ հեղինակի ստեղծագործություն էր, այլ հենց Արթուրինը, ով այդ պահին փորձել էր դաշնամուրի ու երաժշտության միջոցով իր սեփական աշխարհընկալումն արտահայտել։
«Մեր ընտանիքում երաժիշտներ չկային, սակայն տանը դաշնամուր ունեինք։ Հայրս աշխատում էր Հանրային Հեռուստատեսությունում, և երբ ես դարձա 5 տարեկան, մի օր տարավ ինձ այնտեղ նկարահանվելու «Հրաշք ալիք» հաղորդման համար։ Հիշում եմ, թե ինչպես տեսախցիկի առջև կանգնած նվագեցի իմ հորինած մեղեդին ու ինչպես զարմացան հայրիկիս գործընկերները։ Այդ ձայնագրությունը մինչ օրս կա մեր տան արխիվներում։ Ծնողներս էլ վերջնական համոզվեցին, որ ես պետք է երաժշտական կրթություն ստանամ», - հիշում է այսօր Արթուրը։
Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցում Արթուրը միանգամից հայտնվեց անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանի դասարանում, որտեղ և սկսվեց իր բնածին տաղանդի ու կարողությունների նորովի բացահայտումն ու զարգացումը։ Դպրոցն ավարտելուց նա մասնակցեց մի շարք միջազգային մրցույթների որպես դասական դաշնակահար։ Ստեֆան Էլմասի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Արթուրը դարձավ դափնեկիր, Թբիլիսիում կայացած երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում նա դուրս եկավ եզրափակիչ փուլ և Թբիլիսիի կամերային նվագախմբի հետ համատեղ հանդես եկավ Բեթհովենի 4-րդ դաշնամուրի կոնցերտով։
Դափներկի երկու դիպլոմն Արթուր Թադևոսյանին թույլ տվեցին անվճար ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Եվ սկսվեցին վարպետությունը շտկելու նոր տարիներ՝ կրկին Արմեն Բաբախանյանի դասարանում։ Այժմ ուսուցիչն ու աշակերտը աշխատում էին կատարողական տեխնիկայի կատարելագործման, ավելի բարդ ծրագրի ստեղծման ու նոր նվագացանկ հավաքելու ուղղությամբ, ինչը նոր դռներ կբացեր տաղանդավոր դաշնակահարի առջև։ Այդ տարիներին Արթուր Թադևոսյանը մասնակցեց Խաչատրյանի անվան առաջին մրցույթում և կրկին դափնեկրի դիպլոմի արժանացավ։
ՍԱԿԱՅՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԵԾ ԲԵՄԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՏԵՍԱՆ ԱՅՍ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՐԱԺՇՏԻՆ։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո Արթուրը հանկարծ որոշեց կտրուկ փոխել մասնագիտական ուղվածությունն ու խորանալ երաժշտական այլ ոճերի մեջ։ Այսպես իր կյանքում հայտնվեց շոու-բիզնեսը և հայ էստրադային արտիստների հետ համագործակցությունը։ Նա դարձավ երգիչ Արման Հովհաննիսյանի երաժշտական խմբի ղեկավարը, որի կազմում համ նվագում էր, համ գործիքավորումներ կատարում։ Այս կազմի հետ նա շրջագայեց աշխարհով մեկ, ելույթներ ունեցավ շատ անվանի բեմերում՝ Լոս Անջելեսի Microsoft Theater-ի, Լաս Վեգասի Paris դահլիճներում, ինչպես նաև Սիդնեյում, Կանադայի քաղաքներում և այլն։ Հետաքրքիր համագործակցություն ստեղծվեց նաև պարսիկ երգչուհի Գուգուշի հետ, որը սկիզբ առավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգից ու շարունակվեց տարբեր երկրներում եղած ելույթներով։ Այժմ Արթուրը պայմանագիր է կնքել երգիչ Արկադի Դումիկյանի հետ, որի հետ ԱՄՆ-յում՝ Լոս Անջելեսի Peacock Theater-ում աննախադեպ համերգ է ունեցել։ Բոլոր տոմսերն առաջին երկու շաբաթվա ընթացքում վաճառվել էին, ինչը զարմացրել էր համերգի կազմակերպիչներին ու համերգասրահի տնօրինությանը, ինչի հետևանքով երկու նոր համերգների պայմանագիր կնքվեց 2025 թվականի համար։
