ՀԵՆՐԻ ԼԻՆՉ. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր իռլանդացի հայտնի աշխարհագրագետ և ճանապարհորդ Հենրի Ֆինիս Բլոս Լինչի (1862-1913) անունն այնքան հաճախ չի հնչում, որքան 20-րդ դարում։ Սակայն նրա գլխավոր աշխատությունը՝ «Հայաստան։ Ճամփորդական ակնարկներ և հետազոտություններ» երկհատորյակը շարունակում է մնալ արժեքավոր աղբյուր՝ տարածաշրջանի և նրա բազմակողմանի ժառանգության ուսումնասիրության համար:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԸ ԵՂԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ։ Առաջին ուղևորությունը 1893-1894 թվականներին էր, իսկ երկրորդը՝ 1898-ին։ Հավաքած նյութերի հիման վրա Լինչը երկհատորյակ գրեց՝ նվիրված 19-րդ դարավերջի Հայաստանի պատմությանը, մշակույթին և աշխարհագրությանը: Բրիտանացի հնագետ Դեվիդ Ջորջ Հոգարտը գիրքն անվանել է «ճամփորդական գրառումների և տպավորությունների, պատմական և հնագիտական հետազոտությունների հիանալի պատկերազարդված խառնուրդ»:

Генри Линч

Հետագա տասնամյակի ընթացքում Լինչի աշխատանքը շարունակում էին գովաբանել մամուլում։ Ինչպես նշել է պատմաբան Մարտին Քոնուեյը 1916 թվականին. «Հայաստանի մանրակրկիտ ուսումնասիրությունը Հենրիին դարձրեց ոլորտի ամենահեղինակավոր գիտնականներից մեկը»:

Հ.Լինչը ձգտել է բացահայտել հայերի կյանքի, նրանց շրջապատող լանդշաֆտի, ճարտարապետության տարբեր տեսանկյունները։ Հայ-ամերիկյան հետազոտող Քրիստինա Մարանսին գրում է, որ երկհատորյակը «հայկական ճարտարապետության առաջին ժամանակակից արևմտյան ուսումնասիրությունն է»:

Գրքում եզակի տեղեկություններ են զետեղված հայ ժողովրդի պատմության, ազգագրության, բանահյուսության, Հայաստանի աշխարհագրության և ժողովրդագրության մասին, ինչպես նաև 19-րդ դարի վիճակագրական տվյալները:

Այսօր առանձնակի արժեք են ներկայացնում Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ լուսանկարները։ Դրանց ճնշող մեծամասնությանը թուրքերը հողին են հավասարեցրել, օրինակ ծառայելով «բանականությամբ» իրենց կրտսեր եղբայր ադրբեջանցիներին, որոնք Նախիջևանում անպատիժ ոչնչացրեցին հազարավոր խաչքարներ, իսկ հիմա ձեռնամուխ են եղել Արցախի մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Բայց աշխարհը լռում է: Ավելի կարևոր գործերով են զբաղված։ Իսկ մեզ մնում է ապավինել հիմնականում միայն ինքներս մեզ։ Որպեսզի դեպի Հայաստան ճամփորդությունը չվերածվի անցյալ ժամանակի կատեգորիայի:

Մոսկվայի Հայկական այգային մշակույթի թանգարանի կայքից՝ պատրաստեց Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԸