Ո՞Վ ՏԵՂ ՈՒՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԿԱՆՋԻ ՏԱԿ

Հիմա արդեն Փաշինյանը սկսել է պոչ խաղացնել Արևմուտքի հետ հարաբերություններում՝ ճիշտ այնպես, ինչպես նախկինում դա անում էր ռուսների հետ։ Օրինակ, Եվրոպայում իր արձակուրդային շրջագայության ընթացքում այցելելով Լոնդոն՝ նա հրաժարվել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերի առաջարկից՝ հանդիպում անցկացնելու Ալիևի հետ։ Եթե դրա համար ծանրակշիռ հիմքեր չլինեին, վարչապետը ոչ մի պարագայում չէր զրկի իրեն Բրիտանիայի նորընտիր վարչապետի հետ սելֆի անելու, տիկին Հակոբյանի համար Կամիլա թագուհու մոտ ընդունելություն խնդրելու, ինչպես նաև «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ ձեռքսեղմման կադրերով ВВС-ի ռեպորտաժներ խցկվելու հաճույքից։

Սակայն, ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ, Փաշինյանը սրտի կսկիծով մերժել է Սթարմերին, քանի որ կասկածել է, որ Ադրբեջանի հետ «մեղր ու շաքար հարաբերությունների» մեջ գտնվող երկրի վարչապետը հանդիպման ընթացքում անպայման ճնշում կգործադրի իր վրա՝ Ալիևին համար նոր զիջումներ կորզելու նպատակով, որոնք իրեն բոլորովին «մերկ» կթողնեն «հպարտ քաղաքացիների» առջև։ Զարմանալի է, բայց պարզվում է՝ Փաշինյանը նոր է սկսել հասկանալ, որ համաշխարհային աշխարհաքաղաքականության սաստիկ ձնաբքի մեջ շրջում է լոկ անդրավարտիքով։ Եվ ընդ որում դա էլ են փորձում հագից հանել։

Արևմուտքը Նիկոլից կորզեց այն ամենը, ինչ հնարավոր էր, և թողեց բառացիորեն կլպած։ «Չհամարձակվե՛ս ղարաբաղյան պատերազմում ռմբակոծել ադրբեջանական գազատարներն ու նավթատարները» - «այո, իհարկե», «իջեցրու Արցախի վերաբերյալ պահանջների նշաձողը» - «խնդիր չկա», «ճանաչիր Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մաս» - «ուրախությա՛մբ» - «զիջիր «Զանգեզուրի միջանցքը» - «մեծագույն հաճույքով», «վերաշարադրիր Սահմանադրությունը» - «լսում եմ և կատարո՛ւմ»...

Մնում է լոկ կռահել, թե այդ ինչ արտակարգ բան էին պատրաստվում պահանջել Սթարմերն ու Ալիևը, որ Նիկոլը նույնիսկ խոստացած ու արդեն արած բոլոր զիջումներից հետո համարեց, որ դա արդեն ծայրահեղ է իր համար և որոշեց պարզապես խույս տալ հանդիպումից։ Ի վերջո, զիջելու բան արդեն բոլորովին չկա։ Թերևս միայն՝ ստորագրել Հայաստանի Հանրապետության ինքնալուծարման ակտը, այդ աղետի մեղավորներ հայտարարել «նախկիններին»՝ Ռուսաստանի հետ միասին, և թռչել Կանադայում ապրելու։

Թեպետ, հանուն այդպիսի զիջման բրիտանացիներն ու ադրբեջանցիները հաստատ չեն նահանջի։ Չստացվեց Լոնդոնում, կստացվի այլ տեղում՝ Բրյուսելում, Մադրիդում կամ Վիեննայում։ Նիկոլին կիջեցնեն հեծանվից, քարշ կտան բանակցային սեղանի մոտ ու կստիպեն ստորագրել նման պարտավորության տակ։

