«ԽԱՂԱՂ» ՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ ԳԵՐԻ

Փաշինյանը լետիտիմացրեց Ադրբեջանի «վիշապօձային» քաղաքականությունը

Արցախի համար Հայաստանի անփառունակ տանուլ տված պատերազմին հաջորդած շուրջ 4 տարիները միայն խորացրել են և շարունակում են օր օրի խորացնել մեր երկրի վիճակի ողջ աղետալիությունը, որում նա հայտնվել է Փաշինյանի կառավարության ջանքերով։ Գերագույն «հեծանվորդը և գեդոնիստը», հեշտությամբ հրաժարվելով բուն հայկական հողի նկատմամբ ցանկացած հավակնությունից, հույս ուներ փոխարենը Ադրբեջանից և Թուրքիայից ստանալ տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստիկ հաղորդակցությունների ապաշրջափակում, ինչը, իր պարզունակ սակավամիտ ուղեղի դատողությամբ, կհանգեցներ այդ հսկայական կորստի որոշակի «փոխհատուցման»՝ տնտեսության ծաղկման և ժողովրդի բարեկեցության կտրուկ աճի հաշվին։ Իրականում մենք բոլորովին այլ բան ենք տեսնում

Հայաստանի եվ Ադրբեջանի միջեվ խաղաղության պայմանագրի նախագծից վերջերս փոխադարձ համաձայնությամբ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին դրույթի բացառումը, հակառակ բացահայտ հիմարների և պարզապես Փաշինյանին ձայնակցողների հրճվալից արձագանքների, ըստ էության նշանակում է միայն մեկ բան. Հայաստանի ավելի քան 30-ամյա շրջափակումը, ընդ որում դեպի ծով ուղիղ ելքի բացակայությամբ, կշարունակվի թյուրքական տանդեմի կողմից։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարող է, լոզերը թափելով, ինչքան ասես արդիականացնել Թուրքիայի հետ սահմանի անցակետերը, իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հանդիպել իր թուրք վիզավիի հետ, սակայն կատարված փաստ դարձավ այն, որ Փաշինյանի կառավարությունն իր անխոհեմ և ծայրահեղ դիլետանտ դիվանագիտական քաղաքականությամբ ինքը հրաժարվեց այդ հարցի լուծումից՝ հանուն ոչինչ չնշանակող թղթի կտորի, որի ստորագրումն ինքնին հարցականի տակ է։

Իսկ Իլհամ Ալիևին լոկ առիթ էր պետք, որպեսզի շարունակի «վիշապօձային»՝ Հայաստանի խեղդման և մեկուսացման քաղաքականությունը, ինչին այժմ փաստացի համաձայնել է նաև Փաշինյանի կառավարությունը՝ ինչ-որ ձևական խաղաղության պայմանագրի դիմաց, որը կարող է տարբեր առիթներով հեշտությամբ խախտվել։ Արդյունքում թաղված է Հայաստանի միակ դրական օգուտը, որը միամտաբար ակնկալում էին երկրի իշխանությունները վերջին 4 տարիների աղետալի կորուստներից հետո։ Հընթացս մոռացության մատնվեց փաշինյանական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով, ասես անիմաստ նախշուն խուրջինով, հպարտանում էին Հայաստանի իշխանությունները վերջին տարվա ողջ ընթացքում։

Այսպիսով, եթե նախկինում ապագա խաղաղության պայմանագիրը դիտարկվում էր մեր երկրի համար կարևորագույն ապաշրջափակման հարցի հետ միասին, ապա այժմ դրա մեջ չի լինի ոչ միայն Արցախի, այլև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ Ապաշնորհ իշխանությունը ամեն անգամ ծուղակն է գցում մեր երկիրը։ Իսկ չէ որ Ադրբեջանի բռնապետը դեռ այս տարեսկզբին հստակ հասկացնել տվեց, որ առանց Սյունիքով անցնող միջանցքի հարցը լուծելու՝ «Հայաստանը հավերժ կմնա փակուղի», հայտարարելով, որ եթե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա «մենք մտադիր չենք Հայաստանի հետ սահմանը բացել որևէ այլ տեղում»։ Եվ հիմա Փաշինյանը, եթե օգտվենք իր իսկ սիրելի տերմինից, փաստացի լեգիտիմացրեց Հայաստանի հետագա շրջափակումը, թողնելով մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցի լուծումը «հետագային»։

Ընդգծենք այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագրի նախագծից տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող կետը փոխադարձ համաձայնությամբ հանելու մասին օգոստոսի 8-ին հայտարարեց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Աքիրբեգովը: Եվ միայն դրանից հետո Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Անի Բադալյանը ստիպված եղավ հաստատել այդ տեղեկությունը ՝ հայտարարելով, թե «կոմունիկացիաների արդյունավետ ապաշրջափակումը մնում է Հայաստանի տեսլականի և տարածաշրջանում խաղաղության ապահովման իր առաջ քաշած օրակարգի կարևոր մասը»։ Բայց ի՞նչ օգուտ նրանից, որ ապաշրջափակման հարցը «մնում է Հայաստանի տեսլականի կարևոր մասը»։ Այդ հարցը միշտ էլ եղել է մեր երկրի տեսլականի և օրակարգի մասը, բայց դա չի խանգարել շրջափակման մեջ պահել մեր երկիրը արդեն 33 տարի

Մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունների անհեռատես վատթարացման պատճառով Հայաստանի առջև փակվում են «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի դռները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պետական այցից անմիջապես հետո «Ռուսական երկաթուղիները» հաստատեցին Ուլյանովսկ (Ռուսաստան) – Բաքու (Ադրբեջան) – Աստարա (Իրան) առաջին ուղիղ բեռնատար գնացքի երթուղին: Արտահանվող բեռով գնացքը, որը Իրան է տանելու ագրարային, արդյունաբերական և փայտամշակման արտադրանք, պատրաստվում է առաքման: Այս մասին օգոստոսի 20-ին հաղորդեց Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Ռուսսկին։