«Իմ կարիերայի կարևոր էջերից է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը։ Նվագախմբի դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը պարբերաբար արտերկրից բարձրակարգ երաժիշտների է հրավիրում, և ինձ համար անչափ հետաքրքիր էր աշխատել Ֆեդերիկո Մոնդելչիի, Ռիշար Գալյանոյի հետ։ Նրանցից, մասնավորապես Գալյանոյից, ես շատ բան եմ սովորել, - ասում է Արթուր Թադևոսյանը։ - Ես աշխատել եմ նաև Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական նվագախմբի՝ այժմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի հետ կատարել եմ Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը։ Այդ տարիներին հասկացա, որ ժամանակն է բեմ հանել իմ սեփական ստեղծագործությունները»։
Արթուր Թադևոսյանի հեղինակային երաժշտական երկերը ուշադրություն են գրավում ոչ միայն իրենց բարեհնչյունությամբ, ոճերի միաձուլմամբ և դրանց մեկնաբանության ինքնատիպության շնորհիվ։ Կոմպոզիտորի ստեղծագործություննը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ կարդում ես ինչ-որ վեպ, որտեղ մի մասը հաջորդվում է մյուսով՝ տարբեր ռիթմիկ մակարդակներով ու իմաստային շեշտադրումներով։ Ինչպես խոստովանեց Արթուրը, իր ստեղծագործություններին իսկապես բնորոշ է «բազմամասությունը»։
«Որ ժանրում էլ ես ստեղծագործեմ, իմ երաժշտության հիմքում միշտ ընկած է դասականը, - նշում է երաժիշտը։ - Ես միշտ սիրել եմ նվագել սոնատներ, երեք մասից բաղկացած կոնցերտներ, որոնք ունեն նախաբան, գլխավոր լիրիկական մաս՝ բուն պատմությունը իր զարգացումով ու վերջաբան։ Այս կառուցվածքը ես օգտագործում եմ նաև իմ հեղինակային գործերում։ Լիովին արտահայտվելու համար ինձ կարծես չի հերիքում կարճ երկերի ֆորմատը։ Նույն ժամանակ, օրինակ, «Հայը»-ի մեջ, կան ջազային ելևէջներ ու հայկական մեղեդայնություն։ Ստեղծագործելիս ես օգտագործում եմ նաև հայկական ազգային նվագարանների հնչեղությունը, սակայն շատ զգույշ եմ այս հարցում՝ փորձում եմ այնպես անել, որ նրանց հայկականությունը այնքան վառ արտահայտված լինի, որ չնմանվի մեր «հարևանների» երաժշտությանը։ Կարծում եմ, այս մոտեցումից մենք միայն կշահենք»։
ԱՐԹՈՒՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ԻՐ ՍՏՈՒԴԻԱՅՈՒՄ ԱՐԴԵՆ ՁԱՅՆԱԳՐԵԼ Է բազմաթիվ հեղինակային երկեր, նրանցից 5 արդեն ամբողջովին պատրաստ են, 7 դեռ աշխատանքային փուլում են։ Արտերկրում համերգների ժամանակ նա հաճախ կատարում է նաև այս ստեղծագործությունները։ Երևանի ՄՀՀ-ում վերջերս տեղի ոընեցավ «Heroic»-ի առաջնախաղը, որին ներկա էր 10 հազար ունկնդիր։ Մոտ օրերին դաշնակահարը կրկին կմեկնի շրջագայության ԱՄՆ ու Եվրոպա Արկադի Դումիկյանի խմբի հետ։ Եվս երկու համերգ նախատեսված է Մոսկվայում, որտեղ Արթուրը կներկայացնի իր նոր հեղինակային ստեղծագործությունը։ Չի բացառվում, որ մի օր հայ հանդիսատեսը ներկա կլինի երաժշտի մենահամերգին, որտեղ նա կներկայացնի իր հեղինակային գործերը և, ինչու ոչ, դասական ստեղծագործություններ, որոնք նա այժմ էլ կատարում է մեծ վարպետությոմբ։
«Ինձ համար հեշտ չէր բաժանվել դասական երաժշտությունից, բայց միաժամանակ ես ձգտում էի դեպի նորը, ցանկանում էի նոր ոճերի մեջ խորանալ և դա ինձ կարծես թե հաջողեց։ «Հայը» երկից հետո ես սկսեցի ելույթ ունենալ տարբեր գործիքային դուետներով՝ կիթառի, ջութակի հետ, - կիսվեց Արթուրը։ - Սակայն դասականը միշտ ինձ հետ է։ Երբ համերգից տուն եմ վերադառնում, մեքենայում դասականն եմ լսում, ստուդիայում ազատ պահերին դասական ստեղծագործությունների նոտաները հանում եմ ու նվագում, որ չմոռացվեն։ Ինձ դուր է գալիս լինել ունիվերսալ երաժիշտ՝ դա մեծացնում է իմ մասնագիտական հնարավորությունները»։