Իսկ եթե լուրջ, Փաշինյանը լիովին խճճվել է արևմտյան ցանցերի մեջ և հիմա դեսուդեն է ընկնում Մոսկվայի հետ գոնե ինչ-որ երկխոսություն վերսկսելու ճիգերով։ Արևմուտքի խոստացած խաղաղությունը չկա և չի էլ սպասվում, ռազմական օգնության փոխարեն ամերիկացիները պատրաստ են նվիրել ընդամենը մի քանի զրահապատ սանիտարական մեքենա՝ ի լրումն մեր ՊՆ-ում նստած ռազմական խորհրդականների։ Եվրոպացիներն իրենց հերթին առաջարկում են ընդամենը վրանային ճամբար մեկ գումարտակի համար։

Ալիևն արդեն պլան է գծում, թե «Զանգիբասարում» ու «Իրևանում» հատկապես որտեղ են բնակեցվելու «ադրբեջանցի փախստականները»։ Իսկ Ռուսաստանն արհեստականորեն բարձրացնում է հեղուկ գազի գները և պատերազմ հայտարարում հայկական լոլիկներին, որոնք «Մագնիտկայի» վաճառասեղանների փոխարեն շուտով կթռչեն Երևանի փողոցներում նիկոլական հեծանվային շարասյան ուղղությամբ։

Արտաքին քաղաքականության մեջ ոչ մի հաջողություն, բացի երկիրը «կլպելուց»։ Համատարած պարտքերով բեռնված տնտեսության կարերն արդեն ճարճատում են։ Անվտանգությունը զրոյական է, պետական կառույցներում բարդակ է տիրում, հասարակությունը կրկին գլորվում է քրեական սանձարձակ կամայականության գիրկը։ Մի խոսքով, Հայաստանն անխուսափելիորեն խրվում է ճահճի մեջ, որի ուղղությամբ երկիրը ոչ հեռավոր անցյալում շարժվեց առույգ քայլքով, որպես «երեք հարյուրամյա ռուսական ստրկությունից» դեպի ազատությամբ դյութող Արևմուտք տանող արահետի։

Մինչդեռ բանիմաց մարդիկ համոզում էին, հորդորում, պնդում, որ չի կարելի հավատալ կաթի գետերի ու մեղրածոր ափերի մասին հեքիաթներին, որ վայել չէ հայերին դեսուդեն նետվել, ինչպես նախկինում՝ «պարթևներից» դեպի «հռովմեացիք»։ Եվ ի՞նչ. ինչպես ուսուցանում է հին արևելյան ասացվածքը, նույնիսկ եթե ուղտը սատկած է, կաշին մի էշաբեռ կկշռի (սա վերաբերում է Ռուսաստանին):

Բայց ոչ, Փաշինյանն այդ բոլոր խորհուրդները վերագրեց «նախկինների» դավերին, որոնք «ստրկաբար կատարում են նենգ Մոսկվայի պատվերները»։ Իսկ իրեն շրջապատեց խորհրդականներով՝ ուղեղի փոխարեն իսկական խարամով։ Պարզապես ապշում ես այն «փորձագիտական կարծիքների» որակից, որով մատակարարել է ու շարունակում է մատակարարել Նիկոլին ողջ այդ ծակ քաղաքագետ խուժադուժը։

«Ռուսաստանի վերջը եկե՛լ է։ Ռուսաստանի մեջքը կջարդվի Ուկրաինայում: Խորտակվող նավից փախչելու ժամանակն է: Արևմուտքը քուն ու դադար կորցրած ուզում է մեզ օգնել»... Ինչպե՜ս էին գալարվում այդ պարոնները «գուլպան գլոբուսին հագցնելու», այսինքն Ռուսաստանի հանդեպ իրենց անձնական հակակրանքը աշխարհաքաղաքականության օբյեկտիվ իրողությունների վրա «քաշելու» ճիգերի մեջ։ Եվ այդ անհեթեթ ջանքերով հրամցնում էին ու շարունակում են հրամցնել գիտական քաղաքագիտության և սովորական ռացիոնալիզմի տեսանկյունից բացարձակ արտառոց մտքեր։

