ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԲՐԻԿՍ-Ի «ԿԱԹՍԱՅՈՒՄ»
ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրված են Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, տեղեկացրել է լրագրողներին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Բացի ինը անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները։ Դա բնական է»,- ասել Է Ուշակովը։
Նա նշել է, որ հրավերներ են ուղարկվել նաև այն պետությունների ղեկավարներին, որոնք նախագահում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանային ինտեգրացիոն ազդեցիկ միավորումներում: «Բնական է, որ հրավիրված են նաև շատ երկրների առաջնորդներ, որոնք հավակնում են անդամակցել կազմակերպությանը կամ այս կամ այն կերպ համագործակցել ԲՐԻԿՍ-ի հետ»,- ասել Է Ուշակովը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դատելով վերջին ասուլիսում Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանի արած որոշ հայտարարություններից, անշուշտ մեծ է համաժողովին բարձր մակարդակով Հայաստանի մասնակցության հավանականությունը: Սակայն միջոցառմանը մնում է մեկուկես ամիս, այդ ընթացքում Փաշինյանի դիրքորոշումն ու հռետորաբանությունը հայ-ռուսական փոխգործակցության առումով ակնհայտորեն կփոխվի ևս հարյուր անգամ։ Այնպես որ այստեղ, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք: Այլ հարց է գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության կարևորությունը։ Ավելի ճիշտ՝ դրան չմասնակցելու ակնհայտ բացասական հետևանքները։ Դրանք միանգամայն կանխատեսելի են արդեն այսօր։
Ընթացիկ տարվա հունվարից Իրանը միավորման լիիրավ անդամ է։ Օգոստոսին ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո Ադրբեջանը պաշտոնապես հայտ ներկայացրեց ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար: Անցավ ևս մի քանի շաբաթ, և պարզվեց, որ Թուրքիան նույնպես դիմել է ԲՐԻԿՍ-ում ընդգրկվելու խնդրանքով։ Այդ մասին հաղորդեց Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տեղեկությունն առայժմ պաշտոնական հաստատում չի ստացել. այն չհաստատեցին ո՛չ Թուրքիայի նախագահի աշխատակազմը, ո՛չ էլ երկրի ԱԳՆ-ը: Սակայն ԵՄ-ում արդեն մեկնաբանել են այդ որոշումը։ Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ «Թուրքիան, ինչպեսև ցանկացած այլ երկիր, կարող է որոշել, թե ինչն է իր համար լավ, դաշինքներ ձևավորել ու համագործակցություն հաստատել»: Ընդ որում ԵՄ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Թուրքիան մնում է թեկնածու երկիր, ինչը ենթադրում է որոշակի սահմանափակումներ: «Մենք ակնկալում ենք, որ թեկնածու պետությունները կիսում են ԵՄ արժեքները և համապատասխանեցնում իրենց արտաքին քաղաքականությունը մերին»,-ընդգծել է նա:
Այո, փաստ չէ, թե արդյունքում Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամն ու ԵՄ թեկնածուն, կանդամակցի ԲՐԻԿՍ-ին։ Միանգամայն հնարավոր է, որ սա ընդամենը Էրդողանի հերթական սակարկումն է իր արևմտյան գործընկերների և դաշնակիցների հետ։ Բայց գուցեև ոչ, գուցե որոշումն ընդունված է։ Կամ էլ կընդունվի տեսանելի ապագայում։
Իսկ հիմա վերադառնանք Հայաստանին։ Ըստ էության ստացվում է, որ առաջիկայում ՀՀ գրեթե բոլոր հարևանները՝ Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան (հավանականորեն) լինելու են ԲՐԻԿՍ-ի անդամներ։ Դա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ Թուրքիայի օրինակով (Ստանոյի հայտարարության) պարզ է, որ ԵՄ-ին, մեղմ ասած, խիստ նյարդայնացնում է այն փաստը, որ Բրյուսելի դաշնակիցներն ու գործընկերները ձգտում են ԲՐԻԿՍ: Երրորդ կողմից՝ Հայաստանն արդեն վաղուց և բացահայտ ցուցաբերում է զարգացման վեկտորի փոփոխություն դեպի ԵՄ։ Այսպիսով, եթե Երևանը շարունակում է շարժվել դեպի Բրյուսել, ապա շատ շուտով հայտնվում է ԲՐԻԿՍ-ով շրջապատված վիճակում։ Իսկ եթե հետաքրքրություն է ցուցաբերում ԲՐԻԿՍ-ի նկատմամբ, ապա Բրյուսելից բացասական արձագանքները պարզապես անխուսափելի են։ Եթե խոսենք ռազմական տերմիններով, որոնք մերօրյա աշխարհում առավել քան տեղին են նաև տնտեսական գործընթացների համատեքստում, ապա Հայաստանը հենց հիմա ենթարկվում է ԲՐԻԿՍ-ի կաթսայում հայտնվելու վտանգի։ Եվ այդ կաթսայի կափարիչը կարող է շրխկալով փակվել, եթե ԲՐԻԿՍ-ին անդամակցելու որոշում կայացնի նաև Վրաստանը։
Նման զարգացումը միանգամայն հավանական է՝ հաշվի առնելով Վրաստանի ներկայիս իշխանությունների կտրուկ առճակատումն Արևմուտքի հետ։ Ավելին, ԲՐԻԿՍ-ի նկատմամբ Վրաստանի հետաքրքրության մասին է վկայում նաև այն փաստը, որ այս տարվա հունիսին Կազանում ԲՐԻԿՍ-ի խաղերի բացման արարողությանը մարզիկների շքերթին մասնակցում էին Վրաստանի ներկայացուցիչները: Իհարկե, դեռ վաղ է խոսել ԲՐԻԿՍ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին, բայց ակնհայտ է, որ այդ երկրում ընտրություններից հետո և կախված դրանց (ընտրությունների) արդյունքներից՝ նման հեռանկարը բացառել չարժե։
Ուղիղն ասենք, տվյալ հարցում Երևանի ընտրության հնարավորությունը մեծ չէ։ Տարբերակներն ընդամենը երկուսն են: Առաջինը՝ շարունակել ապրել եվրոպական ինտեգրման պատրանքներով և ժամանակի ընթացքում «հակաԲՐԻԿՍ» դառնալ տարածաշրջանում։ Իսկ դա սպառնում է տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ լիակատար մեկուսացմամբ։ Երկրորդ տարբերակը՝ կրկին դեմքով շրջվել դեպի ՌԴ, համապատասխանաբար՝ զարգացնել ինտեգրումը ԲՐԻԿՍ-ի երկրների հետ։ Այս ուղին թույլ կտա, իհարկե, խուսափել մեկուսացումից, բայց միևնույն ժամանակ սպառնում է տնտեսական էքսպանսիայի վտանգի աճով ԲՐԻԿՍ-ի նոր անդամների կողմից՝ ի դեմս Ադրբեջանի և, հնարավոր է, Թուրքիայի։ Պետությունների, որոնք բացառում են փոքրիշատե իրավահավասար գործընկերությունը Հայաստանի հետ։ Սկզբունքորեն խոսքը մի իրավիճակի մասին է, որն անվանում են «երկու կրակի արանքում»։
Հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում ազդարարեց աշխարհին, որ Հայաստանը աշխարհաքաղաքական խաղեր չի խաղալու։ Այդ խաղն ընթանում է զարգացող բազմաբևեռ աշխարհում «արևի տակ տեղի» համար։ Կոշտ, դաժան խաղ, բառացիորեն գոյատևման խաղ: Բայց չխաղալ՝ նշանակում է կորցնել այդ տեղը…