ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ COP 29-Ը, ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶ ԵՆ ԱՅՐՈՒՄ

Ադրբեջանում, որը պատրաստվում է ընդունել կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP 29 գագաթնաժողովը, մինչ օրս, նավթ արդյունահանելիս, այրում են համընթաց գազը (flaring), գրում Է Financial Times-ը:

Խոշոր նավթարդյունահանող ընկերությունները բավարար ներդրումներ չեն կատարում հարակից գազը հավաքելու համար, արդյունքում ամբողջ աշխարհում (Համաշխարհային բանկի գնահատմամբ) այրվում է գրեթե 150 միլիարդ խորանարդ մետր գազ:

Միևնույն ժամանակ, ըստ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության նվազեցման մասին Փարիզյան համաձայնագրի (որը ստորագրել է նաև Ադրբեջանը), առնվազն երկու տարին մեկ անգամ երկրները պետք է հրապարակեն համապատասխան տվյալները, սակայն Բաքուն կոնկրետ այդ արտանետումների վերաբերյալ տեղեկություններ չի ներկայացնում, ավելին՝ 2018 թվականից ընդհանրապես դադարել է հրապարակել ջերմոցային գազերի արտանետումների մասին տվյալները, նշում է FT-ն:

Այնուամենայնիվ, Global Witness ոչ առևտրային կազմակերպության գնահատմամբ, 2018 թվականից Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության մեջ flaring-ից արտանետումները աճել են 10,5%-ով՝ 2023 թվականին հասնելով վերջին 10 տարվա առավելագույն ցուցանիշին: Global Witness-ը, իր հերթին, հիմնվում է Կոլորադոյի լեռնահանքային համալսարանի տվյալների վրա (ավելի ճիշտ՝ VIIRS Nightfire վերլուծական համակարգի տեղեկությունների, որն արձանագրում է գիշերային ժամերին տեղի ունեցող ինֆրակարմիր ճառագայթման մեծ օջախները):

18 նավթային և գազային հորատանցքերի վերլուծության հիման վրա արտանետումների ցուցանիշով առաջատար են դարձել British Petroleum-ը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Ընդ որում, և՛ BP-ն, և՛ SOCAR-ը, և՛ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել են, որ մինչև 2030 թվականը կդադարեցնեն այդ աղտոտումը, հիշեցնում Է FT-ն։

SOCAR-ը չի պատասխանել մեկնաբանություն տալու՝ Financial Times-ի հարցմանը, իսկ COP 29-ի կազմկոմիտեն հրաժարվել է մեկնաբանությունից։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հաշվետվության ավելի քան 5-ամյա դադարը բացատրել է «Covid-19 համավարակով և այլ գործոններով»՝ խոստանալով մինչև տարեվերջ հրապարակել նոր տվյալներ:

BP-ն մեկնաբանությամբ նշել է, որ իր հորատանցքերում հարակից գազի այրումը վերջին 10 տարվա ընթացքում նվազել է գրեթե 60%-ով, բայց այդ ցուցիչը կոնկրետ օբյեկտներում կարող է տատանվել: Այնուհետև ընկերությունը հայտարարել է, որ Սանգաչալի տերմինալում օդի որակի վերաբերյալ հարցեր «չեն բարձրացվել հանրային տեղեկատվական ալիքներով» (որոնք, ինչպես նշվեց վերևում, 2018 թվականից լուռ են - խմբ):

Ավելի վաղ Financial Times-ն արդեն նշել էր, որ COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը քննադատության է արժանացել ոչ միայն բնապահպանական կազմակերպությունների, այլև մի շարք քաղաքական գործիչների կողմից:

Sputnik Արմենիա