ԻՐԱՆԻՑ ԳԱԶԱՏԱՐՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ

Հարավային Կովկասում վերջին չորս տարիներին աշխարհաքաղաքական իրավիճակը ենթարկվել է արմատական փոփոխությունների՝ Հայաստանի քաղաքական քարտեզից Լեռնային Ղարաբաղի վերացումից մինչև Ադրբեջանի հետ ՀՀ-ի սահմանի փոփոխության։ Այս գործընթացները զուգորդվել են ուժերի հարաբերակցության էական փոփոխությամբ։ Դրա մասին գրում է իրանական Pars Today գործակալությունը։

«Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական պայմանագրի ստորագրումը, Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը, ԵՄ սահմանափակ դիտորդական առաքելությունը և ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-ադրբեջանական սահմանից Իրանի շահերի և անվտանգության համար խոր հետևանքներ կունենան։

Հայաստանի արևմտամետ իշխանությունը մտադիր է տնտեսության և էներգետիկայի առումով նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, մինչդեռ Բաքուն, լիովին հասկանալով Երևանի վիճակը, այս հարցը դիտարկում է իբրև ճնշման լծակ՝ ավելի շատ լրացուցիչ օգուտներ կորզելու և Երևանի վրա ավելի մեծ ճնշում է գործադրելու համար։

Տարածաշրջանում ռուսական գազի փոխարինման երկու տարբերակ կա՝ Իրան և Ադրբեջան։ Եթե ​​Երևանն ընտրի երկրորդ տարբերակը, ավելի խոր կներքաշվի թուրք-ադրբեջանական դաշինքի ազդեցության ոլորտ։ Մինչդեռ Երևանն ու Թեհրանը էներգետիկ ոլորտում կարող են ընդլայնել համագործակցությունը։ Ներկայում Իրան-Հայաստան գազատարը շահագործվում է շատ ցածր հզորությամբ, քանի որ այդ խողովակաշարը կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ կարիքների կեսից ավելին։ Տավուշի վիճելի տարածքով է անցնում գազատարը, որով Ռուսաստանից գազը մտնում է Հայաստան։ Եթե ​​Ադրբեջանը ելք ստանա դեպի «անկլավային» շրջաններ, Հայաստանին մատակարարող ռուսական ռազմավարական գազի խողովակաշարը Բաքվի հարաբերական վերահսկողության տակ կանցնի։

Այսօր երկու երկրների բանակցությունների և ապագա հարաբերությունների օրակարգում է էներգամատակարարման կարևոր հարցը, որտեղ քննարկվել է նաև Բաքվից Երևան գազի մատակարարման հնարավորությունը։ Այս հարցը կարող է դառնալ կողմերի միջև համապարփակ համաձայնագրի մաս։ «Սահմանազատման և սահմանագծման» ներկայիս գործընթացը ստեղծում է Հարավային Կովկասի նոր պլան, որը տարածաշրջանի մյուս երկրների համար վտանգավոր է և անառողջ նախադեպ կստեղծի։

Նախ, տարածաշրջանային հավասարումների այս փոփոխությունն նոր և ավելի փխրուն ճարտարապետություն ունի, և հիմնված է ավելի թույլ կողմի վրա կրկնակի ճնշման և հավասարակշռության վերջնական խախտման համար սուր իրավիճակ ստեղծելու վրա: Երկրորդ՝ այս գործընթացը Հայաստանը դարձնում է Ադրբեջանի հաճախորդ երկիր։

Այդ կերպ Երևանը բավարարում է Բաքվի և Անկարայի պահանջները և տարածաշրջանում երաշխավորում է Թուրքիայի առաջնորդությունը։

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի վերջնական կարգավորումը խաղաղության համար չպետք է ևս մեկ նախապայման լինի։ «Սահմանազատման և սահմանագծման» գործընթացի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը կարող է շարունակվել մի քանի տասնամյակ։ Վրաստանն ու Ադրբեջանը շուրջ 30 տարի քննարկում և խորհրդակցում են իրենց ընդհանուր սահմանի շուրջ, սակայն, չնայած դրան, այս հարցում առաջընթաց ապահովելու համար ռազմական ճնշում չի գործադրվում։

«Սահմանազատման և սահմանագծման» գործընթացին զուգահեռ, կառավարությունները ներգրավվում և համագործակցում են տարբեր ոլորտներում, հետևաբար, Ադրբեջանի տեսակետը խաղաղության պայմանագրի ստորագրման և դա «սահմանազատման և սահմանագծման» հետ պայմանավորելու մասին նշանակում է խաղաղության իրական տեսլականի միտումնավոր արգելափակում։ Այսպիսով վտանգ կա, որ տարածաշրջանի ապակայունացման մեջ շահագրգռված թշնամական երկրները Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի դժկամությունը որպես լծակ կօգտագործեն՝ Իրանի սահմանների մոտ տարածաշրջանի հետագա ապակայունացման նպատակով։

News.am