ՈՐՊԵՍԶԻ ԱՊԱԳԱ ԼԻՆԻ

Սկզբում «Փաշինյանի հանճարը» պատերազմի մեջ ներքաշեց Հայաստանը, երբ հանրապետությունը պատրաստ չէր դրան։ Հետո «արդարացավ», թե պատերազմից խուսափելն անհնար էր նախկին իշխանությունների սխալների պատճառով։

Այնուհետ իր թիմի հետ միասին սկսեց չափչփել արեվմտյան մայրաքաղաքները՝ Անկարայից մինչև Վաշինգտոն, որտեղ նրան աջակցություն և սուբսիդիաներ խոստացան՝ տարածաշրջանում ինչպես Ռուսաստանի ազդեցության, այնպես էլ արևմտաթուրքական տեսանկյունից հավակնոտ հայկական ազգային շահերի և գաղափարախոսության զրոյացման քաղաքականության դիմաց։ Փաշինյանը խոնարհաբար լսեց ու թևքերը քշտած սկսեց տքնել Հայաստանը մի այնպիսի երկրի վերածելու ուղղությամբ, որտեղ ամեն ինչ վաճառվում ու գնվում է, և կիսվել «բացահայտումներով», թե իբր՝ այն, ինչի համար պատերազմ եղավ, իրականում անարժեք բան էր, ընդամենը բեռ պետության վզին

Այսօր իշխող թիմն ինքն իրեն համոզում է, թե Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած Շարժումը մարել է՝ չհասնելով նպատակին։ Ավաղ, իշխող կուսակցության և դրա կողմնակիցների պարագայում Շարժումը չի կարող մարել հենց միայն այն պատճառով, որ ոչ մի տեղ չեն անհետացել այդ Շարժումը ծնած պատճառները, այն է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության մշտական ձախողումները։

Ավելին, ամեն ինչ վկայում է այն մասին, որ ձախողումները բազմապատկվելու են, միտումը շարունակվելու է։ Այլ կերպ չի կարող լինել, քանի դեռ Փաշինյանի միակ մարտավարությունն այն է, որ առանց կռվի զիջի այն ամենը, ինչ իրենից պահանջում են ագրեսիվ հարևանները. տարածքներից մինչև երկրի Հիմնական օրենք։ Լավագույն դեպքում կձգձգի, որքան որ հնարավոր է ձգել՝ առանց կառավարող թիմի իշխանությունը վտանգելու։

Իհարկե, դա չի նշանակում, թե Փաշինյանը ջանքեր չի գործադրի միտումը կոտրելու համար։ Մենք դեռ մեկ անգամ չէ, որ ականատես ենք լինելու նրա աշխարհաքաղաքական դեգերումներին, ինչպես նաև հերթական «հայտնություններին», ուղեղի նոր «պայծառացումներին», պարադոքսալ «բացահայտումներին», բայց բոլորիս համար ակնհայտ է, որ Փաշինյանն անկարող է բեկել իրավիճակը։ Բազմաթիվ պատճառներով: Բայց, ի դեպ, ոչ վերջին հերթին նաև այն պատճառով, որ անկարող է վերափոխել ինքն իրեն, իր բնավորությունը, իր թերամտությունը, վախկոտությունն ու դավաճանի էությունը:

Պատմությունը ուսուցանում է, որ պետությունները կործանվում են ոչ այնքան թշնամիների ձեռքով, որքան իրենց տիրակալների մեղքով։ Հայաստանի ձախողումները Փաշինյանի օրոք շարունակվելու են, ուստի, չնայած Փաշինյանին հավատարիմ ուժայինների տարաբնույթ ջանքերին, աճելու է ներկայիս ռեժիմին մերժող մարդկանց թիվը։ Աճելու է ներկայիս իշխանությանը բացահայտ ատող մարդկանց թիվը կամ, մշակութային-սոցիոլոգիական լեզվով ասած՝ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» հակավարկանիշը։

Այնպես որ Փաշինյանի կառավարության դեմ ուղղված բողոքի շարժումը կարող է փոխել ձևը, բայց ոչ ավելին: Եվ հարցն այն չէ, թե իր այս կամ այն կազմակերպչական ձևով կհասնի՞ արդյոք Շարժումը Փաշինյանի հրաժարականին։ Հարցն այն է, թե դեռ որքան կորուստներ կունենա Հայաստանը, մինչ Փաշինյանը կհեռանա վարչապետի պաշտոնից։ Հարցն այն է, թե պահպանված կլինի՞ արդյոք այդ ժամանակ անկախ հայկական պետականությունը։ Հարցն այն է, ի վերջո, թե ով կփոխարինի Փաշինյանին կառավարության ղեկավարի պաշտոնում։

Եվ այստեղ՝ ևս մեկ կարևոր տեսանկյուն։ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած Շարժումն ինքնին ավելի կարևոր է, քան հայտարարված նպատակը. հասնել Փաշինյանի հրաժարականին։ Շարժումն ուղղված է հասարակության համախմբմանը գալիք մարտահրավերների առջև, քաղաքականության մեջ կործանարար պոպուլիզմի և արկածախնդրության մերժմանը հասարակության կողմից: Շարժման իրական նպատակն այն է, որ Հայաստանը ապագա ունենա Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո։