ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ 10 ՏԱՐԻՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Սարգսյանի նախագության մեկնարկը, ժամանակային առումով, բարեհաջող չէր․ անգամ, կարելի է ասել, խիստ անբարենպաստ էր տնտեսության համար։ Այն համընկավ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, որը հետագայում վերածվեց խոր տնտեսական ճգնաժամի։
Միացյալ Նահանգների բանկային համակարգում սկսված և համաշխարհային տնտեսության մեջ տարածված ճգնաժամից, անշուշտ, անմասն չէր կարող մնալ նաև Հայաստանը։ Հետագայում մեծ ջանքեր պահանջվեցին այդ ճգնաժամի հետևանքները վերացնելու համար։ Իրականացվեցին մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված էին՝ ինչպես կարևոր տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական խնդիրների լուծմանը։
Առանձնացնենք դրանցից մի քանիսը։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեկնարկեց հայտնի եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկերի տրամադրման բնակարանային ապահովության ծրագիրը, որը շարունակվում է մինչև այժմ։
Ի սկզբանե ծրագիրն ուներ սոցիալական նշանակություն և ուղղված էր հասարակության անապահով հատվածի բնակարանային կարիքների բավարարմանը։ Բայց 2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո այն վերանայվեց և ամբողջությամբ հարմարեցվեց հասարակության ապահով հատվածի շահերին՝ ծրագրից դուրս մղելով սոցիալապես անապահով խավին։
Ծրագրի շահառուները դարձան բարձրաստիճան պաշտոնյաներն ու նորօրյա իշխանավորները, ինչպես նաև՝ հասարակության համեմատաբար ապահով խավը, ովքեր պետության հաշվին բնակարանի, երբեմն՝ բնակարանների տեր դարձան։
Այսօր, երբ իշխանությունները հպարտանում են այդ ծրագրով, մոռանում են, որ դրա հիմքերը դրվել են Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։
Հետագայում, սակայն, այսօրվա իշխանություններն այդ ծրագիրը ևս ամբողջությամբ ձևախեղեցին և ծառայեցրին իրենց բնակարանային խնդիրների լուծմանը՝ պետական բյուջեն դնելով լուրջ ծանրության տակ։
Սպասվում է, որ արդեն այս տարի հիփոթեքային վարկերի եկամտային հարկի հետվերադարձը բյուջեի վրա կնստի առնվազն 200 մլն դոլար։
Սրանով կարելի էր լուրջ սոցիալական խնդիրներ լուծել, այդ թվում՝ անապահովների բնակարանային ապահովության առումով, բայց գործող իշխանություններն այնպես արեցին, որ այն ամբողջությամբ ծառայեցրին իրենց շահերի սպասարկմանը։
Եկամտային հարկի գործոնը չսահմանափակվեց միայն բնակարանային ապահովության ծրագրով։ Կարևոր նախաձեռնություններից մեկը դարձավ դրա շրջանակներում տնտեսական ծրագրերի խթանումը, որն արտահայտվեց հատկապես ՏՏ ոլորտում։
Խոսքը նորաստեղծ ՏՏ ոլորտի ընկերություններին եկամտային հարկի արտոնության տրամադրման, ինչպես նաև շահութահարկից ազատելու մասին է, որն այժմ էլ շարունակում է գործել։
Նախաձեռնությունը հետագայում լուրջ ազդեցություն ունեցավ ու շարունակում է ունենալ տնտեսության այդ առանցքային ճյուղի զարգացումների գործում։ Մինչև վերջերս արձանագրվող բարձր աճերը հիմնականում դրա արդյունք էին։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեկնարկեցին կենսաթոշակային համակարգի բարեփոխումները։ 2014 թվականի հունվարի 1-ից՝ կենսաթոշակառուներին պատշաճ կենսաթոշակով ապահովելու նպատակով, Հայաստանում ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգ։
Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին դեմ էր արտահայտվում այդ համակարգին, իշխանության գալուց հետո սկսեց ատամներով պաշտպանել։ Այն պահպանելու համար նույնիսկ վերանայեց կենսաթոշակային բաղադրիչի պետական մասնակցությունը, ինչի հետևանքով մի քանի տարի շարունակ պետական բյուջեն ստիպված էր անհամեմատ ավելի մեծ ծախսեր կատարել։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիների կարևոր բարեփոխումներից մեկն էլ ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրումն էր։ Թեև ժամանակին այն սվիններով ընդունվեց, այնուհանդերձ, կարճ ժամանակ անց դարձավ տրանսպորտային պատահարների հետ կապված խնդիրների լուծման հիմքը։
Տասնչորս տարուց ավելի արդեն այդ համակարգը հաջողությամբ գործում է։ Դրա հիման վրա սկսեց ձևավորվել նաև բժշկական ապահովագրությունը, որի հետ կապված բարեփոխումներն իշխանափոխությունից հետո գրեթե սառեցվեցին։
