ՇԵՆԳԵՆԱՅԻՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ. Ո՞ՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ «ՀՀ ԱԳՆ»-Ը
Շենգենյան համաձայնագրի երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների տրամադրման շուրջ սկանդալային իրավիճակը վաղուց արդեն քննարկվում է սոցցանցերում ու մամուլում։ Դեռևս գարնանը, երբ մուտքի վիզա ստանալ ցանկացողների հոսքը Եվրամիության երկրների դեսպանատներում ավանդաբար կտրուկ աճել էր, բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին գործընթացի աներևակայելի բարդացման մասին։
Լրագրողներն ու քաղաքացիները գրում էին, որ գործնականում անհնար է առցանց օր ու ժամ վերցնել փաստաթղթերը ներկայացնելու համար, որ բոլոր տեղերը ամրագրված են ամառային սեզոնից շատ առաջ, և որ նույնիսկ այն մարդկանց, որոնք նախկինում բազմիցս մեկնել են ԵՄ երկրներ, առանց որևէ հիմնավոր պատճառի մերժում են վիզա տրամադրել:
Բողոքներն ամենեվին էլ հատուկենտ չէին, այլ զանգվածային բնույթ էին կրում. մարդիկ հայտնում էին, որ զրկվում են կարևոր միջազգային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից, ստիպված են լինում չեղարկել գործնական ուղևորությունները, չեն կարողանում մեկնել նախապես ծրագրված հանգստի կամ տեսնել հարազատներին: Լիակատար տպավորություն է, որ Հայաստանում երբեք այնքան դժվար չի եղել շենգենյան վիզա ստանալը, որքան հիմա, և դա՝ ԵՄ մուտքի վիզաների ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու մասին իշխանությունների ներկայացուցիչների քաղցրումեղցր ճամարտակությունների և երդմնալի հավաստիացումների խորապատկերին, թե իբր՝ «անվիզա» ռեժիմը սարերի հետևում չէ։
Իրեն «Հայաստանի ԱԳՆ» կոչող գերատեսչությունն այս ողջ ընթացքում քար լռություն էր պահպանում՝ ոչ մի կերպ չմիջամտելով իրավիճակին և ոչ մի փորձ չձեռնարկելով պարզելու խնդիրների և կտրուկ հաճախակիացած մերժումների պատճառները։
Օրերս բռնկվեց հերթական սկանդալը՝ կապված, մասնավորապես, Բուլղարիայի հետ, որը, հիշեցնեմ, մի քանի ամիս առաջ շենգենյան վիզաներ տրամադրելու իրավունք է ստացել։ Հիշեցնեմ նաև, որ այդ վիզան իրավունք է տալիս իրավատիրոջը ազատորեն հատել համաձայնագրի անդամ երկրների սահմանները։ Եվ առ այսօր, ասենք՝ Իտալիայի դեսպանատանը վիզա ստացած ՀՀ քաղաքացիները որևէ խնդիր չեն ունեցել այցելելու Ֆրանսիա, Գերմանիա կամ Եվրամիության որևէ այլ երկիր։ Հիմա, ինչպես պարզվում է, նման խնդիրներ կան՝ փաստացի արգելքի տեսքով։ Եվ Հայաստանի արտգործնախարարությունը դա հստակ արձանագրել է օգոստոսի 26-ի իր պաշտոնական հայտարարության մեջ: Հենց այդպես սույն գերատեսչությունն արձագանքեց ՀՀ քաղաքացիների բազմաթիվ բողոքներին առ այն, որ Բուլղարիա ժամանելիս ենթարկվում են բռի, գռեհիկ ու նվաստացուցիչ վերաբերմունքի, նրանց ժամերով ստիպում են սպասել երկիր մտնելու թույլտվությանը, իսկ շատերին արդյունքում մերժում են և արտաքսում։
Լայն արձագանք ստացավ Արամ Մնացականյանի հետ տեղի ունեցած պատմությունը, որը ստացել էր վիզան նշյալ դեսպանատնից և օգոստոսի 7-ին ընկերոջ հետ մեկնել հանգստի: Սակայն Սոֆիայի օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները հրաժարվել են կնիք դնել նրանց անձնագրերում, տարել են առանձին սենյակ, որտեղ պահել են երեք ժամ, որից հետո մերժել են մուտքը: Եվ մինչ հետ ուղարկելը, ամբողջ 4 օր պահել են հեղձուկ խցում, անմարդկային պայմաններում։ Համացանցում տարածվեց այդ խցի տեսագրությունը, որն իսկապես սաստիկ հիշեցնում է բանտային պայմաններ։
Համանման պատմություն էլ «Հետք»-ին պատմել են Դավիթ Բաղդասարյանն ու նրա կինը, որոնց հավաստմամբ՝ իրենց ու ևս 60 հոգու մի քանի ժամ պահել են Սոֆիայի օդանավակայանում, սպառնացել և ծաղրել, պահանջելով ստորագրել ԵՄ այլ երկիր չմեկնելու պարտավորության տակ: Արդյունքում մի քանի ուղևորների մուտքն արգելել են, և նրանք նույնպես նախքան հետ մեկնելը ստիպված են եղել որոշ ժամանակ անցկացնել մեկուսարանում։
