ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ. ՓՈՐՁԱԳԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԷԿ-Ի ԹԵՄԱՆ

Նոր ատոմակայանի կառուցման հարցում ամերիկյան կողմի հետ համագործակցելու հայտարարությունն ամենայն հավանականությամբ այն մասին է, որ հայաստանյան մասնագետներին պետք է հնարավորություն տրվի առավել մանրամասն ծանոթանալ ամերիկյան կողմի` նոր ատոմակայանի հետ կապված առաջարկին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման ենթադրություն է արել էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը։

Հայտնել ենք, որ հուլիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հայաստան–Արևելյան գործընկերություն–Եվրամիություն. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ ազդարարեց նոր ատոմակայանի կառուցման հետ կապված` ԱՄՆ–ի հետ առարկայական փուլ մտելու մասին։ Նրա խոսքով` ԱՄՆ–ի հետ այժմ քննարկվում է իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, և գնդակը ներկա պահին ԱՄՆ–ի դաշտում է։

«Քանի որ մոդուլային ատոմակայանները դեռևս գործնական, կիրառական փուլ չեն մտել, նախագծային ու փորձնական փուլում են, որպեսզի հասկանալի լինի, թե դրանք որքանով են արդյունավետ, պետք է ոչ միայն արտադրող նախագծողների հավաստիացումների, գովազդի մակարդակով ներկայացվեն։ Կարծում եմ` խոսքը դրա մասին է, որ հայ մասնագետները կարողանան հողի վրա ծանոթանալ բոլոր փաստաթղթերին, որպեսզի կարողանան եզրահանգման գալ»,– ենթադրում է Արթուր Ավետիսյանը։

Նրա խոսքով` մոդուլային ատոմակայանների դեպքում մասնագետներին հիմնականում անհանգստացնում է դրանց վերաբերյալ առկա անորոշությունը։ Բացի ՌԴ–ից ու Չինաստանից, որևէ այլ երկրում այդ տիպի ատոմակայաններ չեն փորձարկվել, մինչդեռ ատոմային էներգետիկայի անվտանգության հիմնական պահանջը փորձարկմամբ ապացուցված արդյունավետությունն է։

«Հայաստանն այլընտրանք չունի։ Պետք է անպայման նոր ատոմակայան կառուցի։ Իսկ որպեսզի հնարավոր լինի դա իրականացնել, անհրաժեշտ է համապարփակ վերլուծություններ իրականացնել և՛ տեխնիկատնտեսական, և՛ անվտանգային, և՛ հզորությունների հեռանկարի իմաստով, թե Հայաստանն ի վերջո ինչ էներգտիկ հզորությունների կարիք ունի»,– նշում է փորձագետը` միաժամանական կառավարությանը կոչ անելով այդ կարևոր որոշումն ընդունելիս հաշվի առնել մասնագիտական հանրույթի կարծիքը։

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման առաջարկներ է ստացել առնվազն 3 երկրից` Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Կորեա։ Մեր զրուցակիցը դեմ է նաև հարցի անհարկի քաղաքականացմանը` նշելով, որ ատոմակայանի հարցում առաջնային գործոնը պետք է լինի երկրի էներգետիկ անվտանգությունը։

«Երբ որ մենք դիտարկում են պետությունների մակարդակով, ստացվում է, որ մենք մեզ արհեստականորեն դնում ենք ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական ընտրության առջև»,– նշում է մասնագետը` գործընկերներին հորդորելով մանրամասն ուսումնասիրել նաև կորեական կողմի առաջարկը` հատկապես, որ Հայաստանն ունի լուրջ որոշում կայացնելու շատ քիչ ժամանակ։ Մեծամորի ԱԷԿ–ի շահագրծման ժամկետը ավարտվում է 2036թ–ին, մինչ այդ նոր ատոմակայանն արդեն պետք է պատրաստ լինի շահագործման հանձնելու։

«Եթե նույնիսկ այս տարվա ավարտին որոշումը կայացվի, առնվազն 2-3 տարի նախագծման փուլն է ձգվելու, 8-10 տարի` շինարարության փուլը։ Հաշվի առնելով, որ հզոր կայանների կառուցման ժամանակ միշտ ժամանակացույցից շեղումներ են լինում, ռիսկը մեծ է, որ ժամկետի մեջ կարող է` չտեղավորվենք»,– նշում է փորձագետը։

Մյուս կողմից, մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցման համար Հայաստանը, նրա խոսքով, ունի լուրջ առավելություն` պատրաստի հարթակ, որի ստեղծման համար այլ երկրներում տարիներ են պահանջվում։

Հավելենք, որ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ բոլոր առաջարկները քննարկելու, մասնագիտական եզրակացություններ ու գնահատականներ տալու համար 2023թ–ի հունիսին ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Խմբի աշխատանքային գործընթացի, քննարկումների ու որոշումների մասին անցնող 1 տարում պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Sputnik Արմենիա