2008թ. վերջին Հայաստանը պաշտոնապես դիմեց Եվրոպական Հանձնաժողովին, և 2009թ. հունվարի 1-ից Հայաստանը սկսեց օգտվել կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):
2014թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ջանքերի շնորհիվ Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվեց ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում:
«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
Ցավոք, Փաշինյանի կառավարության անգործության պատճառով, 2022 թվականին Հայաստանում ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) կիրառումը դադարեցվեց, և 2022թ․ հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի օգտվում «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։
2015թ. ԱՄՆ-ը և Հայաստանը կնքեցին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը՝ Trade and Investments Framework Agreement, որով նախատեսվում էր ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը քննության կառնի երկկողմ առևտրին, ներդրումներին ու հարակից խնդիրներին վերաբերող հարցերը և կուսումնասիրի երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ամրապնդման ուղիները:
Հիմնվեց ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհուրդը, առաջին անգամ ԱՄՆ-ի հետ տնտեսական թեմատիկայով միջկառավարական մակարդակով սկսվեցին քննարկումներ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, իրականացվեցին կոնկրետ ոլորտային զարգացման շուրջ քննարկումներ:
Ի վերջո, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում արձանագրված ամենակարևոր նախաձեռնություններից մեկը, որը դարձել է Հայաստանի տնտեսության բարձր աճերի հիմքը։ Համաշխարհային տնտեսական աճերից գլուխները կորցրած գործող իշխանությունները մոռանում են, որ այդ աճերն ապահովվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։
Ժամանակին քննադատում էին Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը մտցրել է ԵԱՏՄ, իսկ այսօր վայելում են այդ կառույցի տված արդյունքները, լիաթոք օգտվում են դրա ընձեռած հնարավորություններից։
Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է՝ բանակցելով իր համար շատ շահավետ անցումային ժամանակաշրջան՝ արտոնյալ տարիֆային՝ մաքսատուրքերի դրույքաչափերի մասով։ 2018-2019 թվականներին ավտոմեքենաների և մյուս ապրանքատեսակների արտոնյալ ներմուծումն ու վերաարտահանումը ԵԱՏՄ մյուս երկրներ՝ Հայաստանին բերեց մեծածավալ բյուջետային մուտքեր:
Դժվար է պատկերացնել, թե հիմա ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե չլինեին այդ հնարավորությունները։
Այսօր էլ Հայաստանի տնտեսության ապագան շատերը տեսնում են ԵԱՏՄ շրջանակներում՝ հաշվի առնելով տնտեսության որակն ու կարողությունները։ Նրանք, որոնք ժամանակին Սերժ Սարգսյանին մեղադրում էին Հայաստանը Մաքսային միության մեջ ներքաշելու մեջ, մոռանում են, որ մինչև իշխանափոխություն Հայաստանը հաջողությամբ համագործակցում էր նաև ԵՄ-ի հետ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։
Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն, որը հետագայում հենց արևմտյան երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից որպես օրինակ էր մատնանշվում: Նրանք ասում էին՝ Հայաստանն այդպիսով ապացուցեց, որ հնարավոր է ԵԱՏՄ-ում լինելով՝ նման խորը համագործակցություն ունենալ ԵՄ-ի հետ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի կառավարությունը կարողացավ հասնել բանակցային այնպիսի մակարդակի, որ որևէ երկիր Հայաստանի առջև պայման չէր դնում՝ կողմնորոշվեք՝ կամ ԵՄ, կամ ԵԱՏՄ… որից շահում էր միայն պետությունը և քաղաքացին:
CEPA-ի՝ ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուղղությամբ իրական քայլերը հնարավորություն կտային նախ՝ բացի ՀՀ-ԵՄ հարաբերությունների լավացումից, երկրում իրականացնել իրական ռեֆորմներ՝ ԵՄ օրինակով, ԵՄ ֆինանսական, տեխնիկական ու խորհրդատվական աջակցությամբ, ինչը կհանգեցներ ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերություննների լավացմանն ու ՌԴ տնտեսությունից, շուկայից ու ռուսական փողից կախվածության մեղմելուն: Ցավոք, այդ հնարավորությունը ևս մսխվեց 2018-ից հետո իշխանությունը զավթած կառավարիչների կողմից:
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ, Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