«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» Ն.Փ.-Ի, ԻՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ «ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի շուրթերով հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ կասկածի տակ է առնում Ռուսաստանի կառուցողական դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում: Լավ։ Կասկածել ոչ մեկին չես արգելի։ Կասկածներից է, ասում են, սկսվում ճշմարտության որոնումների դժվարին ուղին…
Միայն թե՝ հարց. իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում հավաքական Արևմուտքի կառուցողական դերը մեր ԱԳՆ-ը և նրա թիկունքում կանգնած Փաշինյանը կասկածի տակ չե՞ն առնում։
Եկեք դնենք բոլոր տրամաբանական շեշտերը: 44-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվան միայն երրորդ փորձից կարողացավ կասեցնել պատերազմը։ Երկրորդ փորձի մասին պատմեց Պուտինը. Փաշինյանն այն ժամանակ մերժել է հրադադարը՝ չհամաձայնելով ադրբեջանցի փախստականների վերադարձին Շուշի։ Երևի անկառուցողական է համարել առաջարկը։
Բայց մինչ այդ՝ հոկտեմբերի 10-ին, եղել է ևս մեկ փորձ։ Անքուն գիշերների երկարուձիգ ժամերից հետո Լավրովին, որին այսօր այդքան նզովում են իշխանամետ որոշ շրջանակներ, կարծես թե հաջողվեց հասնել հրադադարի շուրջ համաձայնության... Ինչո՞ւ Փաշինյանը չմեկնաբանի, թե ինչպես ձախողվեց այդ միջնորդությունը։
Լավ, ի վերջո պատերազմը դադարեց: Հաշված ժամերի ընթացքում տարածաշրջան մտան ռուս խաղաղապահները։ Արցախցիները վերադարձան իրենց տներ։ Բայց Փաշինյանին բոլորովին դուր չէր գալիս ռուսական միջնորդությունը։ Իշխանության ներկայացուցիչները բոլոր ամբիոններից շեփորում էին, թե խաղաղապահները չեն կարողացել պաշտպանել Փառուխի բարձունքը… Փաշինյանը, ինչպես միշտ, շեփորահարների առաջին շարքերում էր։
Հետո սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, և Փաշինյանը որոշեց, որ վերջապես հարմար առիթ է ներկայացել՝ գլուխը պրծացնելու հայ-ադրբեջանական գործընթացի ռուսաստանյան տանիքավորումից և յուրային դառնալու արևմտյան առաջնորդների միջավայրում։
2022-ի հոկտեմբերին Փաշինյանը Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում առանց Ռուսաստանի գիտության, փաստորեն՝ հակառակ 9.11.2020-ի Եռակողմ հայտարարության, որտեղ հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր հարցը բաց էր մնացել, և փաստացի ծանուցում է, որ փոխում է բանակցությունների գլխավոր միջնորդին՝ անցնելով արևմտյան տանիքի տակ։ Պատրվակն այն էր, որ ՀԱՊԿ-ը չդատապարտեց Ադրբեջանի ռազմական գործողությունները Ջերմուկի սահմանամերձ հատվածում։
Այսօր դա պարզապես ծիծաղելի է թվում: Բացատրենք։ ՀԱՊԿ-ն առաջարկում էր և՛ մշտադիտարկում, և՛ ռազմատեխնիկական օգնություն, և՛ զորավարժություններ։ Փաշինյանը պահանջում էր դատապարտող հայտարարություն։ ՀԱՊԿ-ն ասում էր, որ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ հանդես գալը ճիշտ չէ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։
«Ո՞նց թե որոշված չեն»,- զայրալից ճղավում էր իշխող թիմը. «Հենց էլ որոշվա՛ծ են»։