Բավական է հենց միայն հիշել, թե ինչ հրճվանքով էր հայկական քաղաքագիտության նորաթուխ գուրու Արամ Զ.Սարգսյանը խոսում ամերիկյան հրթիռների մասին, որոնք «կտրուկ կփոխեն ուժերի հարաբերակցությունն Ուկրաինայում և շուտով ծնկի կբերեն Ռուսաստանին»։ Ի դեպ, այդ հրթիռները Արամ Զավենիչն անվանում էր ոչ այլ կերպ, քան «հիմարս». զարմանալիորեն համահունչ իր կանխատեսումների բովանդակությանը։ Իսկ պրոֆեսիոնալ փորձագետ Ստեփան Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում համոզում էր քաղաքացիներին, թե այն բանից հետո, երբ ամերիկացիներն իրենց դրոշը կբարձրացնեն Երասխի մոտ կառուցվող պողպատի գործարանում, ադրբեջանցիները կդադարեն կրակել դրա վրա։ Բարձրացրեցին, իսկ հետո գնդակների սուլոցի տակ ապամոնտաժեցին, որպեսզի այլ տեղում հավաքեն գործարանը...

ՈՉ, ԻՀԱՐԿԵ, ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁԱԳԵՏ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ։ Բայց բարբաջել թերևս արտաշատյան բակային տաղավարում պարապ մարդկանց քաղաքագիտական «վերլուծությունների» մակարդակի բացահայտ անհեթեթություններ՝ այնուամենայնիվ աններելի է դիպլոմավոր «մասնագետի» համար։ Եվ ո՞նց այստեղ չհիշես մեկ այլ մոլի ռուսատյացի՝ Հովսեփ Խուրշուդյանին, որը նույնպես ներկայանում է իբրև փորձագետ։

Սույն պարոնը մանտրայի պես անխոնջ կրկնում է բոլոր հեռուստաալիքներից, հեռախոսներից, թեյնիկներից ու արդուկներից, թե Ռուսաստանն, իբր, արդեն ծնկի է իջել ուկրաինական պատերազմի ֆինանսական բեռի և արևմտյան պատժամիջոցների պատճառով։ Եվ ոչինչ, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հուլիսի 19-ին անձամբ խոստովանեց, որ մեկուկես տասնյակ հազար արևմտյան պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքի և ընդհանրապես տնտեսության արդյունավետության վրա։

Ակնհայտ է, որ Բլինքենը և նրա հետևում կանգնած ԱՄՆ վերլուծական ինստիտուտները, միջազգային փորձագիտական խմբերը և այդ երկրի ողջ արտաքին հետախուզությունը պարզապես չեն տիրապետում ռուսական տնտեսության վիճակի վերաբերյալ տեղեկատվությանը։ Իսկ այ պարոն Խուրշուդյանը տիրապետում է, ուստի Վաշինգտոնի կարծիքը նրան բացարձակապես չի հետաքրքրում...

Նման օրինակներ կարելի է բերել անվերջ։ Բայց, կարծում ենք, ասվածն առավել քան բավարար է գնահատելու համար, թե քաղաքագիտության ոլորտի ինչ որակավորման խորհրդականներով է իրեն շրջապատել Նիկոլը, և որտեղից են աճում նրա արևմտամետ և, համապատասխանաբար՝ հակառուսական, իսկ ըստ էության՝ հակահայկական քաղաքականության ոտքերը, որոնք արդեն ոնց որ պետքն է կոտրվել են «ազատական աշխարհի» անդաստաններում հայկական դարակազմիկ երջանկության որոնումների ընթացքում։

Սա ծիծաղելի չէ, վաղուց արդեն ծիծաղելի չէ առաջնորդի պաթոլոգիկ տգիտությունը, որը խրախուսվում է ծախված դիլետանտների խորհուրդներով։ Սա պատմական աղետ է, որի մեջ երկրին ներքաշում է կլինիկական պակասամիտների կույտը։