ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Ահա և ավարտվում է արձակուրդային սեզոնը։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է անցնում իր պարտականություններին։ Նույնիսկ Ալեն Սիմոնյանը։ Նույնիսկ Արարատ Միրզոյանը։
Այնպես չէ, թե նրանց բացակայությունը շատ նկատելի էր։ Ասենք այսպես. ՚բոլորովին նկատելի չէր։ Թեև այդ բացակայության ընթացքում որոշ իրադարձություններ նկատելի էին:
Մինչ Արարատ Միրզոյանը հանգստանում էր Շոտլանդիայում ինչ-որ տեղ, Ալեն Սիմոնյանը՝ Վենետիկում ինչ-որ տեղ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ հեծանվին նստած, Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ Բաքուն ցուցաբերում է մեծահոգության հերթական ակտը. թույլ է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում չներառվի «Զանգեզուրի միջանցքը» բացելու Բաքվի պահանջը: Համաձայն է թողնել այդ պահանջը հետագային…
Ո՞վ կարողացավ հասնել գթասրտության այդպիսի մեծ ակտի: Արարատ Միրզոյա՞նը՝ Շոտլանդիայից։ Ալեն Սիմոնյա՞նը՝ Վենետիկից։ Նիկոլ Փաշինյա՞նը՝ հեծանվից։ Ոչ, իհարկե: Ամերիկացիները կարողացան. նրանք, ովքեր նստած են Սպիտակ տան աշխատասենյակներում: Հենց նրանց հետ փակ բանակցությունների հերթական փուլից հետո էր, որ Ամիրբեկովն արեց իր մեծահոգի հայտարարությունը. շունչ քաշիր, Հայաստան...
Հիմա հասկանալի է, թե ինչու են այդպես հանգիստ սրտով հանգստանում նրանք. Սիմոնյանը՝ Վենետիկում, Միրզոյանը՝ Շոտլանդիայում, իսկ Փաշինյանը՝ հեծանվին։ Որովհետև ոչինչ չեն որոշում և ոչ մի բանի շուրջ չեն բանակցում. նրանց փոխարեն այդ գործառույթը հանձն են առել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաները... Մեծահոգի ու բարի մարդիկ են նստած ամերիկյան Պետդեպարտամենտում. որոշեցին չխանգարել Հայաստանի քաղաքական վերնաշերտին ըմբոշխնել օրինական արձակուրդը։
Որոշեցին չշեղել մեր քաղաքական էլիտային արձակուրդից, ինչպես նաև Հայաստանում կազմակերպվող բազմաթիվ փառատոններին մասնակցելուց։ Հեշտ փողերի հաշվին, որոնք ոչ այնքան ոլորապտույտ ճանապարհով դեպի փառատոններ են հոսում բյուջեի ծախսային հոդվածներից, որոնք աճում են Փաշինյանի կառավարման տարիներին կրկնապատկված պետական պարտքի աճին զուգահեռ։
Իսկ Փաշինյանի կառավարությանը տարբեր կազմակերպություններ պարտք են տալիս նույնպես շռայլորեն, քանզի այդ միջազգային կազմակերպություններում էլ նստած են շատ մեծահոգի մարդիկ և համապատասխան պահվածք են ցուցաբերում, որովհետև շահագրգռված են, որ Հայաստանում իշխանության ղեկին լինեն ոչ թե ինչ-որ «նախկիններ»՝ տարածաշրջանային ուժեղ պետություն կառուցելու իրենց հավակնություններով, այլ հենց Փաշինյանի կառավարությունը։
Հենց Փաշինյանի կառավարությունը, որը համարում է, թե անկախ Հայաստանի ամենամեծ սխալը Արցախ անունով փոքրիկ երկրամասի շահերի պաշտպանությունն էր, որը, ըստ կառավարության հետևորդների, կլանում էր փողերը, որոնցով կարելի էր շատ ու շատ տարբեր փառատոններ կազմակերպել: Բայց հիմա Փաշինյանի մեծահոգի կառավարությունն ակտիվորեն լրացնում է բացը, քանի որ հասկանում է. ալկոհոլը լավ դեղամիջոց է ամեն տեսակի հավակնությունների դեմ. սկսած անձնականից ու ընդդիմադիրից մինչև աշխարհաքաղաքական…
Ահա այսպես Հայաստանը մեծահոգի օղակի մեջ են առել մեծահոգի մարդիկ։ Մնում է ապրել ու վայելել, ուստի՝ կեցցե՛ն փառատոնները: Հաջորդը գարեջրինն է. թող Ալիևն ու Էրդողանը տեսնեն, թե ինչպես է քեֆ քաշում Հայաստանը, ու պայթեն սև նախանձից։