ՍԱ ՕՐԵՆՔ ՉԷ, ԿԱՌԱՓՆԱՏՈՒՆ Է. ՓՈՐՁԱԳԵՏԸ` ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԴՄ ԿՏՐՈՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերի 1–ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումները, որոնցով յուրաքանչյուր փոխադրման համար տաքսին պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի, կարող է վերջնականապես մոնոպոլիզացնել այս ոլորտը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը։
Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հիշեցրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների մասին, ըստ որոնց` ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Չտրամադրելու դեպքում տուգանքը կկազմի 200 հազար դրամ։
Սահակյանն ընդգծեց` ամբողջ աշխարհում նման բան գոյություն չունի, որ տաքսի ծառայությունը ՀԴՄ կտրոն տրամադրի ուղևորափոխադրման համար։ Նա համոզված է, որ անհատ ոչ մի տաքսիստ ՀՀ–ում չի գնի ՀԴՄ սարք, չի տեղադրի իր մեքենայի մեջ։
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը նշեց, որ ՀԴՄ սարքերի փոխարեն 10 տարի շարունակ ՀՀ իշխանություններին առաջարկել է հայկական արտադրության հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր էր տվյալները միանգամից ուղարկել հարկային մարմին` առանց ՀԴՄ–ի։
«Պետությունը չուզեց ընդունել առաջարկս, որը ես ձրի տալիս էի, ուղղակի նվիրում էի։ Փոխարենն ինչ–որ մեկը ՀԴՄ սարքեր է բերել, ու դրանք են որոշել ծախել մարդկանց վրա։ Այսինքն, այն, ինչ հայկական է, վերացնում են ու բերում անհայտ ծագման ընկերությունների, սարքեր»,– նշեց Սահակյանը։
Ըստ նրա` տաքսի ծառայությունն ամենազարգացած ոլորտներից մեկն էր ՀՀ–ում ու, կարելի է ասել, չկար մոնոպոլիա, իսկ հիմա ցանկանում են ամբողջովին վերացնել այս ոլորտը։
«Սա օրենք չէ, կառափնատուն է` շատ քիչ մնացած անհատ տաքսի ծառայությունները կոտորելու համար»,– կարծում է նա` հիշեցնելով, որ 1100 տաքսի ընկերություն արդեն իսկ փակվել է վերջին մի քանի տարում։
Սահակյանի խոսքով` ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ–ում սկսեցին մեծ տարածում ստանալ առցանց տաքսի ծառայությունները, որոնք 2015 թվականից սկսած` աշխատում են առանց լիցենզիայի։
«Օնլայն տաքսին ինքնին արդեն անօրինական միավոր է դաշտում. ոչ մի անգամ ոչ մեկը նրանց չի ասել` ինչո՞ւ լիցենզիա չունեք։ Լիցենզիան երբեք չի նշանակել հարկեր, տուրքեր, դա առաջին հերթին անվտանգությունն է։ Իշխանությունների ուժը հիմա պատում է միայն շատ քիչ մնացած անհատ տաքսիստների վրա։ Պարզ չէ՞, որ ամբողջ դաշտն իշխանությունը մոնոպոլացնում է ու վերցնում իրենց վերահսկողության տակ»,– նշեց Սահակյանը։
Սահակյանի համոզմամբ` ՊԵԿ–ի այս նոր կարգավորումներով լուծվում է հիմնական մի խնդիր` եթե մարզերում դեռ մնացել էին մի քանի անհատ տաքսի ծառայություններ, որոնք առցանց տաքսի ծառայություններին թույլ չէին տվել մուտք գործել իրենց համայնք, հիմա նրանց էլ են ուզում փակել։
Նշենք, որ ըստ ՊԵԿ նոր կարգավորումների` կանխիկ դրամով վճարումների դեպքում տաքսի ծառայությունների համար պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով (2024 թ․ սեպտեմբերի 1–ից), մինչև 2026 թ․ հունվարի 1–ը տոկոսը կբարձրանա՝ հասնելով 5 տոկոսի։ Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5 տոկոսի չափով պետք է տուրք վճարվի (2024 թ․սեպտեմբերի 1–ից), մինչև 2026 թ․ հունվարի 1–ը տուրքը կհասցվի 4 տոկոսի։