Կրկնում եմ. բոլոր այս մարդիկ իրենց անձնագրերում ունեցել են շենգենյան վիզա, որը տրվել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան կողմից։ Եվ, դատելով նրանց պատմածից, այդ երկիր մուտքը մերժելու որևէ հիմնավոր պատճառ նրանց չի ներկայացվել։
Ինչպե՞ս կարձագանքեին նման աղաղակող ահազանգերին իրեն հարգող ցանկացած երկրի ԱԳՆ-ը և դեսպանությունը Բուլղարիայում։ Ճի՛շտ է. բացատրություններ կպահանջեին սեփական քաղաքացիների իրավունքների այդչափ կոպիտ ոտնահարման համար և պաշտոնապես բացասական վերաբերմունք կհայտնեին նման փաստերի նկատմամբ։ Նույնիսկ եթե բուլղարական կողմը ինչ-որ պատճառներ ունի մարդկանց մուտքը մերժելու, ոչ ոք իրավունք չունի այդ կերպ վարվել օտարերկրյա քաղաքացիների հետ։
Բայց «Հայաստանի ԱԳՆ» կոչեցյալ գերատեսչությունում բոլորովին այլ կերպ են դատում։ Այդ գերատեսչությունում չգտան ավելի լավ բան, քան ամեն ինչում մեղադրել… հենց Հայաստանի քաղաքացիներին։ Եվ իրենց ընդարձակ հայտարարության մեջ սույն գերատեսչության աշխատակիցները չեն վրդովվում բուլղարական կողմի պահվածքից, չեն պահանջում հարգել հայրենակիցների իրավունքները և չեն կանչում Բուլղարիայի դեսպանին՝ պարզաբանումներ տալու: Ոչ, նրանք ընդամենը թվարկում են վիզան ստանալու և օգտվելու կանոնները, ըստ էության՝ ապրիորի մեղադրելով սեփական քաղաքացիներին դրանք խախտելու մեջ։
Իբր, եթե քո վիզան տրվել է Բուլղարիայի կողմից, ապա իրավունք չունես մի քանի օր անց մեկնել ԵՄ այլ երկիր, չեղարկել հյուրանոցի ամրագրումը, փոխել ծրագրերդ և այլն: Եվ եթե հանկարծ համարձակվես ցանկանալ այցելել նաև, ասենք՝ Իտալիա, ապա դա, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, հիմք է տալիս «տվյալ երկրի իրավասու մարմիններին» (տվյալ դեպքում՝ Բուլղարիայի) մերժել մուտքը:
Տարրական հարց է ծագում. եթե մարդը եկել է հենց այն երկիր, որի դեսպանատանը օրինական վիզա է ստացել, ապա ինչպե՞ս պիտի սահմանապահներն իմանան, որ նա նենգորեն որոշել է փոխել իր ծրագրերը և էլի ինչ-որ տեղ գնալ: Եվ ընդ որում բռի ու վիրավորական վերաբերմունք ցուցաբերեն այլ երկրի քաղաքացու նկատմամբ, որը չի խախտել ոչ մի օրենք: Բայց Հայաստանի ԱԳՆ-ը այս պարզագույն հարցը չի տալիս և հայտարարում է, թե Շենգենի գոտում շենգենյան վիզայով ճամփորդելը Հայաստանի քաղաքացիներին փաստացի արգելված է:
Փորձագետներն արդեն արտահայտվել են այն ոգով, թե Բուլղարիան ողջ ուժով ցանկանում է սիրաշահել ԵՄ ղեկավարությանը, ցույց տալով, թե իբր՝ խստորեն կանխում է չարանենգ հավանական ներգաղթյալների ներթափանցումը Եվրոպա։ Բայց դժվար թե այդ երկրի իշխանություններն իրենց թույլ տան նման վերաբերմունք ցուցաբերել այլ երկրների քաղաքացիների նկատմամբ։ Քանզի տեղնուտեղը համարժեք դիվանագիտական պատասխան կստանան։
Իսկ այ հայերի հետ բուլղարացիներն իրենց այդպես են պահում, քանի որ գիտեն, որ Հայաստանի իշխանություններն իրենցից շատ ավելի են պատրաստ ստորաքարշություն անելու Եվրամիության ղեկավարության առջև և թքած ունեն սեփական քաղաքացիների իրավունքների ոտնահարման վրա։
Մեր կողմից հավելենք. իսկ բացի ամենից, ՀՀ ԱԳՆ-ում խստորեն հետևում են իրենց գերագույն շեֆի հայտնի սովորությանը. ցանկացած իրավիճակում մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Այնպես որ եթե ձեզ նվաստացրել են, վիրավորել, բանտային պայմաններում պահել միայն այն բանի համար, որ ցանկացել եք հանգստանալ Բուլղարիայում, ապա մտքներովդ անգամ չանցկացնեք ապավինել սեփական երկրի աջակցությանն ու օգնությանը։ Քանզի ինքներդ եք մեղավոր, ձեզ ո՞վ էր խնդրել քարշ գալ Եվրոպաներում՝ շենգենյան վիզան անձնագրում։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ը այդ ամենի հետ բացարձակապես կապ չունի. զգուշացրել է, չէ՞։
Եվ վերջինը. եթե Եվրամիությունում ի դեմս հայաստանցի զբոսաշրջիկների տեսնում են հավանական ապօրինի ներգաղթյալների, ապա վիզային ռեժիմի ի՞նչ «ազատականացման» մասին է ընդհանրապես խոսքը։