Ճղավեց իշխող թիմը, ճղավեց, եվ արդյունքում հասավ նրան, որ 2 տարի անց հոժարակամ Ադրբեջանին հանձնեց Տավուշի սահմանագոտու տարածքները. շատ ավելին, քան այն դիրքերը, որ զավթել էր Ադրբեջանը Ջերմուկի սահմանային մարտերի արդյունքում... Դրանով իսկ ընդունելով ոչ միայն սահմանների անորոշությունը, այլև, ինչպես ստացվում է իշխանության տրամաբանությամբ, Ադրբեջանի տարածքի 30-ամյա օկուպացիան…
Եվ ինչ, Բաքուն չէ՞ր կարող պահանջել Փաշինյանի կողմից դե ֆակտո ճանաչված այդ «օկուպացիայի» դատապարտում, այդ թվում՝ ՀԱՊԿ երկրների շարքում իր բարեկամներից: Կարող էր և հիմա էլ կարող է. Փաշինյանը նրան տվել է բոլոր անհրաժեշտ հաղթաթղթերը։ Ինչո՞ւ Ալիևը դա չի անում։ Որովհետև գիտի, որ չարժե ընկերներից պահանջել այնպիսի բաներ, որոնք կարող են անհարմար դրության մեջ դնել նրանց: Մանավանդ եթե իրեղեն օգուտ դա չի բերելու։
Փոքր-ինչ շեղվեցինք: Եվ այսպես, հուսալով, թե Ռուսաստանը ձախողվելու է Ուկրաինայի հետ պատերազմում և պատրվակ բռնելով ՀԱՊԿ-ի անգործությունը՝ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին հայտարարում է Արցախը Ադրբեջանի մաս և, ի հեճուկս Ռուսաստանի, դե ֆակտո ճանաչում Արևմուտքին որպես հակամարտության գլխավոր միջնորդ…
Մեծ աշխարհաքաղաքականության մեջ ղեկը բնավ ազնվազարմ օրիորդների ձեռքին չէ, ոչ էլ մայր Թերեզաների։ Մեծ աշխարհաքաղաքականության մեջ ղեկը կոշտ մարդկանց ձեռքին է։ Քանզի եթե նրանք այդպիսին չլինեին, ապա չէին դառնա միջուկային գերտերությունների առաջնորդներ:
Անցնելով Մակրոնի ու Միշելի հովանավորության տակ՝ Փաշինյանը փաստացի «քցեց» Պուտինին, պարզ ասենք։ Մոսկվան արձագանքեց։ Գործնականում ուղիղ տեքստով ասաց, որ քանի որ առանց իր կարծիքը հաշվի առնելու Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, ապա դա արմատապես փոխում է իրավիճակը, և Մոսկվան փաստարկներ չունի Ադրբեջանին իր տարածքում այս կամ այն քայլերից հետ պահելու համար. Հայաստանի հետ սահմանին մաքսակետ դնելուց մինչև «ապօրինի» զինված կազմավորումների զինաթափման գործողություն...
Ամփոփենք։ Փաշինյանը դժգոհ էր հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերից, կասկածի տակ էր առում Մոսկվայի դիրքորոշման կառուցողականությունը, քանի որ ռուս խաղաղապահները չկարողացան պահել Փառուխի բարձունքը, իսկ ՀԱՊԿ-ը չդատապարտեց Ադրբեջանի ռազմական ներխուժումը Ջերմուկի սահմանամերձ տարածք:
Այդ ամենից շատ դժգոհ՝ Մոսկվայի դերը կասկածի տակ առնող Փաշինյանը փոխեց գլխավոր միջնորդին, անցավ արևմտյան տանիքի տակ, ինչի արդյունքում սկսվեց Արցախի շրջափակումը, այնուհետ՝ ռազմական գործողությունները, մենք կորցրեցինք Արցախը, արցախցիները՝ իրենց Հայրենիքն ու իրենց տները, հետո Հայաստանը Ադրբեջանին հանձնեց Տավուշի սահմանամերձ տարածքները, և բնավ փաստ չէ, թե այդքանով ամեն ինչ ավարտվեց։ Ավելի շուտ՝ հակառակը, գործընթացը շարունակվելու միտում ունի։
Բայց Արևմուտքի կառուցողական դերի վերաբերյալ Փաշինյանը չնչին իսկ կասկած չունի. նախ՝ որովհետև իրեն մշտապես հրավիրում են եվրոպական ամենահեղինակավոր հավաքույթներին։ Եվ երկրորդ՝ ինչպես գոռում էր Փաշինյանը խորհրդարանում, որովհետև ինքը «արժանապատվություն» ունի։ Իսկ այդ «արժանապատվությունը» իրեն մեսիա երևակայած Փաշինյանի համար ավելի կարևոր է, քան Հայրենիքը կորցրած 150 հազար արցախցիները։