ՀԱՐԿԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՆՈԽԱԶՆԵՐ ԳՏԱՆ, կամ՝ ԿԱՂԼԻԿ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ
Փաշինյանի կառավարությունը, որը սովոր չէ իրեն՝ սիրելիին որևէ բանից զրկել, ֆինանսական միջոցների սուր պակասի է բախվել։ Արդեն չեն օգնում ո՛չ անմտորեն պոկած վիթխարի վարկերը, ո՛չ էլ լիմոնի պես քամած քաղաքացիների ու բիզնեսի վճարած հարկերը…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առերևույթ առույգ տեսքով զեկուցում է, որ այս տարվա 1-ին կիսամյակում պետական բյուջեում հավաքվել է 7.6% -ով ավելի շատ հարկեր և տուրքեր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Իսկ այնուհետ, պատկերավոր ասած՝ «մանր տառատեսակով», համեստորեն հավելում է, որ դա գրեթե 9 տոկոսով պակաս է նախատեսված ցուցանիշից։ Դրամական արտահայտությամբ դա, ըստ որոշ տեղեկությունների, ավելի քան 100 մլրդ դրամի պակասուրդ է։
ՊԵԿ-ը նշում է հարկահավաքման գործում հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիների դրական դերը (այլապես ծրագրային ցուցանիշներից շեղումն ավելի մեծ կլիներ – Ա.Ա.): Բայց չի կարելի չնկատել, որ Փաշինյանի կառավարության կողմից քրոնիկական տկարության մատնված լեռնահանքային ոլորտը՝ մետալուրգիայի հետ միասին, ուրախացնելով կոմիտեականներին իր ուսերին դրված անհաղթահարելի հարկերի վճարումով, որոնք միջոցներ չեն թողնում զարգացման համար, ուրախության առիթ չէ հանրության համար, հենց թեկուզ այն պատճառով, որ պետության զուտ ֆիսկալային շահերն ակնհայտորեն ներդաշնակ չեն տնտեսավարող սուբյեկտների ինքնազգացողության հետ, որոնց այսպիսի քաղաքականությունը բառացիորեն տապալել է։ Բայց նույնիսկ դա, կրկնենք, չփրկեց իրավիճակը։
Իսկ այ մեղավորներին հարկայինները, հետևելով խորամանկ կառավարության «մեթոդաբանությանը», արագ գտան։ Նախ՝ դրանք բանկերն են, որոնք այս տարի ավելի քիչ են վճարել շահութահարկի գծով՝ դուրս գրելով անցած տարիների դեբիտորական պարտքերը (իմա՝ անհուսալի վարկերը - Ա.Ա.): Մեր կողմից նշենք, որ դժվար թե այդ գումարն այնքան մեծ լինի, որ սաստիկ շեղի կառավարության նպատակային ցուցանիշները, բայց պետք է, չէ՞, ինչ-որ մեկին գտնել որպես քավության նոխազ։
Նշյալ կերպարի որոնումներով՝ երկրորդ «նոխազը» դարձավ ոսկերչական ոլորտը։ Մասնավորապես, երբ հարկայիններին մատնացույց են անում տնտեսական աճի տեմպերի և հարկային մուտքերի կտրուկ անհամապատասխանությունը, նրանք իբրև աճ ապահոված ոլորտներ նշում են այնպիսիք, որոնցից հարկեր կարելի է գանձել ճիշտ այնպես, ինչպես կթել նոխազին (ներեցեք շարունակ պատկերացող կերպարի համար)։
Իսկապե՞ս։ Իսկ այդ երբվանի՞ց են ոսկու և ադամանդի հետ կապված գործարքներն իբր հարկային արտոնություններ ստացել։ Իրականում, ինչպես բազմիցս գրել է «ԳԱ»-ն, ոսկերչական ոլորտից հարկեր չեն գանձվում բոլորովին այլ պատճառով։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, գորշ սխեմաների մասին է, ըստ էության՝ ստվերային տնտեսության։ Այլապես դժվար է բացատրել, թե ինչու ոսկերչական իրերի ազգային արտադրությունից, ինչի տեղ է ներկայացվում դրանց ներմուծումն ու վերաարտահանումը, հարկեր չեն գանձվում։ Պետական եկամուտների կոմիտեն և Գլխավոր դատախազությունն այս առնչությամբ խորիմաստ լռություն են պահպանում։
Քավության հաջորդ նոխազի դերում նշվում է ավտոմեքենաների ներկրման և վերաարտահանման ոլորտը, որն անցած տարի բավական մեծ գումարներ է բերել պետական գանձարան: Իսկ հիմա կոմիտեում տխուր արձանագրում են, որ պետբյուջեի համար եկամտաբեր, բայց տնտեսական զարգացման առումով գրեթե աննշան այդ ճյուղը գործընկեր երկրներում խստացումների պատճառով բազմապատիկ անկում է ապրել։
Եվ վերջապես, բարձր գնաճի ալիքի վրա փող հավաքելու սովոր հարկայիններին այսօր հավանաբար սաստիկ վշտացրել է թույլիկ, մեկ տոկոսից էլ պակաս գնաճը, որը տարեսկզբից հաճախ ընդհանրապես փոխարկվել է գնանկման։
Ասվածը, բացի ամենից, ակնհայտորեն ցույց է տալիս իշխանության անիրազեկությունն ու անհեռատեսությունը, մասնավորապես՝ իրավիճակի զարգացումները կանխատեսելու նրա ուղեղի չնչին ունակությունները։ Ժամանակին «մեծ թափով» կազմեցին 2024-ի պետբյուջեի եկամտային մասը, կարծելով, թե այս տարի էլ կշարունակեն անմտորեն քաշել սերը բարենպաստ դասավորված արտաքին հանգամանքներից, բայց չստացվեց։ Մինչդեռ զգուշացրել են խելացի մարդիկ, սկսած Հերակլիտոս Եփեսացուց, որ «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում»:
Հիմա կառավարությունում գլուխ են կոտրում, թե կուշտ տարում ծրագրած որ ծախսերը կրճատեն, իսկ հարկայինները դեսուդեն են ընկնում՝ պետբյուջեի համար եկամուտների կորզման լրացուցիչ աղբյուրների որոնումներով, հասնելով աբսուրդի և քաղաքացիների ու բիզնեսի բիրտ ծանակման։ Դե, իսկ հետո՞։